«Իրական հաջողակ բիզնեսը պետք է կայուն «խրամատ» ունենա։ Կապիտալիզմի դինամիկան երաշխավորում է, որ մրցակիցները շարունակաբար հարձակվելու են որևէ բիզնես «ամրոցի» վրա, որը բարձր եկամտաբերություն ունի։ Ուստի, կայուն հաջողության համար անհրաժեշտ է ազդեցիկ պատնեշ (խրամատ), ինչպիսին է օրինակ ցածրարժեք կամ հզոր ապրանքանիշը։ Բիզնեսի պատմության մեջ շատ են եղել ընկերություններ, որոնց պատնեշները մտացածին էին և շատ արագ քանդվել են։
Կայունության մեր չափանիշը բացառում է այն ընկերություններին, որոնց հաջողությունը կախված է հիանալի կառավարիչ ունենալուց։ Իհարկե, հիանալի գլխավոր գործադիր տնօրենը մեծ արժեք է ցանկացած ընկերության համար, բայց, եթե բիզնեսը պահանջում է «գերաստղ» լավ արդյունքների հասնելու համար, այն ինքնին չի կարող հաջողակ համարվել։
Բժշկական հաստատությունը, որը ղեկավարում է ձեր տարածքի լավագույն նյարդավիրաբույժը, կարող է ապահովել մեծ և աճող եկամուտներ, բայց դա քիչ բան է ասում բիզնեսի ապագայի մասին։ Այն կսասանվի, երբ վիրաբույժը հեռանա։ Սակայն, դուք կարող եք վստահ լինել, որ Մայո կլինիկայի (Mayo Clinic) խրամատն անսասան կմնա, նույնիսկ եթե դուք չկարողանաք հիշել դրա գլխավոր գործադիր տնօրենի անունը»։
Ուորեն Բաֆեթ
Սա Փողի, պարտքի, գնաճի և հարստության պահպանության մասին մեր եռագրության վերջին՝ երրորդ մասն է։ Առաջին մասում մեր ընկերը հարցրել էր, թե ինչպե՞ս պետք է ներդնի ժառանգություն ստացած 100 միլիոն դոլարն առաջիկա քսան-երեսուն տարիների ընթացքում դրա գնողունակությունը պահպանելու համար։ Եռագրության այս մասում մենք կանդրադառնանք մեր ընկերոջ հարցին, որը, ի դեպ, նույնքան կարող է վերաբերել նաև 100 հազար ԱՄՆ դոլար ժառանգությանը։
«Բոմբարդիե» կորպորացիան ինքնաթիռների, ձնագնացների, գնացքների աշխարհահռչակ կանադական արտադրող է։ Դրա բաժնետոմսերը 1967 թվականից ի վեր դրվել են հանրային առքուվաճառքի։ Եթե մեր ընկերը 1 միլիոն դոլար ներդներ «Բոմբարդիեի» մեջ 2001թ. (քսան տարի առաջ), այսօր նրա ներդրումը կարժենար մոտ 100 հազար դոլար (90% նվազում)։
2001թ. ի վեր ամենամեծ եվրոպական բանկերն (գերմանական, ֆրանսիական, իտալական…) ավելի քան 75% անկում են գրանցել։ Ամերիկայի հայտնի «Սիթիգրուպը» մոտ 85% անկում է գրանցել։ Մինչդեռ, «Բոինգ» կորպորացիայի բաժնետոմսերն աճել են շուրջ 400%-ով, Կանադայի Թագավորական բանկինը՝ շուրջ 600%-ով, իսկ Ամերիկայի «Ջեյ Փի Մորգան» բանկինը՝ շուրջ 300%-ով (և սա չհաշված անցած քսան տարիների ընթացքում վճարված դիվիդենտները)։
2001թ. մեկ բրիտանական ֆունտն արժեր 1.4 ԱՄՆ դոլար, 2007թ. այն արժևորվեց մինչև 2 ԱՄՆ դոլար, իսկ հիմա նորից հավասար է 1.4 ԱՄՆ դոլարի՝ ճիշտ նույնքան, որքան 2001թ.։ 2001թ. ձեռքի վրա թուրքական լիրան ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվեց շուրջ 90%-ով։
Ռուսաստանի ամենամեծ բանկի՝ «Սբերբանկի» բաժնետոմսերը 2001թ. 2 ռուբլուց այսօր դարձել են 310 ռուբլի. այսպիսով, չնայած այս ընթացքում ԱՄՆ դոլարի հանդեպ ռուսական ռուբլու 70% արժեզրկմանը, 2001թ. «Սբերբանկի» բաժնետոմսերում կատարած 1 միլիոն դոլար ներդրումն այսօր կարժենար 50 միլիոն (չհաշված դիվիդենտները)։
Այս բոլոր օրինակները վկայում են, որ հարցը պարզապես տվյալ երկրի, ոլորտի կամ արժույթի մասին չէ։ Մենք նույնիսկ դեռ չենք խոսել պարտատոմսերի մասին՝ սուվերեն, կորպորատիվ, փոխարկելի, չենք անդրադարձել դերիվատիվներին։ Ներդրումների աշխարհը բարդ է, ուստի ի՞նչ կարող ենք ասել մենք մեր ընկերոջն իր ժառանգության մասին։
Կայուն ներդրման հիմնական սկզբունքը չի փոխվել դարեր ի վեր՝ գնահատել ռիսկերը և ապագա եկամուտները։ Այս երկուսի համադրությունը, որն անվանում են Ռիսկի ու Վարձատրության հարաբերակցություն, եղել է և միշտ կմնա բոլոր ներդրումների հիմքում՝ անկախ ակտիվների դասից։ Խնդիրն այն է, որ դա շատ ավելի հեշտ է թվում տեսության մեջ, քան իրականում։ Ինչպե՞ս ենք մենք գնահատում ռիսկերը։ Մարդիկ տասնամյակներ են ծախսում՝ ուսումնասիրելով ռիսկերի գնահատման ոլորտը։ Մյուսները տասնամյակներ են ծախսում՝ ուսումնասիրելով ապագա եկամուտների կանխատեսման մեթոդները։ Մարդկանց շատ ավելի փոքր մի խումբ, օրինակ՝ Ուորեն Բաֆեթը, համադրում են այդ երկուսը՝ Ռիսկը և վարձատրությունը, այն ամեն օր կիրառելով իրական կյանքում։ Այսպիսով, խորհուրդը, որը մենք կարող ենք տալ մեր ընկերոջը, հետևել հետևյալ հինգ կանոնին՝
Առաջին. գնողունակությունը պահպանելու կամ ավելացնելու միակ ճանապարհը արտադրողական ակտիվների մեջ ներդնելն է։ Դա կարող է լինել գյուղատնտեսությունից մինչև անշարժ գույք, մարդկային կապիտալ (այդ թվում՝ ձեր երեխաները) կամ բիզնես։ Բիզնեսը կարող է լինել մասնավոր կամ պետական (բորսայում վաճառվող բաժնետոմսերով). կարևոր չէ։ Ներդնել ակտիվներում, որոնք որևէ արժեք չեն ստեղծում և պահվում են միայն հետագայում մեկ ուրիշին ավելի բարձր գնով վաճառվելու նպատակով, ոչ թե ներդրում է, այլ՝ սպեկուլյացիա։ Եթե ցանկանում եք ներդրում կատարել ոսկու մեջ, ընտրեք ոսկու արդյունահանմամբ զբաղվող հեղինակավոր ընկերություն՝ ոսկու ձուլակտորը պարզապես առնելու ու պահատուփի մեջ պահելու փոխարեն։ Եթե ցանկանում եք ներդնել հողի մեջ, անտառահատված գնեք, կամ խնձորի այգիներ կամ գյուղատնտեսական նշանակության հողեր։
Երկրորդ. հստակ սահմանեք ձեր կարողությունների շրջանակը։ Հասկացեք, թե որ բիզնեսներից եք հասկանում և ներգրավվեք դրանցում։ Մարդիկ կան՝ գիտեն, թե գյուղատնտեսական որ հողերն են խոստումնալից, մյուսներն էլ հրաշալի հասկանում են այս կամ այն արդյունաբերական ոլորտներից։
Երրորդ. ներդրեք բիզնեսներում, որոնք հիմնված են կայուն էկոհամակարգ ունեցող երկրներում։ Մենք էկոհամակարգերին նվիրված զեկույց ենք հրապարակել, որը հասանելի է Futures Studio-ի կայքում։ Զեկույցի՝ կայուն էկոհամակարգերին նվիրված առաջին գծանկարը ներկայացնում ենք նաև այս հրապարկման մեջ։
Գծանկար 1. Էկոհամակարգի չորս հենասյուները
Չորրորդ. դուք կարող եք գնել հրաշալի ակտիվ խելամիտ գնով կամ լավ ակտիվ հրաշալի գնով։ Շատ մարդիկ իրենց կյանքը ծախսում են հրաշալի գներ փնտրելով։ Նրանք հաճախ գնում են գնի հետևից և հետո միայն դիտարկում բիզնեսը։ Սա հաճախ մեծ սխալ է։ Հրաշալի ակտիվները երբեք էժան չեն։ Դրանք կամ թանկ են, կամ խելամիտ գին ունեն, բայց էժան չեն։ Մյուս կողմից լավ ակտիվները կարող են վաճառվել մեծ զեղչերով (մենք դա անվանում ենք «հրաշալի գին»)։ Մարդիկ, ովքեր ներդրում են կատարում հրաշալի գնով լավ ակտիվների մեջ, շուտով հասկանում են, որ այդ ակտիվները շատ ժամանակ են պահանջում, չափից ավելի սթրես են առաջացնում և չափից ավելի թաքնված ռիսկեր ունեն։ Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը՝ «թանկից էժան չկա»։ Խորհուրդը, որը մենք տալիս ենք մեր ընկերոջը հետևյալն է՝ գնացեք հրաշալի ակտիվների հետևից և փորձեք դրանք ձեռք բերել խելամիտ գնով (քանի որ հաճախ դրանք կարող են թանկ լինել)։
Հինգերորդ. նվազագույնի հասցրեք առևտրի կամ գործարքի ծախսերը։ Հաճախակի մի գնեք ու վաճառեք, այլապես դուք ձեր շահույթի մեծ մասը կտաք միջնորդներին՝ ֆոնդային բրոքերներին, պարտատոմսերի դիլերներին կամ անշարժ գույքի գործակալներին։ Հենց հասկանաք և կիրառեք վերոնշյալ չորս կանոնները, կատարեք ձեր ներդրումները և հավատարիմ մնացեք դրանց: Վաճառեք միայն այն դեպքում, երբ իսկապես համոզված եք, որ սխալ եք թույլ տվել կամ ինչ-որ հիմնարար փոփոխություն է եղել: Մի գերագնահատեք պահը որսալու ձեր ունակությունը աշխարհի ամենաարդյունավետ շուկայում՝ արժեթղթերի շուկայում։ Ներդրողների համար չափազանց ինքնավստահությունը մահացու մեղք է:
Եզրակացություն
Լավ ներդրող լինելու համար պարտադիր չէ ունենալ բացառիկ խելք կամ թանկարժեք կրթություն։ Այն պահանջում է մեծ աշխատասիրություն և կարգուկանոն։ Ռիսկի և ապագա եկամուտների գնահատումն այնքան դժվար չէ, որքան որ ձեզ կվստահեցնեն տարբեր աշխարհահռչակ համալսարանների ֆինանսների և տնտեսագիտության ֆակուլտետները։
Դավիթ Թավադյան
Նյութի սկզբնաղբյուրը` futures-studio.org։
Այս թեմայով՝