ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի գնահատմամբ՝ 2018 թվականն առանձնացել է քաղաքական դաշտում տեղի ունեցած խորքային եւ շրջադարձային փոփոխություններով, սակայն հաջողվել է պահպանել մակրոտնտեսական, հարկաբյուջետային եւ ֆինանսական համակարգի կայունությունը, նախատեսված ծրագրերն իրականացվել են ակնկալված ծավալով:
Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 447 մլրդ դրամ, պակասուրդը եղել է 105 մլրդ դրամ:
2018 թվականին գրանցվել է 5,2 % տնտեսական աճ, կանխատեսվել էր 4,5%: Համեմատության համար նշվել է, որ համաշխարհային տնտեսությունում աճը կազմել է 3,6 %, ԵՄ երկրներում միջինը՝ 2,1 %, ԵԱՏՄ երկրներում՝ 2,5%:
Հայաստանում տնտեսական աճին նպաստել են ծառայությունների ոլորտը՝ 4,8 %, արդյունաբերությունը՝ 0,7 %, շինարարությունը՝ 0,1 %: Ֆինանսների նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսությունը դեռեւս չի հասել ճյուղային այնպիսի մակարդակի, որը կարող է բավարար համարվել: 2018-ին տնտեսության ճյուղային կառուցվածքը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի կրել, ըստ նրա՝ այստեղ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորել:
Գնաճը կազմել է 2,5 %, որը եղել է կանխատեսվածի միջակայքում, գործազրկությունը նվազել է 1,5 %, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 4 %:
Բանախոսը նկատել է, որ հաշվետու տարում շարունակվել է պետական եւ մասնավոր հատվածների աշխատավարձերի միջեւ առկա խզումը:
Տարեվերջին պետության պարտքը կազմել է 6 մլրդ 923 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել է 4 մլրդ 983 մլն, իսկ ներքինը՝ 1 մլրդ 390 մլն դոլար: Նշվել է, որ պետական պարտքը 2017 թվականի համեմատ որոշ չափով նվազել է: Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ Հայստանը դասվում է պետական պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքում:
Ամփոփելով զեկույցը՝ Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ հաշվետու տարում արձանագրվել են առարկայական ձեռքբերումներ, որոնք փաստում են գրանցված ցուցանիշներն ու կայուն միջավայրը:
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ կառույցի եզրակացությունը: Ըստ նրա՝ 2018 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է նոր ներդրված կանոնների պահպանման սկզբունքով՝ հիմնական շեշտը դնելով պետական պարտքի կայունացման վրա: Արդյունքում՝ ապահովվել է գործող կանոնին համահունչ պարտքի կրճատում: Զեկուցողը նշել է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն վարել է նախատեսվածից ավելի խթանող դրամավարկային քաղաքականություն՝ պահպանելով տոկոսադրույքի ցածր մակարդակ: 2018 թվականի տնտեսասկան աճի ձեւավորմանը մեծապես նպաստել է մասնավոր ծախսումների բարձր աճը՝ կազմելով 10.3 տոկոս:
Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2018 թվականի պակասուրդի ու ստվերային տնտեսության կրճատումը եւ ծախսային քաղաքականության բարեփոխումները դրական են արտահայտվել պարտքի եւ մակրոտնտեսական կայունության ապահովման, ինչպես նաեւ տնտեսական միջավայրի բարելավման ու կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման համար: Ըստ ԿԲ ներկայացուցչի՝ կայուն տնտեսական աճի համար նաեւ շատ կարեւոր է ապահովել տնտեսությանն անհրաժեշտ արդյունավետ պետական կապիտալ ներդրումներ՝ պահպանելով հարկաբյուջետային կանոններով ամրագրված պետական պարտքի կայունություն:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն արձանագրել է, որ հեղափոխական գործընթացներն ազդեցություն են ունեցել բյուջեի կատարողականի վրա: Հանձնաժողովի նախագահը ուշադրության է հրավիրել կապիտալ ծախսումների թերակատարումների փաստը: Պատգամավորի խոսքով՝ իրենք հետեւողական են լինելու այս հարցում: Մանե Թանդիլյանի համար անընդունելի են կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տեմպերը: Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ ֆինանսների նախարարության որդեգրած պահպանողական քաղաքականությունը չի կարող իրականացնել կառավարության՝ հեղափոխական տեմպերով տնտեսական աճի տեսլականը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տնտեսական աճի տեմպերին անդրադարձել է տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների համատեքստում: Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին հնչող տեսակետներին՝ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ գործադիրը պետք է ավելի համարձակ փոփոխություններ ու ծրագրեր իրականացնի: Դրական փոփոխությունների հարցում Բաբկեն Թունյանը հիշատակել է գների կայուն մակարդակը, ֆինանսական կայունությունը, պետական պարտքի մակարդակի նվազումը ՀՆԱ-ի նկատմամբ: Բյուջետային չափորոշիչների հստակեցման, իրականացվող աշխատանքների արդյունավետության գնահատման հարցում պատգամավորը կարեւորել է կառավարության եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների համատեղ աշխատանքը: