2020 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտան Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Այդ փոփոխություններից ամենաառանցքայինը եկամտային հարկի՝ եռաստիճան հարկման համակարգից համահարթ հարկման համակարգին անցումն էր։ Փոփոխության արդյունքում հունվարի 1-ից բոլոր վարձու աշխատողները եկամտային հարկ կվճարեն 23 տոկոս դրույքաչափով։ Մինչ այդ գործող եկամտային հարկի եռաստիճան հարկման համակարգի դեպքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 23 տոկոս եկամտային հարկ, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները՝ 36 տոկոս: Այսինքն՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 2020 թ․ դրույքաչափի փոփոխություն չի լինում։ Նրանք կազմում են վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսը։ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները կազմում են վարձու աշխատողների 34.7 %-ը, իսկ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստանում է մնացած 0.3%-ը։ Այսինքն՝ եկամտային հարկի բեռը 2020 թվականին նվազում է վարձու աշխատողների 35%-ի համար, ինչը նշանակում է, որ ավելանում է նրանց տնօրինվող եկամուտը։
Օրինակ՝ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողի դեպքում եկամտային հարկը կկազմի 46 հազար դրամ՝ նախկին 48 500 դրամի փոխարեն, աշխատողի տնօրինելի եկամուտը կավելանա 2500 դրամով։ 500 հազար դրամ ստացողի դեպքում 2020 թ․ տնօրինվող եկամտի ավելացումը կկազմի 17 500 դրամ, 1 մլն աշխատավարձի դեպքում՝ 42 500 դրամ, 2 մլն 100 հազարի դեպքում՝ 105 500 դրամ (աղյուսակ 1)։
Աղյուսակ 1․ Եկամտային հարկի մեծությունը եռաստիճան և համահարթ հարկման համակարգերի դեպքում
Պարզ է, որ եկամտային հարկի համահարթեցումից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները, հատկապես՝ վարձու աշխատողների 0,3 տոկոսը, ովքեր ստանում են 2 մլն-ից ավել աշխատավարձ։
Սակայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն 2020 թ․ հուլիսի 1-ից տեղի է ունենալու սոցիալական վճարի հաշվարկման կարգի փոփոխություն, որի հետևանքով 500 հազ․ դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարի չափը զգալի ավելանում է (աղյուսակ 1)։
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ եկամտային հարկի դրույքաչափը յուրաքանչյուր հաջորդ տարի 1 տոկոսով նվազելու է՝ հասնելով մինչև 20 տոկոս 2023 թվականին։ Սակայն դրույքաչափի այս նվազումը չի ազդի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից և մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամտի վրա, քանի որ 2021թ․ սկսած եկամտային հարկի դրույքաչափի նվազմանը զուգահեռ 1 տոկոսով ավելանալու է սոցիալական վճարի (պարտադիր կուտակային կենսաթոշակի) դրույքաչափը (գծապատկեր 1)։
Գծապատկեր 1․ 140 հազ․ դրամ աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտն ու աշխատավարձից պահումները
Ինչպես երևում է գծապատկերից, եկամտային հարկի նվազման և սոցիալական վճարի ավելացման արդյունքում մինչև 2023 թ․ 150 հազ․ դրամից ցածր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտը չի փոխվում։ Նրանց տնօրինվող եկամուտը չնչին ավելանում է միայն 2023 թվականին, երբ եկամտային հարկի դրույքաչափի 1 տոկոս նվազեցման դիմաց սոցիալական վճարի չափը անձի համար բարձրանում է 0,5 տոկոսով։ Այս դեպքում, օրինակ՝ 140 հազ․ դրամ աշխատավարձ ստացողի տնօրինվող եկամուտը 2022 թ․ համեմատ 2023 թվականին կավելանա ընդամենը 700 դրամով, իսկ 150 հազ․ ստացողինը՝ 750 դրամով (աղյուսակ 2)։
Աղյուսակ 2․ Եկամտային հարկի մեծությունը 2021-2023 թթ․
Աղյուսակից երևում է, որ 2021 և 2022 թթ․ սոցիալական վճարի դրույքաչափի բարձրացման հետևանքով եկամտային հարկի դրույքաչափի նվազումը չի ազդի նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, 150 հազ․ մինչև 500 հազ․ դրամ աշխատավարձ ստացող աշխատողների տնօրինվող եկամտի վրա։
2020 թվականից եկամտային հարկի համահարթ հարկման համակարգին անցման և սոցիալական վճարի դրույքաչափի սպասվող փոփոխությունների արդյունքում մինչև 2023 թ․ 500 հազ․ դրամից ցածր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտը չի ավելանա, եթե իհարկե չփոխվեն նրանց անվանական աշխատավարձերը։ Իսկ անվանական աշխատավարձերի զգալի ավելացում քիչ հավանական է, քանի որ 2016-2018 թթ․ միջին ամսական անվանական աշխատավարձի աճը եղել է 1,6 – 4 տոկոս միջակայքում։ 2019 թ․ հունվար-նոյեմբերի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,9 տոկոսով, ընդ որում՝ պետական հատվածում 8,3 տոկոսով, մասնավորում՝ 4,0 տոկոսով։
Եկամտային հարկի համահարթեցման տնտեսական ազդեցության մասին՝