ՀՀ ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համագործակցության շրջանակներում 2018թ. նախաձեռնել էր Հայաստանի համար իրականացնել հարկաբյուջետային թափանցիկության համակողմանի գնահատում: Այս համատեքստում ԱՄՀ-ից ներգրավվել է տեխնիկական աջակցություն, որի շրջանակներում ՀՀ ժամանած ԱՄՀ ֆիսկալ հարցերի վարչության առաքելությունը բազմակողմանիորեն գնահատել է ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության տարբեր ուղղությունների թափանցիկության և հաշվետվողականության աստիճանը: Արդյունքում` ԱՄՀ փորձագետների կողմից մշակվել է «ՀՀ հարկաբյուջետային թափանցիկության գնահատում» տեխնիկական աջակցության զեկույցը, այդ թվում՝ թափանցիկության ուղղությամբ միջնաժամկետ հատվածում անհրաժեշտ առանցքային բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը։
Զեկույցում գնահատման արդյունքները փաստում են, որ վերջին տասնամյակում պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները նպաստավոր են եղել Հայաստանի հարկաբյուջետային թափանցիկության բարձրացման համար, և նախատեսվող որոշ բարեփոխումներ կապահովեն հետագա առաջընթաց: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ), բարելավված ֆիսկալ նպատակների և ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրմամբ ֆիսկալ կանխատեսումները և բյուջեները դարձել են ավելի հեռանկարային և քաղաքականության վրա հիմնված: Ֆիսկալ ռիսկերի բացահայտումը թեև հատվածական է, սակայն աստիճանաբար բարելավվել է, մասնավորապես` մակրոֆիսկալ ռիսկերի գնահատման ուղղությամբ: Իսկ հարկաբյուջետային թափանցիկության հետագա բարելավմանն ուղղված փոփոխությունները հիմնականում վերաբերում են հաշվեգրման սկզբունքով հաշվառման և վիճակագրության համակարգի ներդրմանը, դրա հիման վրա պետական հատվածի հաշվեկշռի մշակմանը, ֆիսկալ ռիսկերի կառավարման համակարգի ներդրմանը և բյուջեի կատարման հաշվետվությունների ընգրկունության ապահովմանը:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: