Արդեն վաղուց նկատելի է, որ հայկական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում քննարկումներն առավելապես կենտրոնացած են երկրի ներքին գործընթացների վրա: Այնպիսի տպավորություն է, որ լրագրողների եւ հանրության ուշադրությունն ուղղված է երկրի ներսում ամեն մի մանրուքի, որոնց համեմատ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանից դուրս, որեւէ հետաքրքրություն չի առաջացնում: Նույնիսկ՝ Հայաստանի հետ ուղղակիորեն կապված իրադարձությունները: Իսկ եթե անգամ առաջացնում են, ապա առավել հաճախ, որպես թեմաներ, որոնք ուռճացնում են երկրի ներքին ինտրիգները:
Բնորոշ օրինակ էր Հայաստանի հանրության արձագանքը Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայացած միջազգային տնտեսական համաժողովին: Հայաստանում այս համաժողովի իրադարձությունների մասին տեղեկատվության ամբողջ շերտից նկատեցին միայն Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի մեջբերումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի արտահայտություն էր: Միեւնույն ժամանակ շատերը, չգիտես ինչու, այս մեջբերման մեջ տեսան Հայաստանի նկատմամբ խայտառակ վերաբերմունքի վկայություն եւ միահամուռ դատապարտեցին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակին: Համաժողովի հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունն այսքանով մարեց:
Հայաստանում ոչ ոք այդպես էլ չհասակացավ, թե ինչ տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Համենայնդեպս՝ այս թեմայի շուրջ շատ քչերը խոսեցին: Արդյունքում միջազգային քաղաքականության մեջ կազմավորվող չափազանց կարեւոր քաղաքական գիծը, որտեղ Հայաստանը զգալի դեր է ստանձնում, մնաց աննկատ:
Խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի աննախադեպ հայտի` համաշխարհային տնտեսական ռազմավարության ամրապնդման գործում համապարփակ գործընկերության ձեւավորման մասին է: Այն ճոխ ընդունելությունը, որ ՌԴ ղեկավարության կողմից ցույց տրվեց այս երկիր ժամանած՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ինչպես նաեւ շրջադարձային բնույթի հայտարարությունները, կասկած չեն թողնում երկու երկրների հեռուն գնացող մտադրությունների առնչությամբ: Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կոշտ առեւտրային պատերազմի խորապատկերին Ռուսաստանի եւ Չինաստանի այդօրինակ մտադրությունները ճակատագրական են թվում ողջ աշխարհի համար:
Իսկ մեզ պետք է հատկապես հետաքրքրի այն, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական համաժողովի նախօրեին ու դրա ընթացքում երկու գերտերությունները Հայաստանի հանդեպ բարեհաճության կարեւորագույն նշաններ էին ցուցաբերում: Սի Ծինփինի հայտարարությունը, թե Չինաստանի «քաղաքակրթական» քաղաքականության մեջ Հայաստանը նրա կարեւոր գործընկերն է, այդ երկրի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցը եւ երկու երկրների միջեւ մուտքի վիզայի ազատականացման համաձայնագրի ստորագրումը վկայում են Հայաստանի նկատմաբ Չինաստանի ղեկավարության մեծ հետաքրքրության մասին:
Հետաքրքիր էր նաեւ համաժողովի նախօրեին Ռուսաստանի վարմունքը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հատուկ ընդգծեց, որ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահից բացի, սպասում են Հայաստանի վարչապետին: Եվ, ինչպես ցույց տվեցին համաժողովի օրերին ՀՀ վարչապետի նկատմամբ ցուցաբերված «սիրալիրության» ցուցադրական գործողությունները, «ամրությունը ստուգելու» նպատակով բոլոր ուղղություններով նրան տրվող հարցերը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանին հենց այնպես չէին սպասում: Բավական պարզորոշ տեսանելի եղավ, որ Ռուսաստանի ու Չինաստանի համապարփակ գործընկերության ձեւավորման հայտում Հայաստանին առաջարկվել է հատուկ տեղ զբաղեցնել:
Իր ելույթներում վարչապետ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ Հայաստանն իրոք առաջարկելու բան ունի ձեւավորվող միջազգային փոխդասավորությանը: Եվ նույնիսկ «համընդհանուր երջանկության» բանաձեւ առաջարկեց: Հատկանշական է, որ այս քննարկումներում բացակայում էին հետխորհրդային այլ երկրների սովորաբար կարեւորվող անձինք: Ըստ երեւույթին, նոր հեռանկարում նրանց հետ քիչ հույսեր են կապվում:
Ահա այսպիսի բաներ… Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները՝ արժե ավելի ուշադիր հետեւել, քան դա եղավ այս անգամ:
Նյութի սկզբնաղբյուրը` acnis.am կայքում: