Ինչպես հաղորդուոմ է Թերթ.am-ը, ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)»։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1%-ի միջակայքում։ Ըստ Ջավադյանի՝ գնաճի նման կանխատեսմանը հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը:
«Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը»,- ասաց Ջավադյանը:
ԿԲ նախագահը նշեց, որ ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցություն ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա:
«Տնտեսական աճի վրա մյուս 2 տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ: Կանխատեսվող հորիզոնում, որը մեր դեպքում 12 եռամսյակ է, տնտեսական աճը գտնվում է 3.8-5.9%-ի միջակայքում: Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ, կառավարութան կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներում»,- նշեց Ջավադյանը:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: