Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին:
Վարչապետը բարձր է գնահատել հետազոտական խմբի գործունեությունը և նշել, որ ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական տնտեսության զարգացումն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և հավելել, որ գործադիրի ուշադրության կենտրոնում է բարձրորակ կրթական համակարգի կայացման խնդիրը: Վարչապետը հավելել է, որ այդ նպատակով ոլորտում իրականացվելու են համալիր բարեփոխումներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հետազոտական աշխատանքներում ներգրավված անձանց մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն օժանդակելու համար:
Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական ընկերությունների մրցունակության բաձրացման, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման հնարավորություններին: