Մեդլին Շեփարդ Հայդ
(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)
Կոլեկտիվիստական հասարակության մեջ մարդկային աշխատանքի արգասիքը հավասարեցնելու փորձերի դեմ թերեւս լավագույն փաստարկներից մեկը մարդկային էության անսահման բազմազանությունն է, քանի որ պարզից պարզ է, որ որեւէ մեկը չի կարող ո՛չ քանակապես, ո՛չ որակապես չափել յուրաքանչյուր անհատի ցանկություններն ու ձգտումները։ Հետեւաբար, քանի որ անհնարին է հավասարեցնել անչափելին, կոլեկտիվիստական հասարակությունն իր ազդարարած այս նպատակում դատապարտված է ձախողման։
Իհարկե, մեկ ֆունտ սթեյքը միանգամայն հնարավոր է հավասարապես կիսել երկուսի միջեւ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ ֆունտ սթեյք, կշեռք, դանակ, եւ մեկը, որը կիրականացնի կիսելու գործը։ Հնարավոր է անգամ հրամանագրել, որ երկու անհատին պետք է օրական հատկացվի այսքան հանգստի ժամ։ Այնինչ, միանգամայն այլ խնդիր է փորձել չափել այն հարաբերական արժեքը, որով երկու անձ գնահատում են սթեյքը եւ հանգիստը, քանի որ մեկը սթեյքը (կամ հանգիստը) ավելի շատ սիրելիս կլինի, քան մյուսը։ Ինչը գոհություն է պարգեւում մեկին, մյուսին գուցե ոչինչ չտա կամ տա ոչ միեւնույն չափով։
Այժմ ենթադրենք, որ հավասարություն բաշխողը գիտակցում է, որ սթեյքի հավասար բաժինները չեն կարող հանգեցնել այն հավասարությանը, որին նա մտադիր էր հասնել արդյունքում։ Այդ դեպքում նա գուցե փորձի սթեյքը բաժանել անհավասար մասերի՝ վերաբաշխելով նաեւ հանգստին հատկացված ժամաքանակը, որպեսզի արդյունքում երկու անձինք բավարարված լինեն հավասարապես։ Սակայն ի՞նչ գործիքով է նա որոշելու, թե առաջինի հանգստի ո՛ր քանակը երկրորդի սթեյքի ո՛ր բաժնին է համարժեք։ Այս պահին է, ահա, որ նա ստիպված կլինի հրաժարվել կոլեկտիվիստական իր գահից՝ գիտակցելով, որ չկա այնպիսի կշեռք, որով կարողանա չափել որեւէ բանի արժեքը որեւէ մեկի համար։
Ուր երրորդ կողմը չի կարող լուծել նույնիսկ այս պարզ հավասարումը երկու անձի դեպքում, ֆանտաստիկ կլինի հավատալ, թե նա ունակ պիտի լինի լուծելու բոլոր մարդկանց բոլոր ցանկությունները հավասարապես բավարարելու անսահմանորեն ավելի բարդ խնդիրը։ Այս էգալիտար նպատակին կարելի կլիներ հասնել միայն, եթե բոլորը կյանքում ամեն ինչից ուզենային միեւնույն քանակով։ Մինչդեռ դա այդպես չէ։ Մեր նախահայրերը ձգտեցին պահպանել յուրաքանչյուր անհատի ազատությունը՝ իր կարողության չափով հետամուտ լինելու սեփական մասնավոր՝ միայն իրեն հայտնի իղձերի բավարարմանը, եւ բավարար իմաստուն եղան՝ գիտակցելու, որ մարդկային կարիքների այս բազմազանությանը ներդաշնակ հասարակություն կերտելիս նրանք գործում են ըստ, այլ ոչ՝ ընդդեմ բնության սկզբունքների։
Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան