Մարտի 27-ին ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարեց գյուղական համայնքներում «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) մասին: Ապրիլի 4-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց այդ ծրագրին, որի հիմնական նպատակը տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով կենդանիների պահվածքի պայմանների բարելավումն է` արդյունքում բարձրացնելով նաև կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Ծրագրի նկարագրությունը
Նշված խնդիրները լուծելու համար Ծրագրով նախատեսվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում և դրանց տեխնոլոգիական ապահովում, ինչպես նաև սահմանվում են դրանց տեխնիկական չափանիշներն ու տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերի ցանկը։ Անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման համար առաջարկվում է 3 մոդել․
1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է առնվազն 10-15 գլուխ կենդանու համար, իսկ կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ։
2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածք, նախատեսված առնվազն 20-25 գլուխ կենդանու համար, կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը՝ շուրջ 23 մլն դրամ։
3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածք, նախատեսված առնվազն 40-45 գլուխ կենդանու համար, կառուցման և տեխնոլոգիական ապահովման ծախսերը՝ շուրջ 35 մլն դրամ։
Պետական աջակցությունը
Ներկայացված տարբերակների կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար Կառավարության կողմից տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով.
1-ին մոդելի դեպքում՝ 5.5 մլն դրամ, իսկ պետական տարբեր ծրագրերով սոցիալական աջակցություն ստացողների համար՝ 7.7 մլն դրամ,
2-րդ մոդելի դեպքում՝ 11.5 մլն դրամ, սոցիալական աջակցություն ստացողների համար՝ 16.1 մլն դրամ,
3-րդ մոդելի դեպքում՝ 17.5 մլն դրամ, սոցիալական աջակցություն ստացողների համար՝ 24.5 մլն դրամ։
Փոխհատուցման գումարը տրամադրվում է երկու փուլով։ Առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման կամ վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50%-ը (2-րդ փուլի փոխհատուցումը)՝ անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց և շահագործման հանձնելուց հետո։
Ծրագիրն իրականացվելու է 2019-2021 թթ., որի ընդհանուր արժեքը կազմում է 3.2 մլրդ դրամ, իսկ նախատեսվող փոխհատուցումներն ըստ տարիների կազմում են համապատասխանաբար 414, 1380 և 1380 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք:
Ներկա վիճակը
Ծրագրում ներկայացված տվյալների համաձայն` արտադրվող կաթի 95%-ն ստացվում է տավարաբուծությունից: Վերջինս, հիմնականում, կենտրոնացված է Գեղարքունիքի (18%), Շիրակի (15%), Արագածոտնի (12%) և Լոռու (12%) մարզերում։ Այս բաշխվածությունը պայմանավորված է նշված մարզերի բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով։
Տավարաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գերակշռող մեծամասնությունն ավանդական բնամթերային տնտեսություններ են։ Վերջիններիս թիվը հասնում է շուրջ 170 հազարի, որոնք միջին հաշվով տնօրինում են շուրջ 3 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և արտադրված կաթն ու միսն օգտագործում են սեփական սպառման համար: Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2018թ․ գյուղացիական տնային տնտեսությունների կողմից իրացվել է արտադրված կաթի մոտ 96%-ը, որից վաճառվել է 59,9%-ը, իսկ տնտեսությունում օգտագործվել՝ 34,1%-ը։ Տնտեսությունում օգտագործված կաթի 61․7%-ն է միայն վերամշակվել։
Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտամսուրային պահվածքը: Կաթի արտադրության 60%-ը բաժին է ընկնում արոտային շրջանին:
Ծրագրի ռիսկերը
Փաստորեն հանրապետության մյուս մարզերին բաժին է ընկնում կաթի արտադրության 43%-ը, ընդ որում` այդ մարզերից երկուսը` Արարատն ու Արմավիրը, հիմնականում ցածրադիր են, այսինքն` այստեղ գերակշռում է շուրջտարյա մսուրային պահվածքը: Հետևաբար, այս մարզերում կառուցվող կամ կառուցված անասնաշենքերում պահանջվող ջերմաստիճանը (հատկապես ամռան ամիսներին) ապահովելու համար առաջանալու է լրացուցիչ ծախս, քանի որ այստեղ մայիս-սեպտեմբեր ամիսներին օդի ջերմաստիճանը բավական բարձր է: Եթե նախալեռնային և լեռնային գոտիներում կա արոտավայրերի օգտագործման հնարավորություն, ապա նշված մարզերում մսուրային պահվածքի դեպքում առաջանում է նաև կերի ապահովման խնդիրը։
Անասնաշենքերի արդյունավետ աշխատանքի համար պահանջվում է մշտական ջրամատակարարում, ինչը նույնպես խնդիր է, քանի որ գյուղական համայնքների զգալի մասում դեռևս լուծված չէ նույնիսկ մշտական խմելու ջրի հարցը:
Ծրագրում նշվում է, որ հանրապետությունում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է` 91.2%, հետևաբար Ծրագրի հաջող իրականացման դեպքում լինելու է կաթի հավելյալ առաջարկ։ Ծրագրով պարզ չեն հավելյալ կաթի արտադրության դեպքում, հատկապես սեզոնին, ինչպես են լուծվելու իրացման խնդիրները։ Արդյո՞ք տնտեսվարողները խնդիրներ չեն ունենա այն իրացնելու հարցում կամ վերամշակող ձեռնարկությունների արտադրական հզորությունները բավարա՞ր են ավել արտադրված կաթը վերամշակելու համար։ Ներքին պահանջարկը բավարարելուց հետո կա՞ն արդյոք արտադրական հնարավորություններ և տեխնոլոգիաներ ավել կաթը վերածելու չոր կաթի և արտահանելու:
Անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունների դեպքում նույնպես առկա են ռիսկեր։ Մասնավորապես՝ այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների քանակը կարող է սահմանափակ լինել, իսկ պետական աջակցության դեպքում հնարավոր է նախարարության կողմից դրանց հովանավորություն և այլն։ Նման պարագայում այդ կազմակերպությունները կարող են իրենց ապրանքները վաճառել շուկայականից բարձր գներով՝ ստանալով գերշահույթ։ Արդյունքում դրանք կհայտնվեն շահեկան դիրքում՝ պետական աջակցության և գյուղացիական տնտեսություններին տրամադրված վարկային միջոցների հաշվին ապահովելով իրենց ապրանքների վաճառքը։
Հաշվի առնելով Հայաստանի գյուղատնտեսական նշանակության սահմանափակ հողատարածքները, արոտավայրերի սակավությունը և գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, հնարավոր են խնդիրներ նաև կերային բազայի ապահովման հարցում:
Բացի այդ Ծրագրով գործնական քայլեր չեն նախատեսվում դրանում իսկ նշված խնդիրների, մասնավորապես՝ կենդանիների պահվածքի ոչ պատշաճ կազմակերպման, կառույցի ոչ լիարժեք շահագործման ռիսկերը նվազեցնելու կամ բացառելու համար։
Այսպիսով՝ ներկայացված Ծրագրով իրականացվում է պետական հերթական աջակցությունը կամ արտոնությունների տրամադրումը՝ այս դեպքում գյուղատնտեսության ոլորտում։ Գյուղատնտեսությունը մեր երկրի համար կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, դրա համար կան նպաստավոր բնակլիմայական պայմաններ։ Բացի այդ շատ գյուղացիական տնտեսություններ ունեն սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց օգտագործումը կարող է գյուղական համայնքներում կարևոր սոցիալական խնդիր լուծել՝ թեթևացնելով պետության բեռը։ Հետևաբար, գյուղատնտեսության ոլորտում գործարարության զարգացմանը պետական աջակցությունը պետք է սահմանափակվի արտոնյալ պայմաններով վարկավորմամբ կամ տոկոսադրույքների սուբսիդավորմամբ և տեղեկատվության ու գիտելիքների պակասի լրացմամբ՝ օգտագործելով ագրարային համալսարանի ներուժը։
Շատ կարևոր է Ծրագրի առաջին մասնակիցների մշտադիտարկումը՝ ուսումնասիրելու, ապա գնահատելու հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը Ծրագրի մասնակիցների կողմից։ Սա հնարավորություն կտա սկզբնական շրջանում եզրակացություններ անել ինչպես ամբողջ Ծրագրի արդյունավետության, այնպես էլ դրա հետագա իրականացման նպատակահարմարության մասով։ Նման մոտեցումը կաևորվում է նաև նրանով, որ Ծրագրի ձախողումը բերելու է մի կողմից պետական միջոցների վատնման, մյուս կողմից՝ վճարունակության խնդիրների գյուղացիական տնտեսությունների մոտ վարկային բեռի ավելացման պատճառով։