(թարգմանությունը “Economics in One Lesson” by Henry Hazlitt գրքից)
Խնայելու և ծախսելու վերաբերյալ բազում կարծիքներ կան։
Ոմանք կարծում են, որ ծախսելն ավելի օգտակար է հասարակության համար։ Իսկ դասական տնտեսագետները պնդում են հակառակը․ խնայելն օգտակար է ինչպես առանձին անհատի, այնպես էլ ամբողջ ազգի համար։ Իրականությունը ցույց տալու համար մեջբերենք լիբերալ տնտեսագետ Բաստյայի դասական օրինակը։
Պատկերացրեք, որ կան երկու եղբայր` Էլվինը և Բենջամինը, որոնցից մեկը հակված է ծախսելուն, իսկ մյուսը՝ խնայելուն։ Նրանք երկուսն էլ ստացել են ժառանգություն, որը նրանց բերում է տարեկան 50 հազար դոլար եկամուտ։
Էլվինն իր բնավորությամբ և սկզբունքներով վատնող է։ Նա հետևում է Ռոդբերտուսի ուսմունքին, ով 19-րդ դարի կեսերին հայտարարեց, որ կապիտալիստները պետք է ծախսեն իրենց եկամուտները մինչև վերջին ցենտը՝ շքեղության և հարմարության համար։ Քանի որ, եթե նրանք որոշում կայացնեն տնտեսել դրանք, ապա ապրանքները կուտակվելու են, և աշխատողների մի մասը կմնա առանց աշխատանքի։
Էլվինը գիշերային ակումբների մշտական հաճախորդներից է, առատաձեռն է թեյավճարների առումով։ Նա ունի շքեղ առանձնատուն բազմաթիվ ծառաներով, ինչպես նաև երկու վարորդ։ Նա իրեն չի սահմանափակում գնումներում։ Նա ունի մրցավազքերի համար ձիեր, նավեր և շատ է ճանապարհորդում: Իսկ կնոջն անընդհատ նվիրում է ադամանդե մանյակներ, իր ընկերներին` թանկարժեք և անօգտակար իրեր։ Այդ ամենը իրականացնելու համար Էլվինը ստիպված է ծախսել իր կապիտալի մի մասը։
Եվ ի՞նչ դրանից, եթե խնայելը մեղք է, իսկ ծախսելը բարի գործ։ Ի վերջո նա միայն փոխհատուցում է այն վնասը, որը հասարակությանը հասցնում է խնայելու հակվածություն ունեցող իր եղբայր Բենջամինը։
Անհրաժեշտություն չկա շեշտելու, որ Էլվինը մատուցողների, ոսկերիչների և շքեղ այլ հաստատությունների ծառայողների սիրելի հաճախորդն է, ովքեր նրան ընկալում են որպես հասարակական բարեգործի։ Իհարկե, բոլորին էլ ակնհայտ է, որ նա ապահովում է զբաղվածություն և ամենուրեք ծախսում է իր փողերը։
Բնականաբար նրա եղբայր Բենջամինը շատ ավելի քիչ է հայտնի։ Նրան հազվադեպ կարելի է տեսնել ոսկերիչների կամ գիշերային ակումբների հաճախորդների շրջանում։ Նա անուններով չգիտի շքեղ ռեստորանների մատուցողներին։ Միևնույն ժամանակ Էլվինը տարեկան ոչ միայն ծախսում է իր եկամտի 50 հազար դոլարը, այլ նաև` իր կապիտալի հիմնական մասը։ Բենջամինն ապրում է ավելի համեստ՝ տարեկան ծախսելով միայն շուրջ 25 հազար դոլար։ Մարդիկ տեսնելով միայն ակնհայտը` կարծում են, որ Բենջամինն ապահովում է երկու անգամ ավելի քիչ զբաղվածություն, քան ստեղծում է Էլվինը։ Սակայն քննարկենք, թե ինչ է իրականում անում Բենջամինն իր մնացած 25 հազար դոլարի հետ։
Նա դրանք չի կուտակում դրամապանակում և չի պահպանում չհրկիզվող պահարանում։ Նա դրանք պահում է կամ բանկում, կամ էլ կատարում է ներդրումներ։ Եթե նա պահում է իր փողերը բանկում, ապա բանկը դրանք վարկերի տեսքով տրամադրում է ընկերություններին աշխատող կապիտալի ավելացման համար կամ էլ օգտագործում է արժեթղթեր գնելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ Բենջամինն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներդրումներ է կատարում։ Իսկ երբ փողերը ներդրված են, դրանք օգտագործվում են տների, սարքավորումների, շենքերի, նավերի, բեռնատարների և գործարանների կառուցման կամ գնման նպատակով։ Այդ նախագծերից յուրաքանչյուրը շրջանառության մեջ ներարկում է նույնքան փող և ստեղծում նույնքան աշխատատեղ, որքան որ կլիներ այդ գումարն ուղղակի ծախսելու դեպքում։
Կարող ենք ասել, որ «խնայողություն» բառը ժամանակակից աշխարհում իրենից ներկայացնում է ծախսերի առանձին ձև։ Տարբերությունը կայանում է նրանում, որ այս դեպքում փողը փոխանցվում է ինչ-որ մեկին արտադրության լրացուցիչ միջոցների ձեռքբերման նպատակով։ Ինչ վերաբերում է զբաղվածության ապահովմանը, ապա Բենջամինի «խնայողություններն» իր ծախսերի հետ միասին ստեղծում են նույն արդյունքը, ինչ Էլվինի կատարած ծախսերը։
Հիմնական տարբերությունն այն է, որ զբաղվածությունը, որն ապահովվում է Էլվինի ծախսերով, տեսանելի են յուրաքանչյուրին։ Սակայն, եթե ավելի ուշադիր նայենք և մի փոքր մտածենք, ապա պարզ կդառնա, որ Բենջամինի խնայողությունների յուրաքանչյուր դոլարն ապահովում է նույն զբաղվածությունն, ինչը որ Էլվինի «քամուն տված» յուրաքանչյուր դոլարը։
Անցնում է 12 տարի, և Էլվինը սնանկանում է։ Նրան այլևս չեն տեսնում ժամանակակից խանութներում և գիշերային ակումբներում։ Իսկ դրանց աշխատողները հիշելով նրան՝ որակում են որպես ապուշ։
Նա խնդրանքներով նամակներ է ուղարկում Բենջամինին։ Իսկ Բենջամինն, ով նախկինի պես պահպանում է ծախսերի և խնայողությունների հարաբերակցությունը, այժմ ապահովում է ոչ միայն ավելի շատ աշխատատեղեր (քանի որ նրա եկամուտները մեծացան ներդրումների շնորհիվ), այլ ներդրումների միջոցով օգնում է ստեղծել բարձր եկամտաբեր և ավելի արտադրողական աշխատատեղեր։ Նրա կապիտալն ու եկամուտներն աճել են։
Այսպիսով, Բենջամինը ներդրում կատարեց երկրի արտադրական հզորությունների զարգացման մեջ, իսկ Էլվինը՝ ոչ։
Թարգմանությունը` Արտյոմ Աշիգովի