(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Մասնավոր սեփականությունը, անհատական նախաձեռնությունը, շահույթի հույսը եւ նոր նվաճումների ակնկալիքը միշտ եղել են մարդկության առաջընթացի հիմնական պատասխանատուները։ Շարունակական զարգացումը՝ լինի հոգեւոր, մտավոր թե նյութական, ուղղակիորեն հիմնվում է ընտրություն ունենալու եւ գործողությունների անձնական ազատության գաղափարի ավելի կատարյալ ըմբռնման վրա եւ ուղեկցվում սեփական քայլերի համար անհատական պատասխանատվությամբ։
Այս միտքն ավելի պատկերավոր ուրվագծելու համար ենթադրենք մի պահ, իբր դուք ապրել եք 1900 թվականին, եւ ձեզ հանձնարարված է եղել առաջիկա 54 տարիների ընթացքում լուծում գտնել հետեւյալ խնդիրներից որեւէ մեկին՝
1. Կառուցել արդիական ճանապարհներ, որոնք կհամապատասխանեն փոխադրամիջոցների օգտագործման պահանջներին, դրանց վարորդներին եւ ուղեւորներին, եւ ըստ պատշաճի սպասարկել դրանք,
2. Ավելացնել կյանքի միջին տեւողությունը 30 տարով,
3. Որեւէ վայրում հնչող ձայնը վայրկենապես հաղորդել կամայական այլ վայր(եր) աշխարհով մեկ,
4. Որեւէ իրադարձության (օրինակ՝ նախագահի երդմնակալության) տեսապատկերի պատճենը վայրկենապես հաղորդել Ամերիկայով մեկ ապրող մարդկանց հյուրասենյակներ,
5. Մշակել բժշկական կանխարգելիչ միջոցներ թոքաբորբից մահացության դեմ,
6. Չորս ժամից պակաս ժամանակահատվածում մարդուն Լոս-Անջելեսից ֆիզիկապես տեղափոխել Նյու Յորք,
7. Ստեղծել ձիազուրկ կառք, որն ունենա ավտոմեքենաշինական որեւէ ընկերության 1954 թվականի գովազդային գրքույկում նկարագրված հատկանիշներն ու հնարավորությունները։
Առանց երկար վարանելու, դուք երեւի թե կընտրեիք առաջին հիմնախնդիրը՝ իբրեւ ամենահեշտ լուծելին։ Իսկ մնացյալը ձեզ իրականում կթվային ֆանտաստիկ բաներ, եւ դուք հավանաբար կմերժեիք դրանք՝ որակելով որպես ոմն երազողի բուռն երեւակայության արգասիք։
Այժմ՝ 54 տարի անց, եկեք տեսնենք, թե նշված խնդիրներից ո՛րն է լուծում ստացել։ Ամենադյուրի՞նը։ Ո՛չ։ Ամենաբարդերն ու անհավանականնե՞րը։ Այո՛, եւ զարմանալին այն է, որ մենք գրեթե երբեք չենք քննարկում սա։
Բոլորովին պատահական չէ, որ լուծումներ գտնվել են բոլոր այն դեպքերում, երբ ազատության ու մասնավոր ունեցվածքի մթնոլորտը գերակայող է եղել, եւ ուր մարդիկ հնարավորություն են ունեցել փորձարկելու իրենց գաղափարները եւ հաջողելու կամ տապալվելու՝ ըստ իրենց արժանիքների։ Պատահական չէ նաեւ, որ պետական հարկադրանքը տրանսպորտի պես ստեղծագործ ասպարեզին միանալիս գործել է դանդաղ, ծանրաքարշ եւ երեւակայությունից իսպառ զուրկ կերպով, երբ հարցը վերաբերել է դրա համար նախատեսված ծառայությունների պահպանությանն եւ փոխարինմանը։
Ձեզ զարմանալի չի՞ թվում, որ ավտոմեքենաշինական մասնավոր ընկերությունը նպատակահարմար է գտել հովանավորել համապետական մի մրցույթ՝ հսկայական մրցանակներով հանդերձ, եւ անցկացնել լուծումների սեփական փնտրտուք՝ շտկելու պետական սեփականություն հանդիսացող եւ անհարիր վիճակում գտնվող ավտոմայրուղիների համակարգի թերությունները։
Ավտոճանապարհների դժվարին այս կացությունը հետզհետե այնքան է սրվել, որ պետական սեփականատիրոջից զատ մեկն է լուծում փնտրում դրան։ Եթե սեփականության կետերը 1900-ին լինեին ներկայիս հակադիրը, այն է՝ ավտոմեքենաշինության զարգացումը հանձնված լիներ կառավարությանը, իսկ ավտոճանապարհները մնային մասնավոր անհատների հոգածության ներքո, այսօր մենք, ըստ ամենայնի, ականատես կլինեինք ավտոմայրուղիների՛ մասնավոր ընկերությունների կողմից հովանավորվող մի մրցույթի, որը կառաջարկեր բարելավել «կառավարաշեն» ձիազուրկ կառքը, որպեսզի դա հետ չմնար հոյակապ եւ ավելի քան արդիական ավտոմայրուղիներից։
Բայց ճանապարհներն ինչպե՞ս կարող են կառուցվել ու սպասարկվել մասնավոր կերպով։
Չգիտեմ։ Սա մի հարց է, որին մեզնից ոչ ոք երբեւէ չի ուղղում իր ստեղծագործական կենտրոնացումը։ Մենք երբեք ստեղծագործաբար չենք վերաբերում կառավարության կողմից կանխավ սեփականացված գործունեության ոլորտին, եւ ստեղծագործ միտքը սկսում է միջոցներ ձեռք առնել միայն երբ այդ ոլորտն ազատվում է մենաշնորհից։
Բայց կրկին վերադառնանք 1900 թվական։ Մեզնից մեկնումեկը կկարողանա՞ր այն ժամանակ ասել, թե ինչպես պիտի լուծենք այն վեց խնդիրները, որոնց լուծումներն այժմ գտնված են։ Մի պահ ենթադրենք, որ մեկնումեկը կարող եղավ այն ժամանակ նկարագրելու 1954 թվականի արտադրության ավտոմեքենայի տեսքն ու աշխատանքը։ Իսկ կկարողանա՞ր որեւէ մեկն ասել նաեւ, թե ինչպես է պետք դա արտադրել։ Ո՛չ, ո՛չ ավելին, քան այսօր կնկարագրենք, թե ինչպես կարելի է մասնավոր միջոցներով կառուցել եւ գործարկել ավտոմայրուղիներ։
Ինչո՞վ ենք ուրեմն պարտական 1954 թվականի ավտոմոբիլային եւ այլ ֆանտաստիկ նվաճումների համար։ Նրանով, որ կառավարությունը նախապես չի՛ սեփականացրել այդ գործունեությունը։ Փոխարենը դրանք թողնվել են ազատ, անկաշկանդ եւ ստեղծագործ մտածողության ասպարեզին, ուր ապա անդուլ գործել են տեխնիկապես հմուտ, որակյալ եւ նորարար մտքի միլիոնավոր մարդ-ժամեր։ Եւ այդ գործի վերջը չի երեւում եւ չի երեւալու, եթե կառավարության կաշկանդող ներգործությունն ամփոփված պահվի իր բուն գործառույթների շրջանակում, որն է՝ հավասարապես պաշտպանել անխտիր բոլոր քաղաքացիների կյանքը, ազատությունը եւ սեփականությունը… Թե իհարկե մարդկանց վիճակված է լինել ազատ՝ փորձարկելու իրենց գաղափարները մրցակցային եւ կամավոր շուկայում։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան