Այս տարվա առաջին չորս ամիսներին (2021 հունվար-ապրիլ) բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 573.5 մլն դոլարին համարժեք գումար: 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան հոսող գումարներն աճել են 129 մլն դոլարով կամ 29.1%-ով:
Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տրամադրած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս աճը մեծ մասամբ պայմանավորված է ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող գումարների կտրուկ ավելացմամբ: Նման միտում նկատվում է դեռևս 2020 թվականի կեսերից: Այս տարվա հունվար-ապրիլին ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել մոտ 166 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 82 մլն դոլարի դիմաց: Այլ խոսքով՝ այս չորս ամիսներին ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կրկնակի ավելացել է:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱՄՆ-ից հոսող գումարների աճը պայմանավորում է ԱՄՆ-ում քաղաքացիների ստացած պետական օժանդակությամբ: Դա դրական է ազդել նաև ԱՄՆ-ում գտնվող հայերի եկամուտների վրա, քանի որ նրանք գումարներ են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին:
ԱՄՆ-ից ուղարկվող գումարների աճի մասին հարցրել ենք նաև Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանին, երբ ամփոփվում էր բանկերի գործունեությունը այս տարվա առաջին եռամսյակում: Սեյրան Սարգսյանը, սակայն, դժվարացավ կոնկրետ բացատրություններ նշել ԱՄՆ-ից Հայաստան ուղարկվող գումարների աճի վերաբերյալ:
«Դրանք մասնավոր փոխանցումներ են և գաղտնիք են համարվում, չեն հրապարակվում, թե ովքեր են փոխանցողներն ու ստացողները: Բայց ես չեմ կարծում, թե այդ գումարները այլ նպատակներով են փոխանցվում, մշտական փոխանցումներն են»,- ասաց Բանկերի միության գործադիր տնօրենը:
Դրամական փոխանցումների էական աճ է նկատվում նաև Ղազախստանից (+3.7 անգամ), Գերմանիայից (+72.3%) ու Ֆրանսիայից (+83.9%):
Չնայած այս աճերին՝ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր աղբյուրը մնում է Ռուսաստանը, որտեղից ևս վերջին ամիսներին գումարների ներհոսքի աճ է նկատվում: Հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք բանկերով Ռուսաստանից Հայաստան են ուղարկել մոտ 218 մլն դոլար՝ 19 մլն դոլարով կամ 9.4%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ամիսներին:
Այս տարվա չորս ամիսների կտրվածքով՝ բանկերով Հայաստան ուղարկվող գումարների մոտ 38%-ը Ռուսաստանից է, 29%-ը՝ ԱՄՆ-ից: Մյուս երկրներից համեմատաբար տեսանելի կշիռ ունեն Գերմանիան, Ղազախստանն ու Ֆրանսիան: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:
2020 թվականին բազմաթիվ հայաստանցիներ չկարողացան մեկնել արտերկիր՝ արտագնա աշխատանքի: Սկզբում համավարակն ու փակ ճանապարհները պատճառ դարձան, հետո՝ սեպտեմբերի վերջին Արցախում սկսված պատերազմը: Արդեն տարեվերջից նրանց մի մասը կարողացավ մեկնել երկրից: Ներկայում դրամական փոխանցումների՝ տրանսֆերտների աճին նպաստել է նաև այս գործոնը: Ենթադրելի է, որ մայիս-հունիս ամիսներին ևս այս միտումները պահպանվել են, սակայն ԿԲ-ն դեռևս չի հրապարակել նշված ամիսների վիճակագրությունը:
Հայաստանցիները, սովորաբար, արտագնա աշխատանքի են մեկնում հիմնականում Ռուսաստան, ինչպես նաև՝ Ուկրաինա, Բելառուս և այլն:
Հայաստան հոսող տրանսֆերտները էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար: Դրանք ավելացնում են մարդկանց եկամուտները, դրական ազդում առևտրաշրջանառության և առհասարակ ամբողջ տնտեսության վրա:
Պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է, որ այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճում է: Տարվա չորս ամիսների կտրվածքով՝ 2021-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 2.6%-ով: Ճիշտ է՝ իշխանությունները դա որպես իրենց աշխատանքի բացարձակ ձեռքբերում են ներկայացրել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության վրա ներկայում էապես դրական են ազդում արտաքին գործոնները: Դրանցից առաջինը հենց տրանսֆերտներն են:
Մեծ ազդեցություն ունի նաև միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների աճը. Հայաստանը, լինելով հանքահումք արտահանող երկիր, շահում է մետաղների գնաճից: Այս թեմային առանձին անդրադառնալու առիթ դեռ կունենանք:
11.8%-ով ավելացել է նաև գումարների արտահոսքը
2021 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են ուղարկել 370.3 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 39 մլն դոլարով կամ 11.8%-ով:
Դրամական փոխանցումների արտահոսքի կազմում ևս առաջին տեղում Ռուսաստանն է. հունվար-ապրիլին փոխանցվել է 121.1 մլն դոլար, որն աճել է 14 մլն դոլարով կամ 13%-ով: Մյուս առավել տեսանելի աճը գրանցվել է Չինաստանի մասով: Չորս ամիսներին Հայաստանից Չինաստան է ուղարկվել մոտ 20.5 մլն դոլար, աճը՝ մոտ 11 մլն դոլար կամ 2.2 անգամ: Քանի որ տրանսֆերտների այս վիճակագրության մեջ ներկայացվում են ֆիզիկական անձանց փոխանցումները, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, ենթադրվում է, որ Հայաստանից Չինաստան ուղարկվող գումարների աճը պայմանավորված է հենց անհատ ձեռնարկատերերի գործունեությամբ, որոնք զբաղվում են Չինաստանից ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով:
Հիշեցնենք, որ 2020 թվականին դեպի Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 842 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 6%-ով: Միևնույն ժամանակ, 13%-ով կրճատվել են Հայաստանից դուրս եկող գումարներն ու կազմել 1 մլրդ 267 մլն դոլար:
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: