Վերջերս «Ոչ համահարթ հարկմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդես եկան ԱԺ պատգամավորներին ուղղված բաց նամակով, որտեղ նշում են, որ համահարթեցումն սպասարկում է երկրի էլիտար փոքրամասնության շահերը և տանելու է սոցիալական անհավասարության խորացման, ինչն անթույլատրելի է:
Եկամտային հարկի գծով միջազգային փորձն ուսումնասիրելիս պարզվում է, որ համահարթ համակարգը գործում է հիմնականում եվրոպական թույլ զարգացած և աշխարհի` զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, օրինակ` Լատվիա, Լիտվա, Ղազախստան, Վրաստան, Չեխիա, Ուկրաինա և այլն: Իսկ զարգացած երկրներում գերիշխում է եկամտային հարկի գանձման պրոգրեսիվ համակարգը: Այսինքն այն երկրներում, որտեղ բոլոր ինստիտուտներն արդեն կայացած են, գործազրկության և աղքատության մակարդակները համեմատաբար ցածր են, իսկ բարձր վարձատրվող աշխատատեղերը շատ են, պետությունը կարող է իրեն թույլ տալ անցնել եկամտային հարկի պրոգրեսիվ հարկման համակարգի, և այդ դեպքում տնտեսական վնասը նկատելի չի լինի: Տնտեսության զարգացման աստիճանից կախված, ինչպես նաև տնտեսության առանձնահատկություններով պայմանավորված` կառավարությունը պետք է հասկանա, թե եկամտային հարկի հարկման որ մոդելն է արդյունավետ տնտեսության աշխուժացման համար:
ՀՀ-ում, երբ 2017 թվականի տվյալներով աղքատության մակարդակը 25,7 տոկոս է, այսինքն ամեն 4-րդ քաղաքացին աղքատ է, միջին ամսական անվանական աշխատավարձը 177 817 դրամ է, իսկ 2 մլն-ից ավել աշխատավարձ ստանում է վարձու աշխատողների ընդամենը 0,3 տոկոսը, գործում է եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգը: Ստացվում է, որ համահարթ եկամտային հարկի ընդդիմադիրները պայքարում են մոտ 1830 վարձու աշխատողի դեմ` չտեսնելով բուն հիմնախնդիրը: Այսինքն` նրանց կարծիքով սոցիալական անհավասարության խնդիրը կլուծվի, եթե այդ անձանց եկամտի ավելին քան 30 տոկոսը հարկվի: Ընդ որում` այդ 1830 աշխատողների մեջ են մտնում, օրինակ` բարձր որակավորում ունեցող ծրագրավորողները, մարքեթոլոգները, աուդիտորները, կազմակերպությունների ֆինանսական գծով տնօրենները և այլն, ում միակ եկամտի աղբյուրը հիմնականում հենց իրենց աշխատավարձն է, և ովքեր նման պարագայում իրենց շռայլություններ և ճոխություններ թույլ տալ չեն կարող:
Այստեղ կարևոր խնդիրը հենց այդ 0,3 տոկոսն է, որի պարագայում տնտեսական աճի որակի մասին խոսելն անիմաստ է: ՀՀ կառավարությունը տնտեսական զարգացման ներկա փուլում պետք է խթաններ ստեղծի` բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման համար: Եվ այդ խթաններից է եկամտային հարկի համահարթեցումը: Այսինքն` ներկա փուլում ամեն ինչ պետք է անել` բնակչության կենսամակարդակը բարձրացնելու և տնտեսությունում աշխուժություն մտցնելու համար: Պետք է գիտակցել, որ աղքատները չեն շահի, եթե պրոգրեսիվ համակարգի արդյունքում կրճատվեն ներդրումները, արդյունաբերության ծավալը, աշխատատեղերի քանակը:
Համահարթեցման ընդդիմախոսները նաև պետք է հասկանան, որ մեր երկրում հարուստներն իրենց ունեցվածքը չեն դիզել իրենց օրինական եկամուտների շնորհիվ, որ ՀՀ-ում առկա սոցիալական խիստ բևեռացվածության բարձր մակարդակը երկար տարիներ երկրում տիրող անօրինության, կոռուպցիայի և քրեաօլիգարխիայի արդյունք է: Եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգով իրենք պայքարում են ընդամենը 0,3 տոկոս կազմող բնակչության միջին խավի դեմ, ինչն անթույլատրելի է: Եկամտային հարկի դրույքաչափերը բավականին բարձր են մեր երկրի համար և դրանք պետք է նվազեցնել, իսկ արդյունքում բյուջետային եկամուտների կորուստը կարելի է լրացնել ոչ միայն ակցիզային հարկի, այլ նաև պրոգրեսիվ գույքահարկի և շքեղության հարկի սահմանմամբ: