Պատմության ընթացքում բոլոր հասարակությունները բախվել են ֆունդամենտալ տնտեսական խնդրի` սահմանափակ ռեսուրսների պայմաններում ինչ արտադրել և ում համար արտադրել: Տնտեսության զարգացման համատեքստում շուկայի և պետության գործառույթներին համապատասխան գոյություն ունի շուկայական տնտեսության երեք հիմնական մոդել` ազատ շուկայական տնտեսություն, սոցիալական շուկայական տնտեսություն և մոդել, որում գերիշխող է պետության դերը:
ՀՀ շուկան դեռևս ամբողջությամբ կայացած չէ, հետևաբար, տարբեր մոդելների ուսումնասիրումը կօգնի լավացնել ՀՀ շուկայական տնտեսության կառուցվածքը:
Ազատ շուկայական տնտեսություն
Ամերիկան ազատ շուկայական տնտեսության դասական օրինակ է: Այդ մոդելն առաջացել է Բրիտանիայում: Հայտնի տնտեսագետ Ադամ Սմիթի ազդեցությամբ անհատական ազատությունն ազատ շուկայական տնտեսության բնութագրիչներից մեկը դարձավ. սպառողի ազատություն ընտրելու մրցակցող ապրանքներից և ծառայություններից, արտադրողի ազատություն սկսել կամ ընդլայնել բիզնեսը, աշխատող, աշխատանք և գործատու ընտրելու ազատություն և այլն: Այսինքն՝ շուկայի անկախ մասնակիցները կարող են որոշել ամեն ինչ, և պետական վերահսկողությունն ու կարգավորումը կլինի անիմաստ: Հիմնվելով մասնավոր սեփականության վրա` այս մոդելն ընդգծում է անհատի ազատ ընտրության իրավունքը և խթանում է մարդկանց ձգտելու տնտեսական շահին ու բարեկեցությանը:
Շուկայական տնտեսության խնդիրները կարող են լուծվել շուկայի կողմից, և կառավարությունը, որպես ազատ շուկայական տնտեսության «ծառա», չպետք է ուղղակիորեն միջամտի:
Այսինքն, ազատ շուկայական տնտեսության մոդելը տնտեսական մոդել է, որում էական են ազատ մրցակցությունը, տնտեսական զարգացումը, իսկ կառավարությունները տնտեսական զարգացմանը միջամտում են պատշաճ և սահմանափակ ձևով:
Սոցիալական շուկայական տնտեսության մոդել
Սոցիալական շուկայական տնտեսությունը հավասարակշռում է ինչպես ազատ շուկայական տնտեսությունը, այնպես էլ սոցիալական արդարության մասին մտահոգությունը: Այս մոդելն առաջացել է 1948թ. Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետությունում, որպես 1930-ական թթ․ կատարած որոշ տնտեսագիտական հետազոտությունների և ԳՖՀ-ի հիմնադիր քաղաքագետների կամքի սինթեզ: Այս մոդելը ոչ թե ավարտված համակարգ է, այլ զարգացող հայեցակարգ, որը ԵՄ-ի սոցիալական և քաղաքական միասնության կարևոր գործոն է:
Այս մոդելը պնդում է, որ կարևոր է պետության կողմից մակրոկարգավորումը և պետական միջամտությունը շուկայական թերությունների վերացման համար: Ինչպես նաև կարևոր է սոցիալական ապահովության լայն համակարգը տնտեսական և սոցիալական արդյունավետության, արդարության և հավասար հնարավորությունների ապահովման համար:
Սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգը կապում է լիբերալ շուկայի և սոցիալական փոխհատուցումների սկզբունքը: Այսպիսով, ազատ շուկայական տնտեսության այնպիսի առավելություններ, ինչպես շուկայական ազատությունը և տեխնոլոգիական առաջընթացը, համակցվում են սոցիալական նպատակների հետ: Այս մոդելում պետությունն ուժեղ դիրք է զբաղեցնում, մասնակցում է տնտեսական որոշումների կայացմանը և տնտեսական ու սոցիալական քաղաքականության համահիմնադիրն ու հիմնական երաշխավորն է, պատասխանատվություն է կրում լրիվ զբաղվածության և աշխատատեղերի որակի համար: Մրցակցության սկզբունքը համակարգի հիմքն է. մենաշնորհների ձևավորումը խրախուսված չէ: Անձը շուկայական այս մոդելի հիմնական գաղափարն է, մարդն այստեղ զուտ տնտեսական գործակալ չէ, այլև սոցիալական սուբյեկտ (յուրաքանչյուրը պետք է ստանձնի պատասխանատվություն իր և մյուսների համար): Պետությունն օգնություն է ցուցաբերում միայն այն դեպքում, երբ մարդը չի կարող ինքն իրեն օգնել (սուբսիդավորման սկզբունք):
Պետական դերի գերակայությամբ շուկայական տնտեսության մոդել
Արևելյան Ասիայի երկրները, ինչպես օրինակ Ճապոնիան և Կորեան, օգտագործում են այս մոդելը, որտեղ պետությունը գերիշխող է` տնտեսական զարգացման համար կազմելով պլաններ և նույնիսկ վերահսկելով որոշ գներ:
Այնուամենայնիվ, այս մոդելը տարբերվում է պլանային տնտեսությունից, քանի որ այն ընդգրկում է շուկայական տնտեսությանը բնորոշ տարրեր: Այս մոդելում ևս մասնավոր սեփականությունը տնտեսության հիմքն է, սակայն կառավարությունը կարող է գերիշխող դեր զբաղեցնել տնտեսության զարգացման ուղղությունների որոշման հարցում:
Կառավարությունն ունի իր նպատակը` ազգային անվտանգություն ու սոցիալական կայունության կամ զբաղվածության բարձր մակարդակ և ինֆլյացիայի զսպում: Մենաշնորհները սերտ կապ ունեն կառավարության հետ, մրցակցությունը որոշ ոլորտներում սահմանափակ է` պետության կողմից տրամադրված արտոնություններով պայմանավորված:
Կառավարության դերը ոչ միայն հանրային ծառայությունների մատուցումն է և մրցակցային միջավայրի պահպանումը, այլև տնտեսական զարգացման ուղղությունների որոշումը: Որպես շուկայի հիմնական մաս, ձեռնարկությունները կայացնում են իրենց սեփական որոշումները՝ վերլուծելով շուկայական ինֆորմացիան։ Մյուս կողմից պետության ազդեցությամբ ձեռնարկությունները պետք է համագործակցեն պետության հետ և «հարգեն» պետական որոշումները տնտեսական և սոցիալական նպատակներին հասնելու համար:
Ամփոփելով` կարող ենք ասել, որ չնայած հայկական տնտեսագիտական գրականության մեջ նշվում է, որ ՀՀ տնտեսությունն ազատ շուկայական է, նրան բնորոշ են սոցիալական և պետական դերի գերակայությամբ շուկայական մոդելների հատկանիշներ: Մասնավորապես, ՀՀ-ում պետությունը տալիս է արտոնություններ, միջամտում է շուկայական հարաբերություններին և կարգավորում է այն, որոշում է տնտեսության այն ճյուղերի և ոլորտների զարգացումը, որոնք կհանգեցնեն տնտեսական աճի, թիրախավորում է սոցիալական խնդիրները և այլն: Միաժամանակ հարկ է նշել, որ վերոնշյալ երկու մոդելներն իրենց բնույթով լրիվությամբ չեն դրսևորվում ՀՀ-ում, քանի որ ՀՀ պետության դերը տնտեսական հարաբերություններում խեղաթյուրված է: Մասնավորապես, պետության դերը տնտեսական ազատականության որոշման էական հարցերում, ինչպես օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարում, թույլ է։ Այս հարցում ՀՀ իշխանությունները չեն կարող այնպիսի կտրուկ քայլերի դիմել, ինչպես, օրինակ՝ Չինաստանը, Արաբական Էմիրությունները (Չինաստանում և Կորեայում կոռուպցիայի համար մահապատիժ է հասնում․ 2000թ. Չինաստանում 10,000 իշխանավոր է գնդակահարվել, իսկ 120,000-ը ստացել են 10-20 տարվա ազատազրկում, Արաբական Էմիրություններում ձեռք են կտրում)։ Այնուամենայնիվ, ՀՀ-ում արդյունավետ շուկայական մոդել չենք կարող ունենալ, քանի դեռ պետական մարմինները չեն դրսևորել ուժեղ քաղաքական կամք և չեն իրականացրել օրենսդրական համապատասխան փոփոխություններ: