Հունիսի 3-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ։ Մասնավորապես` նա ասել է, որ պետք է վերացնել աշխատանքի ընդունելիս տարիքային խտրականությունը՝ շեշտելով, որ 30, 35, 40 և բարձր տարիքով մարդիկ չեն կարողանում ընդունվել աշխատանքի։ Եթե աշխատողը կարծում է, որ նրան աշխատանքի չեն ընդունել տարիքի պատճառով, նա պետք է կարողանա դատական կարգով պայքարել իր իրավունքների համար։ Խտրականությունը կանխելու նպատակով առաջարկվել է ստեղծել առանձին մարմին կամ համապատասխան լիազորություններով օժտել գործող մարմիններից որևէ մեկին։ Իր ելույթում նա նշել է նաև, որ դա բխում է հանրության շահերից և խնդրին մոտենում է «գերակայության» սկզբունքից ելնելով՝ գերադասելով աշխատողների շահերը գործատուների շահերից՝ շեշտելով, որ վերջիններս հաճախ ոչ ազնիվ կերպով են գործում։
Սա շատ բնորոշ քայլ է ներքին քաղաքականության մեջ։ Քաղաքական գործիչը տնտեսական փոփոխության մի առաջարկ է անում, որը հաճելի կլինի ընտրազանգվածին։ Իսկ երկրի բարձր գործազրկության պայմաններում դա կվերաբերի շատ թվով մարդկանց։ Ձեռքի հետ գործարարները մեղադրվում են հերթական անազնիվ արարքի մեջ, ինչը նույնպես դուր է գալիս ընտրազանգվածին։
Առաջարկն օրենք դառնալու դեպքում, կառաջանա նոր մարմին, որը կֆինանսավորվի ժողովրդից հավաքված հարկերից, այսինքն` էլ ավելի կվատթարացնի նույն մարդկանց տնտեսական վիճակը։
Օրենքն աշխատացնելու որևէ մեխանիզմ չկա, որևէ գործարար թույլ չի տա, որ միջամտեն նոր աշխատող ընտրելու իր կարևոր իրավունքին։ Ուղղակի բիզնեսը կունենա նոր գլխացավ, ի դեմս նոր վերահսկող մարմնի։ Այսինքն` բիզնես միջավայրը էլ ավելի կվատթարանա, ինչը նորից բացասական կազդի բոլորի վրա։ Հատկանշական է, որ հեշտությամբ առաջարկվում է, միջամտել գործարարի որոշումներին, սակայն այդ որոշման արդյունքում հնարավոր վնասների պատասխանատվությունը կիսելու մասին խոսք չկա։
Իհարկե, ամենայն հավանականությամբ այսպիսի օրենք չի ընդունվի, սակայն այս դեպքում էլ առաջարկն անող պատգամավորը շահում է։ Ընտրազանգվածը լսեց, որ պատգամավորը պայքարում էր հանուն իր շահերի։