«Աշխարհի մեծագույն մարդիկ ինքնակառավարվող են։ Նրանք կարիք չունեն, որ ինչ-որ մեկն իրենց կառավարի։ Հենց նրանք հասկանում են, թե ինչ անել, սկսում են փնտրել դա անելու ուղիները և բոլորովին կարիք չունեն կառավարման։ Այն, ինչ նրանց պետք է, ընդհանուր տեսլականն է՝ այն, ինչ մենք կոչում ենք առաջնորդություն։ Առաջնորդությունը տեսլական ունենալու և այն շրջապատի մարդկանց ըմբռնելի ձևով փոխանցելու մասին է, այդ տեսլականի շուրջ ընդհանուր հայտարար ձևավորելու մասին է։
Ես կարծում եմ, որ ինձ նման մարդու ամենակարևոր գործը թիմ հավաքագրելն է։ Հենց դուք ձեր շուրջը հավաքում եք տասը հոյակապ մասնագետի, այդ խումբը դառնում է ինքնակարգավորվող այն առումով, թե ում թույլ կտա մտնել իր շարքերը»
Սթիվ Ջոբս
Ըստ սահմանման՝ ռազմավարությունը և տեսլականը երկարաժամկետ հասկացություններ են։ Մարդիկ, բիզնեսները և կազմակերպությունները հաճախ մշակում են ռազմավարություններ, իսկ երկիրը կամ ազգը կարո՞ղ է արդյոք ունենալ տեսլական կամ ռազմավարություն։ Արդյո՞ք Ֆրանսիայի, Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի նման երկրներն ունեն ռազմավարություն և, եթե՝ այո, ապա որտե՞ղ է այն արտացոլված։
Ժողովրդավարական երկրներում կառավարությունները փոխվում են ամեն չորս կամ հինգ տարին մեկ, որը բավարար ժամանակ չէ տեսլական մշակելու և այն կյանքի կոչելու համար։ Հաջորդ կառավարությունը կարող է ունենալ բոլորովին այլ տեսլական, և իրականում հենց այդպես էլ լինում է։ Այսպիսով, ինչպե՞ս կարող է ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունն իրականացնել ռազմավարություն, եթե այն չունի բավարար ժամանակ դա անելու համար։
Ճակատագրի հեգնանքով ավելի հեշտ է մշակել ու իրականացնել տեսլական բռնապետական երկրներում, որտեղ նույն վարչակարգը իշխանության ղեկին է մնում քսան-երեսուն տարի շարունակ։ Սինգապուրը, Դուբայը, Աբու Դաբին, Կատարը, Չինաստանը և անգամ Հարավային Կորեան 1970-ականներին և 1980-ականներին բռնապետական վարչակարգերի օրինակներ են, որոնք մշակեցին ու իրականացրեցին տեսլականներ։ Բոլոր տարբերակներից վատագույնը, իհարկե, բռնապետական ռեժիմն է, որը չունի տեսլական։
Իսկ ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի նման երիտասարդ և զարգացող երկրի մասին, որն իր բախտն է փորձում ժողովրդավարության ճանապարհին։ Ինչպե՞ս կարող է այն տեսլական կամ ռազմավարություն ունենալ, եթե երկրի կառավարությունը փոխվում է ամեն երկու կամ երեք տարին մեկ։ Արդյո՞ք այն պետք է բռնապետության ուղղով անցներ մինչև ժողովրդավարության հասնելը։ Նույն հարցը վերաբերում է շատ այլ զարգացող երկրների՝ սկսած Ուրուգվայից և Պերուից մինչև Վրաստան և Ուկրաինա։ Տե՛ս այս թեմայով զեկույցը՝ վերնագրված «Ինչո՞ւ են ինշխանության գալիս վատագույնները»։
Պատասխանը պարզ է.
«Ես չգիտեմ հանրային գերագույն իշխանության ավելի վստահելի պահոց, քան հենց իրենք մարդիկ են, և եթե մենք կարծում ենք, որ նրանք բավարար լուսավորված չեն սթափ մտքով իրենց իշխանությունն իրականացնելու համար, միջոցը ոչ թե այն նրանցից խլելն է, այլ մարդկանց լուսավորելը»
Թոմաս Ջեֆերսոն
Մեծ Բրիտանիայի, Կանադայի կամ Ֆրանսիայի նման կայացած ժողովրդավարությունների ռազմավարություններն արտացոլված են նրանց սահմանադրություններում, որոնք ամրագրում են այդ հասարակությունների հիմնական արժեքները, համոզմունքները և սկզբունքները և պաշտպանում քաղաքացիներին ընտրված կառավարություններից։ Կառավարություններն անկարող են փոխել սահմանադրություններն առանց ժողովրդի համաձայնության, և, եթե մարդիկ կրթված են և իրազեկ, նրանք ճիշտ որոշումներ կընդունեն։
Հետևաբար, Հայաստանի նման երիտասարդ զարգացող երկրի տեսլականը պետք է ամրագրված լինի նրա սահմանադրության մեջ: Այն պետք է հստակ ներկայացվի բոլոր դպրոցներում և համալսարաններում և ակտիվորեն քննարկվի մամուլում և սոցիալական մեդիայում: Այդ դեպքում մարդիկ կլինեն կրթված և իրազեկ և կդառնան «գերագույն իշխանության ապահովության երաշխիք»: Միայն այդ դեպքում ժողովուրդը կստիպի իր կառավարությանը՝ ցանկացած կառավարության, պահպանել սահմանադրությունը և այդպիսով հավատարիմ մնալ տեսլականին և ռազմավարությանը:
Ավելի կայացած ժողովրդավարություններում սահմանադրությունները պաշտպանվում են՝ գրված, թե չգրված, այնպիսի հզոր ինտիտուտների կողմից, ինչպիսին են ազատ մամուլը, անկախ դատարանները, անաչառ կառավարական կառույցները, ինչպես նաև լայն իմաստով հասարակությունը։ Բայց երիտասարդ և զարգացող պետության դեպքում տեսլականի կամ ռազմավարության առումով առաջին և ամենակարևոր քայլն այն կլինի, որ դրանք ընկալվեն և ընդունվեն ողջ ժողովրդի կողմից, և, եթե մենք կարծում ենք, որ մարդիկ պատրաստ չեն դրան, ապա «միջոցը ոչ թե այն նրանցից խլելն է, այլ նրանց լուսավորելը»։ Միայն այդ ժամանակ մարդիկ կդառնան «ինքնակառավարվող և ինքնակարգավորվող»։
Տեսլականն ու առաջնորդությունը փոխկապակցված են միմյանց: Ինչպես առաջնորդները պետք է մշտապես հաղորդակցվեն մարդկանց հետ, այնպես էլ տեսլականն ու ռազմավարությունը մշտապես պետք է քննարկվեն և ներկայացվեն։ Առաջնորդների հաղորդակցությունը երբեք չի կարող ավելորդ լինել, քանի որ մշտական կարիք կա լսելու և գնահատելու նրանց ռազմավարական մտքերը։ Առաջնորդությունը և հաղորդակցության ավելցուկը միմյանց բացառող հասկացություններ են։ Առաջնորդները, որոնք հաճախ չեն խոսում հանրության հետ, վերջիվերջո ստեղծում են շփոթություններ և թյուրըմբռնումներ։ Նույն տրամաբանությունը վերաբերում է տեսլականին և ռազմավարությանը. դրանց մասին պետք է անընդհատ խոսել և դրանք ներկայացնել։
Դավիթ Թավադյան
Նյութի սկզբնաղբյուրը՝ futures-studio.org։