Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կից օրենսդրական փաթեթով:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ մինչեւ օրենսդրական փաթեթի մշակումը բազմակողմ եւ խորքային վերլուծություններ են արվել՝ ախտորոշելու երկրի տնտեսության ներկա վիճակը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին տարիներին տնտեսության զարգացման միտումներն անհանգստացնող են, քանի որ արտահանմանը կողմնորոշված ոլորտներում շահութաբերությունը 40-50 տոկոսով ավելի ցածր է եղել, քան երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտներում: Որպես ուղղակի հետեւանք՝ ներդրումները հոսում են դեպի ավելի շահութաբեր ոլորտներ այն դեպքում, երբ արտահանմանը կողմնորոշված ոլորտներում 4-4,5 անգամ ավելի քիչ ներդրումներ են կատարվում: Ըստ փոխնախարարի՝ նման իրավիճակը փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկրների համար մարտահրավեր է:
Նախագծով առաջարկվում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել մինչեւ 20 տոկոս:
Նշվել է, որ նախագծով ավելացված արժեքի հարկի բարձրացում չի նախատեսվում, քանի որ այդ հարկատեսակի բարձրացումն ուղղակիորեն մեծացնում է աղքատությունը: Փոխարենը Կառավարությունն առաջարկում է որոշ ապրանքատեսակների համար բարձրացնել ակցիզային դրույքաչափերը, քանի որ գործող համակարգը մի շարք բացասական կողմեր ունի:
Պարզեցման նպատակով Կառավարությունն առաջարկում է հնգաստիճան հարկային համակարգից անցում կատարել եռաստիճանի: Ըստ զեկուցողի՝ երկրի շուրջ 94 հազար հարկ վճարողները հարկերը վճարում են հնգաստիճան համակարգում, որը բարդացնում է հարկային վարչարարությունը:
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախապես նպատակ կար էականորեն բարձրացնել գրավատների եւ փոխանակման կետերի գործունեության համար պետական տուրքերի դրույքաչափերը՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 6 եւ 3 միլիոն դրամ, սակայն ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացված շահագրգիռ քննարկումների արդյունքում փոխհամաձայնություն է կայացվել, ըստ որի՝ նախատեսված դրույքաչափերը որոշակիորեն կնվազեցվեն:
Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ:
Նախատեսվում է, որ փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: