Սպառումը հանդիսանում է ցանկացած արտադրության միակ նպատակն ու իմաստը, իսկ արտադրողի շահը պետք է կարևորվի այնքանով, որքանով այն կարող է ապահովել սպառողի շահերը:
Ադամ Սմիթ
Ինչպես նշել է Ադամ Սմիթը ավելի քան 240 տարի առաջ, սպառումը ցանկացած արտադրության նպատակն է: Սակայն սպառումը երբեք չի նախորդում արտադրությանը: Հնարավոր չէ բարձրացնել եկամուտն ու կենսամակարդակը, եթե մարդկանց համար արժեք ներկայացնող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը չի մեծանում:
Հասկանալի է, որ եթե մարդկանց համար արժեք ներկայացնող ամենօրյա գործածության ապրանքները ոչնչացվեն, հասարակությունը կհայտնվի դժվար իրավիճակում: Այս պնդումն այնքան ակնհայտ է, որ թվում է, թե այն շեշտելն առնվազն անմտություն է: Բայց երբեմն ընդունվել են ծրագրեր, որոնց հիմքում այն սխալ գաղափարն է, թե ապրանքների ոչնչացումը հասարակությանն օգուտ կտա:
1933թ. ԱՍՆ Կոնգրեսն ընդունեց Գյուղատնտեսության ոլորտի կարգավորման մասին օրենքը (անգլ. Agricultural Adjustment Act, AAA), որով պետք է կրճատվեր առաջարկը, և այդպիսով կանխվեր գյուղատնտեսական ապրանքների գների իջեցումը: «Նոր կուրս» ծրագրի շրջանակում ընդունված այս նոր օրենքով դաշնային կառավարությունը ֆերմերներին վճարում էր, որպեսզի վերջիններս կրճատեն բամբակի, եգիպտացորենի, ցորենի և գյուղատնտեսական այլ ապրանքների իրենց ցանքատարածքները: Կարտոֆիլ աճեցնող գյուղատնտեսներին վճարում էին, որպեսզի նրանք իրենց կարտոֆիլը ցողեն ներկանյութով՝ դարձնելով այն սպառման համար ոչ պիտանի: Առողջ խոշոր եղջերավոր անասուններին, ոչխարներին և խոզերին մորթում էին և ընդհանուր թաղում, որպեսզի այդպես հեռու պահեն շուկայից: Միայն 1933թ. գյուղատնտեսական ոլորտի կարգավորման մասին այս օրենքի շրջանակում մորթվել է վեց միլիոն խոճկոր:
1936թ. Գերագույն դատարանն օրենքը ճանաչեց որպես հակասահմանադրական, բայց արդեն այն ժամանակ, երբ այն միլիոնավոր արժեքավոր գյուղատնտեսական ապրանքներ էր խլել ամերիկացի սպառողներից: Ավելին՝ օրենքի փոփոխված տարբերակներով էլ Միացյալ Նահանգների կառավարությունն անգամ այսօր շարունակում է վճարել տարբեր գյուղատնտեսների՝ իրենց արտադրանքը սահմանափակելու համար: Թեև այս օրենքներից օգտվողների քաղաքական պահանջները հասկանալի են, այսպիսի ծրագրերն, այնուամենայնիվ, արժեքավոր ռեսուրսներ են ոչնչացնում՝ աղքատացնելով ժողովրդին:
Միայն Միացյալ Նահանգները չէ, որ հարկատուների ու սպառողների հաշվին արձագանքում է գյուղատնտեսներին «աջակցելու» քաղաքական ճնշմանը: Եվրոպական Միության «Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությունը» ԵՄ-ի բյուջեի ամենածախսատար և ամենավիճելի մասերից մեկն է: Բացի այդ, գյուղատնտեսությունը միակ թիրախավորված արդյունաբերական ճյուղը չէ: Միացյալ Նահանգներում 2009թ. «Կանխիկ գումար հին մեքենաների դիմաց» ծրագիրը մեկ այլ օրինակ է, որով քաղաքական գործիչները փորձում են խթանել բարգավաճումը՝ ոչնչացնելով արտադրական ակտիվները, այս դեպքում՝ օգտագործված ավտոմեքենաները: «Կանխիկ գումար հին մեքենաների դիմաց» ծրագրով ավտոմեքենա վաճառողներին վճարում էին 3500-ից 4500 ԱՄՆ դոլար՝ հին ավտոմեքենաները ոչնչացնելու համար, իսկ դրանց փոխարեն հավելավճարի դիմաց տրվում էին նոր ավտոմեքենաներ: Ավտոմեքենա վաճառողներից պահանջվում էր ոչնչացնել շարժիչները նատրիումի սիլիկատի լուծույթով, ջախջախել դրանք մամլիչ մեքենայով և ուղարկել հին ավտոմեքենաների աղբավայր, որպեսզի երաշխավորեին, որ անգամ մասերը հետագայում չեն օգտագործվի որպես պահեստամաս:
Այս ծրագրի կողմնակիցների փաստարկն այն էր, որ ծրագիրը կխթանի վերաթողարկմանը՝ մարդկանց դրդելով նոր ավտոմեքենաներ գնել: Սակայն նոր ավտոմեքենաներն ավելի թանկ են, քան օգտագործվածները, իսկ օգտագործված ավտոմեքենաների գինը բարձրացավ, քանի որ առաջարկը նվազեց: Արդյունքում սպառողներն ավտոմեքենաներ գնելու համար (թե նորերի, թե օգտագործվածների) ավելի շատ ծախսեցին, որի հետևանքով պակասեցին այլ ապրանքների վրա ծախսվող միջոցները: Այսպիսով, «Կանխիկ գումար հին մեքենաների դիմաց» ծրագիրը չկարողացավ խթանել ընդհանուր պահանջարկը:
Իրականում հարկատուները նոր ավտոմեքենաներ գնելու համար տրամադրեցին 3 միլիարդ դոլար սուբսիդիաների տեսքով, իսկ շուրջ 700 000 օգտագործված ավտոմեքենայի ոչնչացումն արժեցավ մոտ 2 միլիարդ դոլար: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ նոր ավտոմեքենաներ գնել, ստացան սուբսիդիաներ, իսկ անապահով մարդիկ, որոնք հույսը դնում էին օգտագործած ավտոմեքենաների վրա, զրկվեցին այդ հնարավորությունից: Իսկ երբ ծրագիրն ավարտվեց, նոր ավտոմեքենաների վաճառքը կտրուկ նվազեց: Գերմանիան ներդրեց հին ավտոմեքենաների փոխարինման իր սեփական ծրագիրը, որն ըստ հաշվարկների՝ հարկատուների համար ավելի քան 7 միլիարդ դոլար արժեցավ․ դա ԱՍՆ-ի համանման ծրագրի արժեքից մոտ երկու անգամ ավելի բարձր է:
Նմանատիպ ծրագրեր իրականացվել են Արևելյան Եվրոպայի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Սլովակիայում: Ռումինիայում «Ռաբլա» (հնոտիք) կոչվող ծրագրի շրջանակում մինչև 1500 եվրո արժողությամբ վաուչերների դիմաց ութ տարվա կամ ավելի հին 525 000-ից ավել ավտոմեքենա ոչնչացվեց: Ծրագիրը գործում էր 2005-2015թթ․ ժամանակահատվածում, և յուրաքանչյուրին թույլատրված էր մինչև երեք հին մեքենա հանձնել՝ ստանալով վաուչերներ, որոնք կարելի էր օգտագործել նոր մեքենաներ ձեռք բերելու նպատակով:
Եթե ավտոմեքենաների ոչնչացումը լավ գաղափար է, ապա ինչու՞ չպահանջել սեփականատերերից, որ ամեն տարի ոչնչացնեն իրենց ավտոմեքենաները: Միայն պատկերացրե՛ք, թե որքան նոր ավտոմեքենա կվաճառվի այդպես: Այս բոլոր ծրագրերը տնտեսագիտության տեսանկյունից հիմնավորված չեն: Գուցե այդպես հնարավոր է օգնել որևէ առանձին արտադրողի՝ ավելի սահմանափակելով նրանց ապրանքները, սակայն հնարավոր չէ բարելավել բնակչության բարեկեցությունը՝ ոչնչացնելով պահանջարկ և սպառողական արժեք ունեցող ապրանքները:
Ոչնչացման ավելի հնարամիտ տարբերակ են հանդիսանում կառավարության այն գործողությունները, որոնք մեծացնում են տարբեր ապրանքներ գնելու այլընտրանքային ծախսը: Ամբողջ աշխարհի երկրներում ձկնարդյունաբերության ոլորտի սուբսիդիաներին տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացվում, որի 60%-ն ուղղակիորեն խրախուսում է կործանարար, ոչնչացնող կամ նույնիսկ անօրինական գործողություններ: Արդյունքում ի հայտ եկող շուկայի խեղաթյուրումը համաշխարհային ձկնարդյունաբերության քրոնիկ անարդյունավետ կառավարման լուրջ պատճառ է հանդիսանում, որի՝ համաշխարհային տնտեսությանը պատճառած վնասը Համաշխարհային բանկի հաշվարկներով 2012թ. կազմել է 83 միլիարդ ԱՍՆ դոլար: Բացի այդ, հարուստ երկրներին (մասնավորապես Ճապոնիային, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Իսպանիային), Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ միասին, բաժին է ընկնում համաշխարհային ձկնարդյունարերության սուբսիդիաների 70%-ը:
Այս հատկացումները ձկնորսությամբ ապրող հազարավոր համայնքների ստիպում են մրցակցության մեջ մտնել սուբսիդավորված մրցակիցների հետ և սպառնում են միլիոնավոր մարդկանց սննդի անվտանգությանը, քանի որ հեռավոր երկրների արդյունաբերական նավատորմերը սպառում են նրանց օվկիանոսային պաշարները: Դա հատկապես մեծ հարված է հասցնում Արևմտյան Աֆրիկային, որտեղ ձկնորսությունը կարող է կյանքի ու մահվան հարց լինել տեղի բնակչության համար: Սկսած 1990-ականներից, երբ օտարերկրյա՝ մասնավորապես ԵՄ-ի և Չինաստանի նավերը, սկսեցին Արևմտյան Աֆրիկայի ափերին խոշոր արդյունաբերական ծավալներով ձկնորսությամբ զբաղվել, տեղացի շատ ձկնորսների համար ապրուստի գումար վաստակելը կամ ընտանիքին կերակրելը անհնարին դարձավ:
Քաղաքական գործիչները և պետական միջոցներով իրականացվող ծրագրերի կողմնակիցները սիրում են պարծենալ իրենց ծրագրերի ստեղծած աշխատատեղերով և չափազանցնել այդ ծրագրերից ստացվող օգուտները: Այդ պատճառով տնտեսագիտական գրագիտությունը դառնում է հատկապես կարևոր: Թեև զբաղվածությունը հաճախ ընդունվում է որպես հարստություն ստեղծելու միջոց, պետք է հիշել, որ միայն աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ տնտեսական բարեկեցությունը բարելավելու համար. պետք է ստեղծել այնպիսի աշխատատեղեր, որոնք մարդկանց համար արժեքավոր ապրանքների ու ծառայությունների արտադրություն կապահովեն: Երբ մարդիկ մոռանում են այդ ակնհայտ փաստը, հեշտ է նրանց մոլորեցնել և ստիպել ընդունել այնպիսի ծրագրեր, որոնք նվազեցնում են հարստությունը այն մեծացնելու փոխարեն:
Արհեստականորեն աշխատատեղեր ստեղծելու վրա կենտրոնանալը կարող է ծայրահեղ մոլորեցնող լինել: Վաղ շրջանի ֆրանսիացի մեծ տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիան իր Ce qu’on voit et ce qu’on ne voit pas («Ինչն է տեսանելի և ինչը տեսանելի չէ», 1850թ.) ակնարկում «կոտրված պատուհանի» մասին առակով հստակ ցույց է տալիս այդ մոլորությունը․
«Երբևէ ականատես եղե՞լ եք բարի խանութպան Զեյմս Գուդֆելոուի զայրույթին, երբ նրա անփույթ որդին պատահաբար կոտրում է պատուհանի ապակին: Եթե ներկա եք եղել այդ տեսարանին, անշուշտ, պետք է որ նկատած լինեք այն փաստը, որ ականատեսներից յուրաքանչյուրը, եթե անգամ նրանք երեսունն են, կարծես միաձայն մխիթարում են դժբախտ սեփականատիրոջը՝ ասելով. «Չկա՛ չարիք առանց բարիք: Բոլորն էլ պետք է ապրուստ վաստակեն․ ի՞նչ անեն ապակեգործները, եթե ոչ ոք երբեք ապակի չկոտրի»:
Այսպիսով, մխիթարության այս ձևը մի ամբողջ տեսության պարզ օրինակ է, որը ճշգրիտ կերպով արտացոլում է այն տեսությունը, որով, ցավոք, առաջնորդվում է մեր տնտեսական հաստատությունների մեծ մասը:
Ենթադրենք՝ վնասված ապակու վերանորոգումն արժե վեց ֆրանկ, և դուք կասեք, որ պատահարը վեց ֆրանկ է բերում ապակեգործի բիզնեսին, որ այն խրախուսում է առևտուրը վեց ֆրանկի չափով: Չեմ կարող առարկել, դուք ճիշտ եք մտածում: Ապակեգործը կգա, կկատարի իր աշխատանքը, կստանա իր վեց ֆրանկը, կշփի ձեռքերը և հոգու խորքում կօրհնի անզգույշ երեխային: Ահա սա է տեսանելի մասը:
Բայց եթե մյուս կողմից եզրակացնեք (ինչպես չափազանց հաճախ է պատահում), որ պատուհաններ կոտրելը լավ բան է, նպաստում է փողի շրջանառությանը, և որ դրա արդյունքը տնտեսության տվյալ ճյուղի ընդհանուր խթանումն է, այդ դեպքում ստիպված եմ բղավել. «Կանգ առե՛ք: Ձեր տեսությունը սահմանափակվում է միայն տեսանելիով և հաշվի չի առնում անտեսանելին»: Տեսանելի չէ, որ քանի որ մեր խանութպանը վեց ֆրանկը ծախսել է մի բանի վրա, նա այն այլ բանի վրա չի կարող ծախսել:
Տեսանելի չէ այն, որ եթե նա ստիպված չլիներ փոխել պատուհանի ապակին, հավանաբար կփոխեր իր հնամաշ կոշիկները կամ իր գրադարանը կհարստացներ ևս մեկ գրքով: Կարճ ասած՝ իր վեց ֆրանկը կօգտագործեր որևէ այլ կերպ, որին էլ խանգարեց պատուհանի այս պատահարը»:
Բաստիան մեր ուշադրությունն արդարացիորեն հարստությունից դեպի արտադրություն է շեղում: Արդեն գոյություն ունեցող արժեքավոր ակտիվների ոչնչացման միջոցով նոր արտադրության համար պահանջարկի ստեղծումը հասարակության բարեկեցությունը բարելավելու արդյունավետ եղանակ չէ:
Արտատպված է Ջ. Գուարթնիի, Ռ. Սթրոուպի, Դ. Լիի, Թ. Ֆեռարինիի, Ջ. Կալհունի և Ռ. Ֆայլերի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքից։