2018 թ. վերջին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի ընդունման արդյունքում, ըստ նախագծի հեղինակների, ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ: Նախագծով առաջարկվող փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը, ինչը հանրության շրջանում լայն քննարկումների և տարակարծությունների առիթ դարձավ: Հաշվի առնելով այդ փոփոխության շուրջ ծագած տարատեսակ վերլուծություններն ու հակասական տեսակետները` կփորձենք ուսումնասիրել և պարզաբանել առկա հիմնախնդիրները, որոնք կքննարկենք նաև մեր հետագա աշխատանքներում:
Եկամտային հարկի համահարթեցումը և տնտեսական աճը
Համահարթ եկամտային հարկի կողմնակիցները ներկայացնում են դրա արդյունավետությունը հիմնավորող հետևյալ փաստարկները․
1. համահարթեցումը նվազեցնում է հարկային համակարգի բարդությունը և դրանով պայմանավորված վարչական ծախսերը,
2. ավելի ցածր դրույքաչափերի և ավելի պարզ կանոնների շնորհիվ խթաններ են ստեղծվում որպեսզի հարկ վճարողների կողմից ներկայացվող եկամտի մակարդակները լինեն ավելի ճշգրիտ,
3. նվազեցնում է հարկի սահմանային բեռը՝ նպաստելով ներդրումների և խնայողությունների ավելացմանը,
4. խթանում է աշխատուժի առաջարկը։
Ընդհանուր առմամբ ՀՀ-ում այս փոփոխության ընդդիմախոսներն առաջ են քաշում երկու հիմնախնդիր, որոնցից առաջինը սոցիալականն է, իսկ մյուսը` տնտեսականը, ընդ որում վերջինիս մասին խոսելիս ավելի շատ շեշտադրվում է համահարթեցման արդյունքում բյուջեի հարկային եկամուտների կորստի ռիսկը:
Հաշվի առնելով ՀՀ տնտեսության առանձնահատկությունները` դիտարկենք համահարթեցման վերաբերյալ դեմ և կողմ կարծիքները, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց մասին երկու կողմերն ունեցել են հակասական հիմնավորումներ.
1. Սոցիալական «արդարություն և հավասարություն»
Միջազգային գրականության որոշ աղբյուրներում համահարթ եկամտային հարկը համարվում է պրոգրեսիվ հարկային համակարգի ձև, այն առումով, որ ավելի բարձր ստացողն ավելի շատ է հարկ վճարում, քան ավելի ցածր ստացողը։ 23 տոկոս եկամտահարկի դեպքում, եթե աշխատողն ստանում է 100,000 դրամ ապա, նրա եկամտային հարկը կկազմի 23,000 դրամ, մինչդեռ 1,000,000 դրամ ստացողինը` նույն դրույքաչափի պայմաններում կկազմի 230,000 դրամ: Վճարելով այսքան տարբեր չափով հարկ` նրանք հավասարապես են օգտվում նույն հասարակական բարիքից (բուժօգնություն, կրթություն, ճանապարհներ, լուսավորություն, մաքրություն, երկրի անվտանգություն և այլն)։ Համահարթ եկամտային հարկի ընդդիմախոսները պնդում են, որ վճարված հարկերի այս տարբերությունը քիչ է և ավելի արդար կլինի էլ ավելի շատ գումար գանձել բարձր աշխատավարձ ստացողներից։ Սա արդեն նմանվում է պատժի՝ լավ աշխատանքի համար։
Ավելին` չկա որևէ հաշվարկ կամ հիմնավորվում պրոգրեսիվ համակարգի դրույքաչափերի արդյունավետության վերաբերյալ: Այսինքն այն, որ 2 միլիոն դրամից ավել եկամուտ ստացողը պետք է հայտնվի 36 տոկոսի սանդղակում, որոշել է ինչ-որ մեկը (կառավարության կողմից ընդունված ցանկացած որոշման հիմքում ընկած է անհատի որոշումը), ինչը խիստ սուբյեկտիվ մոտեցում է:
Տեսակետը, որ եկամտային հարկի համահարթեցումը հանգեցնելու է բնակչության եկամուտների անհավասարության Ջինիի ինդեքսի աճին, միայն կարճաժամկետ գնահատականներ են, քանի որ 150,000 դրամից բարձր եկամուտ ունեցող անձինք համահարթեցման արդյունքում ավելացած գումարը կամ ներդնելու են, կամ սպառելու, ինչն էլ արագացուցչի (աքսելերատորի) էֆեկտով երկարաժամկետում հանգեցնելու է ավելի ցածր եկամուտներ ստացողների բարեկեցության բարելավմանը: Այսինքն այս հարաբերությունները կարող են ավելի արդյունավետ ինքնակազմակերպվել` առանց պետական ակտիվ միջամտության և վերջապես աշխարհի ոչ մի երկրում եկամուտների վերաբաշխումը չի տարել բարգավաճման, դրան կարելի է հասնել միայն բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմամբ, կրթական ոլորտի բարեփոխմամբ և բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմամբ:
2. Տնտեսական աճի նախադրյալները
ՀՀ-ում բավականին բարձր է «ուղեղների արտահոսքը», քանի որ մեր երկրում բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձը մրցունակ չէ, իսկ նրանց աշխատանքի առաջարկը բավական զգայուն է աշխատավարձի նկատմամբ: Այս առումով եկամտային հարկի համահարթեցումը կհանգեցնի ոլորտում դրական տեղաշարժերի: Եկամտային հարկի իջեցման արդյունքում նաև նպաստավոր պայմաններ կստեղծվեն գործատուների համար` ներգրավելու առավել արտադրողական աշխատուժ: Բացի այդ համահարթեցումը մարդկանց ավելի կշահագրգռի իրենց գիտելիքները խորացնելու, մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ավելի շատ աշխատելու և վերջապես ավելի բարձր վաստակելու համար: Արդյունքում համահարթ եկամտային հարկը կտանի գիտելիքահենք տնտեսության կառուցմանը:
Ինչ վերաբերում է բյուջեի հարկային եկամուտների կորստին, ապա ըստ նախագծի հեղինակների, հաշվի առնելով հարկաբյուջետային կայունության ապահովման խնդիրը` այն փոխհատուցվելու է ակցիզային հարկի բարձրացմամբ: Շատ ընդդիմախոսներ կարծում են, որ այս ամենի արդյունքում հարկային բեռը տեղափոխվում է մինչև 150,000 դրամ եկամուտ ստացողների վրա, քանի որ համահարթեցման արդյունքում նրանց եկամուտնեըը մնում են անփոփոխ, փոխարենը, ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների գների բարձրացմամբ պայմանավորված` ընկնում է նրանց գնողունակությունը: Նման մտահոգությունն, իհարկե, ունի հիմքեր: Կարծում ենք բյուջեյի հարկային եկամուտների կորուստը կարելի է լրացնել` շեշտը դնելով ոչ թե ակցիզային հարկի բարձրացման, այլ այնպիսի ուղղակի հարկերի վրա, ինչպիսիք են գույքահարկը և շքեղության հարկը: Ընդդիմախոսների հիմնական փաստարկը համահարթեցման արդյունքում բնակչության եկամուտների անհավասարության խորացումն է, և դրա լուծումը նրանք տեսնում են` հայտարարագրված բարձր եկամուտների նկատմամբ բարձր դրույքաչափ սահմանելով: Սակայն խնդիրը նրանում է, որ մեր իրականությունում հարուստներն ու աղքատները չեն որոշվում իրենց հայտարարագրված եկամտի մակարդակներով: Հարուստների եկամուտները հիմնականում ստացվում է անօրինական ճանապարհներով, այդ իսկ պատճառով նրանց ունեցվածքը հայտարարագրելիս ականատես ենք լինում պարադոքսի: Այսինքն ստացվում է պրոգրեսիվ հարկումն ուղղված է օրինական ճանապարհով, իրենց մասնագիտական բարձր որակավորման շնորհիվ բարձր եկամուտ ստացողների միջոցով սոցիալական անհավասարության, ինչպես նաև բյուջեի եկամուտների կորստի հիմնախնդիրների լուծմանը: Արդյունքում օրենքը գործում է ի վնաս բնակչության միջին խավի:
Սոցիալական անհավասարության, ինչպես նաև համահարթեցման արդյունքում բյուջեի եկամուտների կորստի հիմնախնդիրները պետք է լուծել ոչ թե պրոգրեսիվ եկամտային հարկի, այլ խիստ պրոգրեսիվ գույքահարկի և շքեղության հարկի սահմանմամբ:
3. Օրենսդրական համակարգի հիմնախնդիրները
Օրենսդրական համակարգը մշակելիս պետք է նվազագույնի հասցնել այն շրջանցելու հնարավոր ռիսկերը: Գործող հարկային օրենսդրության մեջ պրոգրեսիվ եկամտային համակարգի շեմերը շահութահարկի և շահաբաժինների հարկի շեմից բարձր սահմանելով` գործատուին դրդում են, որպեսզի նա անվանական աշխատավարձը պայմանագրով սահմանի նվազագույնին մոտ, իսկ մնացած մասն առձեռն վճարի աշխատողին իր շահույթից` ստեղծելով ստվերային դաշտ: Անվիճելի է այն փաստը, որ եկամտային հարկի համահարթեցումը և այն շահույթի և շահաբաժինների հարկերի մակարդակին իջեցնելը կկրճատի ստվերը: Միևնույն ժամանակ գործատուների մոտ կվերանա աշխատավարձը արհեստականորեն ցածր սահմանելով` պրոգրեսիվ համակարգի ցածր շեմում հայտնվելու հակվածությունը: Օրինակ երբ աշխատավարձը կազմում է 3,000,000 դրամ, ապա գործող օրենսդրության պայմաններում գործատուն առաջարկում է աշխատողին գրանցել նաև նրա ազգականներից որևէ մեկին ևս, որպեսզի յուրաքանչյուրի մասով գրանցվի 1,500,000 դրամ` այսպիսով 36 տոկոս շեմից հայտնվելով 28 տոկոսի շեմում:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այս փոփոխությունը, մասնավորապես հարկային համակարգի վարչարարության պարզեցումը և արտադրողական աշխատուժի առկայությունը միայն կնպաստեն դրանց ներգրավմանը` ստեղծելով բարենպաստ ներդրումային միջավայր: Այս տեսակետի վերաբերյալ անհրաժեշտ են առավել հանգամանալից քննարկումներ, ինչը մենք պլանավորում ենք անել մոտակայում:
Այսպիսով` գործող հարկային օրենսգիրքը, մեր երկրի բարգավաճման և ընդունվող որոշումների արդյունավետության բարձրացման տեսանկյունից, փոփոխությունների անհրաժեշտություն ունի։
Կարևոր և օգտակար ենք համարում նման հիմնախնդիրների շուրջ քննարկումների կազմակերպումն ու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: