Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հիմնավորման համաձայն, ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռևս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։
Ըստ այդմ նախատեսվում է 2021թ. ապրիլից հունիս ամիսը ներառյալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում շարունակել ամսական դրամաշնորհի տրամադրումը ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020թ. մարտի 31-ը:
Վերջիններս միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում պետք է ունենան առնվազն 3 աշխատող, չեն հանդիսացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու, 2020թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ: