Ֆինանսների նախախարարության փոխանցմամբ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Ներկայացնելով բյուջեի կատարողականը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեի հիմնական առանձնահատկություններ են՝ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի փոփոխությունները, բյուջեի ծրագրային ձևաչափի ներդրումը և հարկաբյուջետային նոր կանոնների կիրառումը:
Ըստ նախարար Ջանջուղազյանի՝ նախորդ տարվա ծրագրային ցուցանիշները եկամուտների մասով կազմել են 1 տրլն 308 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը՝ 1 տրլն 365 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը՝ 1 տրլն 342 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 98,3 տոկոսը: Հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 99,7 տոկոսը: Ծախսերը ծրագրվել են 1 տրլն 465 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը՝ 1 տրլն 527 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 1 տրլն 447 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 94,7 տոկոսը: Դեֆիցիտը 2018 թվականի համար կանխատեսվել է 156,9 մլրդ դրամ, ճշտված ցուցանիշը կազմել է 161.9 մլրդ դրամ, փաստացին՝ 105 մլրդ կամ ճշտված ծրագրի 65,1 տոկոսը:
Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականի վերջին այն կազմել է 6 միլիարդ 923 միլիոն դոլար: 6 միլիարդ 373 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, մնացած 550 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը։ Ըստ Ջանջուղազյանի՝ կառավարության պարտքի մեջ 1 միլիարդ 390 միլիոն դոլարը ներքին պարտքն է, մնացածը՝ արտաքին պարտքը։