Նախորդ հոդվածում («Ինֆլյացիա կամ թաքնված հարկ») մենք ներկայացրել ենք այն մեխանիզմները, որոնց միջոցով կառավարությունը կարող է ինֆլյացիա առաջացնել: Այս հոդվածում կնկարագրենք կառավարությունների կողմից իրականացվող այնպիսի ծրագրեր, որոնք վերջնական արդյունքում հանգեցնում են պետական պարտքի ավելացմանը, որի ֆինանսավորումն էլ հետագայում բերում է ինֆլյացիայի։
Բարեկեցության ծրագրեր։ Բարեկեցության ծրագրերը, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը, գործազրկության նպաստները և բժշկական օգնությունը, արդեն վաղուց արդյունավետ չեն կիրառվում։ Աշխարհում չկա ոչ մի երկիր, որն ունի բավական միջոցներ իր պարտավորությունները մարելու համար։ Այդ սխեմաները իրագործելու համար կառավարությունը ուղղակի փոխառություն է վերցնում կարճաժամկետ հատվածում, իսկ երկարաժամկետ հատվածում մարում է այն․ դրա դիմաց վճարում է ավելի շատ փողեր ստեղծելու միջոցով։ Հաշվի առնելով, որ բարեկեցության ծրագրերը զարգացած երկրների գերակշռող մեծամասնությունում ունեն հսկայական բյուջեներ, հեշտ է հասկանալ՝ ինչու դրանք կարող են դառնալ ինֆլյացիայի պատճառ մոտ ապագայում։
Ցածր արտադրողական աշխատատեղեր։ Ցածր արտադրողականությամբ աշխատատեղերը, ինչպես և բարեկեցության ծրագրերը, սպառում են պետական ռեսուրսները։ Այդպիսի երկրներում, ինչպիսին է Հունաստանը, աշխատունակ բնակչության կեսը զբաղված է պետական ոլորտում, և այդ աշխատանքներից մեծ մասը ոչ արդյունավետ է։ Այդ աշխատատեղերի գոյության պատճառը այն էր, որ նախընտրական օրերին ներկա իշխանությունները խոստացել էին ստեղծել դրանք քվեների դիմաց։ Քանի որ աշխատողներն էլ իրենց հերթին արժեք չեն ստեղծում և ստանում են աշխատավարձ, վաղ թե ուշ դա բերելու է պարտքի զանգվածային ավելացմանը, իսկ պետական ֆինանսավորման միջոցով դրա զսպումը կնպաստի ինֆլյացիային։
«Փրկելու» ծրագրեր։ «Փրկելու» ծրագրերն այդքան տարածված երևույթներ չեն։ Դրանք հայտնվեցին ուշադրության կենտրոնում, երբ ԱՄՆ կառավարությունը 2008-2009թթ․ ճգնաժամի ընթացքում 700 մլրդ դոլար տրամադրեց բանկիրներին և այլ ընկերություններին՝ իրենց բիզնեսները պաշտպանելու համար։ Այդ փողերը կառավարության կողմից տրվեցին որպես փոխառություն և պետք է վերադարձվեին։
Կարող է թվալ, թե ԱՄՆ կառավարությունն ուներ ավելցուկային դրամական միջոցների պաշարներ և դրանցից 700 մլրդ դոլար հատկացրել էր այդ կորպորացիաներին։ Իրականում, դա այդպես չէ, քանի որ այդ ժամանակահատվածում ԱՄՆ բյուջեն դեֆիցիտային էր, հետևաբար այդ միջոցները հատկացվել էին պետական պարտքի ավելացման հաշվին։ Այսպիսով, այն բոլոր փողերը, որոնք վճարվել են կորպորացիաներին, էլ ավելի են մեծացնում բյուջետային դեֆիցիտը, ինչի ֆինանսավորումը կբերի ինֆլյացիայի։
Ենթակառուցվածքային նախագծեր։ Շատ երկրներում, փոխառություն վերցնելու չարաշահումները արդարացվում են ենթակառուցվածքային նախագծերով։ Կրկին դիտարկենք Հունաստանի օրինակը։ Մայրաքաղաք Աթենքում կառուցված մետրոյի երկաթգիծը եղել է տնտեսականորեն ոչ կենսունակ ենթակառուցվածքային նախագիծ։ Սակայն փողերն ամեն դեպքում փոխառություն վերցվեցին և ներդրվեցին նախագծում։ Մի քանի տարի անց իր ստացած եկամուտների հաշվին նախագիծը չկարողացավ մարել պարտքը։ Դա բերեց պարտքերի կուտակմանը, որոնք մասնագետների կարծիքով մարվելու են ինֆլյացիայի միջոցով։ Պարտքի ֆինանսավորման երկարատևությունը կայանում է նրանում, որ Հունաստանը չունի լրիվ վերահսկողություն եվրոյի թողարկման քաղաքականության նկատմամբ։
Ազգային միջոցառումներ։ Եվ վերջապես միջազգային միջոցառումները, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը, Աշխարհի առաջնությունները, տնտեսություններում բերում են զանգվածային գերածախսերի։ Հաճախ երկրները պարտքով վերցնում են մեծ գումարներ սպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման համար, ինչը սակայն կարող է երկրի զարգացման համար ոչ առաջանային լինել։ Հպարտության, ինչպես նաև տուրիզմի զարգացման համար մեծ գումարներ են ծախսվում առանց հաշվի առնելու՝ ինչպես են առաջացած պարտքերը մարվելու։
Վերը նշված ծրագրերը ցույց են տալիս այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով երկրների մեծ մասում ավելանում է պետական պարտքը, որի ֆինանսավորումն էլ իր հերթին բերում է ինֆլյացիայի։ Կատարյալ պայմաններում հանրությունը պետք է զգուշությամբ վերաբերվի կառավարության կողմից հայտարարված նմանատիպ ծրագրերին։ Սակայն իրականում մեծամասամբ այդ ծրագրերը ողջունվում են հասարակության կողմից՝ չնայած այն փաստին, որ դրանցից որոշներն արդյունքում հանգեցնում են ինֆլյացիայի։