Տասնամյակներ առաջ աշխարհակալ Մեծ Բրիտանիայում «արևը երբեք մայր չէր մտնում»։ Շուտով նրա գաղութները բռնեցին անկախության ուղին, և չնայած դրան՝ «բրիտանական արևը դարձյալ մայր չմտավ», քանի որ անկախացած պետությունները շարունակեցին կրել բրիտանական մշակույթն ու կառավարման ավանդույթները։ Երբ անդրադարձանք կրթական երկնակամարում փայլող Հոնկոնգին ու Սինգապուրին, նկատեցինք, որ այնտեղ մեծ է բրիտանական կրթության հետքը։ Այսօր կտեսնենք, թե ինչպիսին է բրիտանական դպրոցը հենց այնտեղ՝ Միացյալ Թագավորությունում։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատու է Անգլիայի կրթական ոլորտի համար, իսկ թագավորության մյուս երկրների՝ Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի կրթական ոլորտները կառավարվում են իրենց գործադիր իշխանությունների կողմից։ Թեպետ նրանց կրթական համակարգերում կան որոշ կառուցվածքային տարբերություններ, սակայն կրթության ընդհանուր փիլիսոփայությունն ու քաղաքականությունը գրեթե նույնական է։
Ընդհանուր պատկերը
Բրիտանական դպրոցը լավագույններից է Եվրոպայում: «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) վերջին արդյունքներով բրիտանացի դպրոցականները աշխարհում 13-րդ տեղում են գիտությունից, մաթեմատիկայից ու ընթերցանությունից ունեցած կարողություններով։ Գրագետ է բնակչության 99%-ից ավելին, բարձրագույն կրթություն ունի ավելի քան 45%-ը։
Մեծ Բրիտանիան կրթության ոլորտին է հասցեագրում պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 14%-ից ավելին (ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 5․4%-ը): Ընդհանուր առմամբ՝ ուսուցչի աշխատավարձը շատ բարձր է։ Սակայն, չնայած այդ հանգամանքին, բրիտանական դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան։ Ըստ վիճակագրության՝ բրիտանական դպրոց մտնող ամեն 3-րդ ուսուցիչ առաջիկա 5 տարում լքում է դպրոցը։ Աշակերտների թիվը գնալով մեծանում է, իսկ կառավարությունը արդեն յոթ տարի է ձախողում է նպատակադրած թվով ուսուցիչների հավաքագրումը։ Պարզվում է՝ ուսուցիչների 75%-ը տառապում է աշխատանքի հետ կապված սթրեսից։ Ծանրաբեռնվածությունը այնքան շատ է, որ ամսական միջինում 3500 ԱՄՆ դոլար աշխատավարձը գրավիչ չէ ուսուցիչների համար։
Մեծ Բրիտանիայում առաջադիմության ու քննությունների վրա կենտրոնանալը վնասում է ոչ միայն ուսուցիչների, այլ նաև երեխաների հոգեկան առողջությանը։ Այդպիսի խնդիրները օրեցօր ավելանում են։ Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ դպրոցն արդեն տարիներ շարունակ «կենտրոնանում է առաջադիմության վրա և անտեսում երեխայի՝ լավ կամ վատ լինելը»։ Մանկական տարիքում ծագած հոգեկան խնդիրները ազդում են ողջ կյանքի վրա և հետագայում հանգեցնում բարդագույն, հաճախ անլուծելի հասարակական հիմնահարցերի։ Սխալն ուղղելու համար այժմ Մեծ Բրիտանիայում փորձ է արվում հոգեբանական կրթության միջոցով հոգալ երեխաների հոգեկան առողջության մասին։
Բրիտանական կրթությունը բնորոշվում է չափազանց մեծ անհավասարություններով։ The Guardian-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայում «լավ» դպրոցները ընտրում են միայն «լավ» ընտանիքների երեխաներին, ովքեր առավել բարենպաստ մեկնարկային հնարավորություններ ունեն սովորելու համար։ «Ոչ նպաստավոր» ծագումով, հատուկ կարիքներով երեխաները կենտրոնացած են այն դպրոցներում, որտեղ առանձնապես ուշադիր չեն ու չեն հետևում, որ երեխան լավ սովորի։ Խտրականությունները առկա են նաև ֆինանսական և ռասայական հիմքերով։
Դպրոցական կրթության համակարգը
Բրիտանական կրթության հիմնական դեմքը Անգլիան է, որին սերտորեն հարում է Ուելսը, ապա նաև Հյուսիսային Իռլանդիան։ Շոտլանդիայի հետ նրանց տարբերությունը կարելի է ներկայացնել այսպես․ եթե Անգլիայում, Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում կրթությունը բնորոշվում է խորությամբ, ապա Շոտլանդիայում՝ լայնությամբ։ Այսպես, ի տարբերություն Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում քիչ, բայց բավականին լուրջ ու խորը քննությունների, Շոտլանդիայում առկա են բազմաթիվ, բայց ոչ այնքան խորքային քննություններ։
Կրթական համակարգի կառուցվածքը նույնն է Անգլիայում և Ուելսում, իսկ Հյուսիսային Իռլանդիայում ու Շոտլանդիայում կան չնչին տարբերություններ։
Նախադպրոցական կրթությունը 3-5 տարեկանների համար է։ Անվճար նախադպրոցական կրթությունը ընդգրկում է տարեկան միջինում 600 ժամ խնամք և կրթություն մանկապարտեզներում։ Դրանից ավելիի համար նախադպրոցական կրթությունը վճարովի է․ կեսօրյայի դեպքում՝ շաբաթական 158 ԱՄՆ դոլար (82 000 դրամ), լրիվօրյայի դեպքում՝ 302 ԱՄՆ դոլար (157 000 դրամ)։ Նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներից են երեխայի սոցիալական հմտությունների և ստեղծագործականության զարգացումը, որը տեղի է ունենում խաղերի, նկարելու, ներկելու, երգելու և այլ զբաղմունքների միջոցով։
Միացյալ թագավորության ողջ տարածքում լայնորեն կիրառվում է երեխաների տնային ուսուցումը։ Երեխաների մեծամասնությունը հաճախում է պետական դպրոց, և միայն 7%-ն է ընտրում մասնավոր, այսպես կոչված, անկախ դպրոցները։ Համազգեստը պարտադիր է և որոշվում է դպրոցի կողմից։ Դպրոցը աշակերտներին առաջարկում է նաև արտադասարանային խմբակներ, որոնց դասերը հիմնական դասաժամերից հետո են․ լեզուներ, սննդի պատրաստում, արվեստ, արհեստներ, աշխարհագրություն և պատմություն, այգեգործություն, սպորտ, ընթերցանություն, գիտություն, մաթեմատիկա և այլն։
Տարրական դպրոց հաճախում են 5 տարեկանից, սակայն Հյուսիսային Իռլանդիայում հնարավոր է նաև 4 տարեկանից։ Դասավանդվող առարկաները գրեթե նույնն են ինչպես Անգլիայում, այնպես էլ մյուս երեք բաղկացուցիչ երկրներում․ անգլերեն, մաթեմատիկա, գիտություն, արվեստ և դիզայն, համակարգչային գիտություն, դիզայն և տեխնոլոգիա, օտար լեզուներ (3-րդ դասարանից), աշխարհագրություն, պատմություն, կրոն, երաժշտություն, ֆիզիկական կրթություն։ Տարրական դպրոցի ողջ ընթացքում երեխաները չեն փոխում դասասենյակը․ բացառություն են միայն անգլերենի ու մաթեմատիկայի դասաժամերը։
Անգլիայում ընդունված է երբեմն դասասենյակները անվանել ինչ-որ կենդանիների, անհատների, պետությունների կամ մայրցամաքների անուններով՝ դասարանի հերթական համարի փոխարեն։ Բրիտանական դպրոցներում օրվա առարկաները պատահական չեն բաշխվում․ առավոտյան ուսումնասիրում են մաթեմատիկա, գիտություն ու անգլերեն, իսկ կեսօրին՝ արվեստ և դիզայն, պատմություն, կրոն, աշխարհագրություն, դիզայն և տեխնոլոգիա և այլն։ Լայնորեն տարածված են նաև միջառարկայական թեմաները (աշխարհի հարցեր, առողջ սնունդ, բնություն, շրջակա միջավայր․․․), որոնց ուսումնասիրությունը լայնացնում ու խորացնում է սովորողների մտահորիզոնը։
Դպրոցական կրթությունը Անգլիայում բաժանված է 4 հատվածների, որոնք կոչվում են հիմնարար փուլեր (ՀՓ)։ ՀՓ1-ն ընդգրկում է տարրական դպրոցի 1-2-րդ, ՀՓ2-ը՝ 3-6-րդ դասարանները։ ՀՓ3-ը միջնակարգ դպրոցի 7-9-րդ, իսկ ՀՓ4-ը՝ 10-11-րդ դասարաններն են։ Տարրական դպրոցի երկու հիմնարար փուլերից հետո կան թեստային քննություններ ընթերցանությունից, քերականությունից, կետադրությունից, ուղղագրությունից և մաթեմատիկայից։ Բացի քննություններից աշակերտները ուսուցիչների կողմից ստանում են նաև ամփոփ գնահատականներ բոլոր առարկաներից։
Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանից ուսումնական ծրագրից դուրս են գալիս արվեստը և դիզայնը, դիզայնը և տեխնոլոգիան, աշխարհագրությունը, պատմությունը և երաժշտությունը։ Ավելանում են անգլիական գրականությունը, դրաման և մեդիա արվեստը, բիզնեսը և տնտեսագիտությունը, լուսանկարչությունը, ճարտարագիտությունը (ինժինիրինգ), քաղաքացիական կրթությունը և այլն։ Հետաքրքիր է, որ քաղաքացիական կրթության շրջանակներում որոշակի քննարկումներ կամ ուսումնասիրություններ կատարվում են և՛ վաղ առավոտյան, և՛ ուշ կեսօրին։
ՀՓ4-ի ընթացքում աշակերտներին առաջարկվում են նաև ընտրովի առարկաներ։ Ընտրությունը կատարվում է՝ ելնելով սեփական հետաքրքրություններից ու ապագա հեռանկարներից։ Անգլերեն լեզուն ու գրականությունը, մաթեմատիկան, գիտությունը, քաղաքացիական կրթությունը, կրոնը, համակարգչային գիտությունը և ֆիզկուլտուրան մնում են հիմնական։ Դպրոցները կարող են նաև ըստ իրենց ցանկության ներմուծել ոչ պարտադիր առարկաներ, որոնցից են լրագրությունը, թվային տեխնոլոգիաները, տնային տնտեսագիտությունը։ Անգլիայում աշակերտները ավելի վաղ են սկսում մասնագիտանալ կոնկրետ ուղղությամբ, քան շատ այլ երկրներում։
Միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացի լավ կառավարման համար աշակերտներին տրամադրում են, այսպես կոչված, «դպրոցական պլանավորիչներ», այսինքն՝ պլանավորման համար նշումների գրքեր, որոնցում կան ոչ միայն ժամանակացույցը և կազմակերպչական այլ հարցերի պատասխաններ, այլ նաև ուսումնական ռեսուրսներ։
Չորրորդ հիմնարար փուլին (ՀՓ4) հաջորդում է «16 տարեկանից հետո» կրթությունը, որը Անգլիայի տարածքում անվանում են հինգերորդ հիմնարար փուլ (ՀՓ5)։ Հետաքրքրական է, որ դպրոցում կրթությունը պարտադիր է մինչև 16 տարեկանը, սակայն ավարտելուց հետո շրջանավարտը պարտավոր է կրթությունը շարունակել ևս 2 տարի՝ ընդգրկվելով կրթության մեկ այլ ձևում, օրինակ՝ քոլեջներում, և ստանալ 3-րդ մակարդակի որակավորում (A մակարդակ, արհեստագործական ազգային որակավորում (NVQ) և այլն)։
Նախորդ տարի Անգլիայում ներկայացվել ու 3 տարիների ընթացքում ամբողջապես ներդրվելու է «T մակարդակի» որակավորումը (T – technical, տեխնիկական)։ Նախատեսվում է մասնագետներ պատրաստել հետևյալ ոլորտներում․
-
- հաշվապահություն,
- գյուղատնտեսություն, հողերի կառավարում և արտադրություն,
- կենդանիների խնամք և կառավարում,
- շինարարական ծառայությունների ճարտարագիտություն (ինժինիրինգ),
- սննդի կազմակերպում,
- արհեստ և դիզայն,
- մշակութային ժառանգություն և այցելուների գրավում,
- նախագծում, գեոդեզիա և պլանավորում,
- թվային բիզնես ծառայություններ,
- թվային արտադրություն, դիզայն և մշակում,
- թվային աջակցություն և ծառայություններ
- վարսահարդարում, գեղեցկություն ու գեղագիտություն,
- և այլն։
Բացի քոլեջներից, Անգլիայում գոյություն ունի նաև Աշկերտության ազգային ծառայություն, որը օգնում է 16 տարեկաններին որևէ արհեստ ձեռք բերել և մտնել աշխատաշուկա։ Արհեստագործի մասնագիտության նկատմամբ այսպիսի լուրջ վերաբերմունքը, անշուշտ, պետության հասունության ու իրականությունից կտրված չլինելու մասին է հուշում․ չէ՞ որ լավ ծրագրավորողից պակաս կարևոր չէ լավ զոդող ունենալը։