Անսպասելի հայտնվեց և անվիճելի ընդունվեց այն միտքը, թե մեզ զարգացած ռազմարդյունաբերություն է պետք։
Հիմնավորվում էր այսպես․ ուժեղ բանակ ունենալու համար պետք է ուժեղ ռազմարդյունաբերություն։ Եթե այս նախադասության մեջ տրամաբանություն կա, ուրեմն այդ տրամաբանությամբ պետք է վերաբերվել մյուս ոլորտներին։
Քանի որ մեզ պետք է լավ բժշկություն, ուրեմն պետք է սկսել տոմոգրաֆների, սոնոգրաֆների և մնացած բժշկական սարքավորումների արտադրությունը։
Կամ, Երևանում տրանսպորտի վիճակը լավացնելու համար պետք է զարկ տալ ավտոարդյունաբերությանը, ընդ որում՝ ոչ ցածր մերսեդեսի որակից։
Քանի որ մեզ պետք է լավ ավիացիա, ուրեմն պետք է սկսենք օդանավեր արտադրել։
Քանի որ մեզ պետք է լավ կրթական համակարգ, ուրեմն պետք է սկսել մատիտների արտադրություն։
Աշխարհում չկա մի երկիր, որ ունենա այն բոլոր արտադրությունները, ինչի կարիքն ունի։ Երկրները մասնագիտանում են մի քանի ոլորտներում, որոնք ավելի մեծ ազգային հարստություն են ստեղծում և դրանց հաշվին կարողանում են բավարարել մյուս կարիքները։
Իհարկե, ինչքան ավելի բարդ և շատ ոլորտներում է մասնագիտանում երկիրը, այնքան լավ, բայց դրա համար միայն ցանկությունը բավարար չի, պետք է հաշվի նստել օբյեկտիվ իրականության հետ։
Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ բան է մրցունակ ռազմարդյունաբերությունը, և ունե՞նք արդյոք դա ստեղծելու անհրաժեշտ ռեսուրսները։
Տեխնոլոգիաների բուրգը
Ցանկացած արտադրություն օգտագործում է մի շարք տեխնոլոգիաներ՝ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր, գուցե ավելի շատ։ Եթե փորձենք ինչ-որ կերպ դասակարգել եղած բոլոր տեխնոլոգիաները, կստացվի մի հսկայական բուրգ, որտեղ ներքևում կլինեն ամենապարզ տեխնոլոգիաները, իսկ դեպի վեր՝ ավելի և ավելի բարդ տեխնոլոգիաները։ Իսկ բուրգի ամենավերևում ռազմարդյունաբերությունն է։ Պատկերացրեք Քեոփսի բուրգը, որտեղ գագաթի մի զգալի մասը ռազմարդյունաբերությունն է, որը հիմնված է ներքևի գործնականում բոլոր տեխնոլոգիաների վրա, ներառում է մյուս տեխնոլոգիաների ամենակատարյալ լուծումները և իր հերթին սնում է նրանց։
Մեզ մոտ համոզմունք է ծագել, թե չունենալով որևէ կայացած տեխնոլոգիական ոլորտ, կարող ենք միանգամից ռազմարդյունաբերություն ստեղծել։
Կարիք կա, որ մենք հստակ պատկերացնենք, թե ինչ զարգացած տեխնոլոգիաներ ունենք։ Ասում են, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, է՞լ ինչ։
Կրթության և գիտությունների բուրգը
Հասկանալի է, որ բարդ տեխնոլոգիաներ ստեղծելու համար համապատասխան մասնագետներ են պետք։ Ինչպե՞ս է մասնագետների հարցը լուծում, օրինակ՝ ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն համալսարանները։ Սակայն ԱՄՆ-ի 300 մլն բնակչությունը չի տալիս բավարար քանակությամբ օժտված երեխաներ, որոնցից կարելի է պատրաստել անհրաժեշտ քանակությամբ բարձրակարգ մասնագետներ։ Բնական լուծումը հետևյալն է․ ԱՄՆ-ն և մյուս զարգացած երկրները օժտված երեխաներ են ընտրում ամբողջ աշխարհից։
Հիմա պատկերացնենք կրթության բուրգը, որտեղ հիմքում աշխարհի 7 միլիարդ բնակչությունն է, և օժտված երեխաների ու ուսանողների ընտրությունը կատարվում է այդ 7 միլիարդից։ Ընտրության համար օգտագործվում են բազմազան միջոցներ, օրինակ միջազգային դպրոցական օլիմպիադաները, միջազգային դպրոցական համակարգերը, որոնց օրինակներից է Դիլիջանի միջազգային դպրոցը, Ամերիկյան դպրոցներում և համալսարաններում սովորելու համար հատուկ դրամաշնորհները և այլն։
Աշխարհի այս ահռելի կրթական բուրգի մեջ, որի հիմքում 7 միլիարդ մարդկությունն է, իսկ վերևում ամերիկյան և մի քանի արևմտյան երկրների համալսարանները և գիտական հաստատություններն են, Հայաստանն իր 3 միլիոն ծերացած բնակչությամբ և լիովին քայքայված կրթական համակարգով շատ փոքր է և գտնվում է շատ ներքևում, գուցե, միայն մի քանի աֆրիկյան երկրներից վերև։ Ընդ որում, մեր օժտված երեխաներն էլ, վերը նկարագրված միջոցներով, գումարած «Լույս» հիմնադրամը, արդեն վաղուց արտերկրում են։
Լավ կլիներ մի անգամ հաշվետվություն տեսնեինք, թե «Լույս» հիմնադրամը քանի մարդ է ուղարկել դուրս սովորելու և նրանցից քանիսն են վերադարձել։
Փաստորեն մասնագետների բուրգից մենք ունենք մի բուռ ծրագրավորողներ միայն։ Հայաստանի ծրագրավորողների հիմնական պոտենցիալը աշխատում է մի 20-25 կազմակերպություններում, որոնց ցանկը կարելի է ստանալ խոշոր հարկատուների մասին ՊԵԿ կայքից։ Ընդ որում, այդ բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են պատվերներով, մասնագետների կարիք ունեն և հազիվ իրենց գործն են հասցնում անել։
Ռազմարդյունաբերություն ստեղծելու այս աղմուկը բարձրացրել են մի խումբ կազմակերպություններ, որոնց ո՛չ անունն է հայտնի, ո՛չ նրանց կատարած աշխատանքները։ Այդ կազմակերպությունները պնդում են, որ ստեղծելու են ամենաժամանակակից տեխնոլոգիաներ և արտահանելու են ուր ասես։ Նրանք կարողացան ստանալ իրենց նախարարությունը՝ ԲՏԱ, պահանջում և ստանում են պետական պատվերներ և հարկային արտոնություններ։
Հայկական Ծրագրեր ընկերության մոտեցումը բոլորովին այլ է։
Մենք կառավարությունից պահանջում ենք չխանգարել մեզ աշխատել։ Պարտավորվում ենք վճարել բոլոր հարկերը, ինչն անում ենք արդեն 33 տարի։ Եւ պահանջում ենք, որ մեր մուծած հարկերով մեր բանակի համար գնվի աշխարհի ամենաբարձրակարգ զենքը։ Կարծում եմ, այդպիսին է մյուս խոշոր ՏՏ կազմակերպությունների մոտեցումը։
Ժամանակակից տեխնոլոգիաներին և Հայաստանի կրթությանը ծանոթ ցանկացած մասնագետ կհաստատի այս տեսակետը։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես հասանք ամենաժամանակակից ռազմական արդյունաբերություն ստեղծելու զարմանալի մտքին։
ԲՏԱ նախարարությունը փաստացի երկրորդ տեխնոլոգիական նախարարությունն է։ Առաջինը Ձեռնարկությունների Ինկուբատորն է իր 80 աշխատակիցներով և մի նախարարության չափ բյուջեով։ Հիմա պլանավորում են ստեղծել երրորդը՝ վենչուրային հիմնադրամ անվամբ 100 մլն դոլար ֆինանսներով։
Հենց հիմա ընթացքի մեջ է ևս մի անհեթեթ ծրագիր։
Ջրվեժում ստեղծում են Ինժեներական քաղաք, որի համար կառավարությունը պատրաստ է ծախսել 10․5 մլն դոլար։
Սա այն դեպքում, երբ Աջափնյակում կա «IT Park» կենտրոնը (նախկին Ալգորիթմ ինստիտուտի շենքում)։ IT Park-ը ունի 13,000 քմ տարածք, որից 8,500 քմ-ը արդեն վերանորոգված և զբաղեցված է։ IT Park-ում այժմ գործում են 77 կազմակերպություններ։ Մնացած 4,500 քմ տարածքը ազատ է, վարձակալներ չկան։ Ես այս մասին գիտեմ, որովհետև IT Park-ի տնօրինությունը մեզ էլ էր դիմել վարձակալելու առաջարկով, ի դեպ պայմանները շատ լավն են։
Պատկերացրեք IT Park-ի տեղը՝ մետրոյի նոր կայարանից մի 150 մետր հեռավորության վրա։ Եւ այս հոյակապ կենտրոնի համար պետությունը ծախս չի արել, ընդհակառակը, փող է աշխատել՝ ավերակ շենքը սեփականաշնորհելով։
Այս բոլոր սխալ քայլերի հիմքը դրվել է այն ժամանակ, երբ կառավարությունը որոշեց, թե ի՛նքը պե՛տք է որոշի ինչ որ գերակա ուղղություններ, կարո՛ղ է և պե՛տք է զարգացնի այդ ուղղությունները։ Սրանից հետո արդեն անխուսափելի էր այն անհեթեթությունների շքերթը, որին մենք ականատես ենք` Ձեռնարկությունների ինկուբատոր, հարկային արտոնություններ, դրամաշնորհներ, աշխարհով մեկ ուղևորություններ, ԲՏԱ նախարարություն, Ինժեներական քաղաք, Ռազմարդյունաբերություն, Տիեզերական հետազոտություններ, Պետական վենչուրային հիմնադրամ ․ ․ ․ ։
Գերակա ուղղություններ որոշելու և ծաղկեցնելու այս արատավոր պրակտիկան հորինել են նախորդ կառավարությունները 2001թ.։ Հույս ունեինք, թե նոր կառավարությունը անմիջապես կվերացնի այս մոտեցումը, սակայն հակառակը ստացվեց։
Տեխնոլոգիաների ոլորտում պետության դերը պետք է սահմանափակվի միայն կրթությունը ֆինանսավորելով։ Մյուս բոլոր քայլերը ի վնաս են աշխատում։ Ամեն մի դրամը պետք է ուղղվի կրթությանը։ Ուրիշ բանի կարիք մենք չունենք։
Ափսոս է ժամանակը։
Աշոտ Խաչատրյան,
Հայկական Ծրագրեր Ընկերության նախագահ։
Այս թեմայով՝