Հայաստանի տնտեսությունը վերականգնվում է: 2021թ. 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (ՆՏՆԺՀ) ՀՆԱ-ն կրճատվեց 3.3 տոկոսով, ինչը բարելավում է նախորդ եռամսյակում ՆՏՆԺՀ գրանցված 8.7 տոկոսով անկման համեմատ: 2020թ. մասնավոր սպառման ծավալների 14 տոկոսով նվազումից հետո 2021թ. 1-ին եռամսյակում նույն ցուցանիշի կրճատման տեմպը թուլացավ կազմելով 3 տոկոս: Սա պայմանավորված էր սահմանափակումների վերացմամբ, 2020թ. լարված իրավիճակից հետո ընդհանուր տրամադրությունների բարելավմամբ և օտարերկրյա զուտ տրանսֆերտների ծավալի վերականգնմամբ:
Մասնավոր սպառման կրճատման վրա չեզոքացնող ազդեցություն ունեցավ 2021թ. 1-ին եռամսյակում ՆՏՆԺՀ պետական սպառման 12 տոկոսի աճը: Չնայած հիմնական միջոցներում ներդրումների չափավոր աճին (ՆՏՆԺՀ 4.2 տոկոս) համախառն կապիտալի ձևավորման ծավալը ՆՏՆԺՀ կրճատվեց 33 տոկոսով, ինչը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է պաշարների նվազմամբ: Զուտ արտահանումը դրական ազդեց ՀՆԱ-ի աճի վրա, ընդ որում, ներկրման համեմատ արտահանումն արձանագրեց աճի ավելի բարձր տեմպ:
Վերականգնման տեմպերն ուժեղացան ապրիլին, երբ տնտեսական ակտիվության ցուցիչը (ՏԱՑ) ՆՏՆԺՀ աճեց 23 տոկոսով: Այս շեշտակի աճը պայմանավորված էր ցածր բազայով, քանի որ 2020թ. ապրիլի ողջ ընթացքում գործում էր ամբողջական սահմանափակումները, սակայն կարևոր է արձանագրել, որ ՏԱՑ-ը գերազանցեց 2019թ. ապրիլի մակարդակները: Բարձր երկնիշ աճ արձանագրվեց ՏԱՑ-ում ներկայացված բոլոր ոլորտներում, որտեղ առաջատարն էր շինարարությունը (87 տոկոս), որին հաջորդել է արտադրությունը (22 տոկոս), որը 2020թ. փետրվարից հետո առաջին անգամ աճ գրանցեց: Ծառայությունների (չհաշված առևտուրը) և հանքարդյունաբերության աճն ավելի չափավոր էր և ՆՏՆԺՀ կազմեց համապատասխանաբար 15 և 11 տոկոս: Կուտակային արտահայտությամբ ՏԱՑ-ը թևակոխեց աճի շրջան 2021թ. 1 -ին չորս ամիսներին ավելանալով 2.6 տոկոսով:
Տնտեսության վերականգնումը, հավանաբար, կշարունակվի, քանի որ «ՔՈՎԻԴ-19»-ով վարակման դեպքերի թիվը նվազում է: Մինչև ապրիլի կեսերը շարժունակության ցուցիչը հասավ նախաքովիդյան մակարդակների 90 տոկոսին, և այս ցուցանիշը պահպանվեց մինչև հունիսի սկիզբը: Հունիսի սկզբին Հայաստանից մեկնող թռիչքների միջին թիվը աճեց 18-ով մայիսին և ապրիլին գրանցված համապատասխանաբար 16 և 14 միջին ցուցանիշների համեմատ: «ՔՈՎԻԴ-19»-ով վարակման դեպքերի թիվը, որն ապրիլի կեսերին հասավ իր գագաթնակետին, շարունակեց ընկնել:
Այսպես, վարակման օրական գրանցման դեպքերի թիվը սկսեց կայուն նվազել: Ապրիլի 2-րդ շաբաթում գրանցված առավելագույն մակարդակի (օրական ավելի քան 1,000 դեպք) համեմատ հունիսի առաջին շաբաթում օրական դեպքերի թիվը 100-ից ցածր էր, իսկ դրական տեստերի մասնաբաժինը նույն ժամանակաշրջանում ընկավ՝ 20 տոկոսից դառնալով 3 տոկոս: Պատվաստումների տեմպը մինչ օրս ցածր է, և հունիսի 6-ի դրությամբ բնակչության ընդամենը 1.6 տոկոսն է անցել առնվազն 1 ներարկում:
Ապրիլին գրանցված 6.2 տոկոսի համեմատ մայիսին գնաճը չափավորվեց կազմելով 5.9 տոկոս: Ամեն դեպքում, սա գերազանցել է ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքը: Գնաճի նվազումը պայմանավորված էր պարենի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գների անկմամբ (ապրիլին գրանցված 8.3 տոկոսի համեմատ 7.5 տոկոս մայիսին), նույնիսկ տրանսպորտի, հագուստի և հյուրընկալության ծառայությունների գների շարունակական աճի պայմաններում:
Ապրանքների արտաքին առևտրի ծավալներն աճեցին 48 տոկոսով ապրիլին: Արտահանումը ՆՏՆԺՀ կտրուկ մեծացավ 66 տոկոսով, և այս աճը կիսով չափ պայմանավորված էր օգտակար հանածոների (պղնձի) և թանկարժեք քարերի արտահանման մեծացմամբ: ՆՏՆԺՀ ներկրման ծավալներն աճեցին 39 տոկոսով, ինչին աջակցեց ներքին պահանջարկի վերականգնումը: Առաջին չորս ամիսներին արտահանումը և ներկրումը կուտակային արտահայտությամբ համապատասխանաբար աճեցին 17 և 2 տոկոսով՝ վկայելով առևտրային մնացորդի բարելավման (14 տոկոսով) մասին:
Դրամը համեմատաբար կայուն էր մայիսին: Մինչև հունիսի 6-ը ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումն աննշան էր (0.3 տոկոսով) համեմատած նախորդ ամսվա հետ: Սա արտացոլեց առևտրային ավելի ցածր դեֆիցիտը, ապրիլից ժամանող զբոսաշրջիկների թվի փոքր-ինչ աճը և արտերկրից զուտ տրանսֆերտների եռապատիկ աճը:
Ինչևէ, զբոսաշրջությունը նախաքովիդյան մակարդակների համեմատ դեռևս շատ ցածր է. 2021թ. առաջին եռամսյակում ժամանող զբոսաշրջիկների թիվը 72 տոկոսով ցածր էր 2020թ. նույն եռամսյակի համեմատ: Միջազգային պահուստները փոքր-ինչ աճեցին մայիսին՝ կազմելով 3 մլրդ ԱՄՆ դոլար և ապահովելով 7 ամսվա ծածկույթ ապրանքների ներկրման համար:
Մարտին գրանցված 47 մլրդ դրամի դեֆիցիտի համեմատ ապրիլին բյուջեն ունեցավ 3 մլրդ դրամի հավելուրդ: Սրա արդյունքում 2021թ. առաջին չորս ամիսների կտրվածքով դեֆիցիտը դարձավ 52 մլրդ դրամ (կազմելով կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.8 տոկոսը): Հավելուրդը պայմանավորված էր պետական եկամուտների շեշտակի աճով (ՆՏՆԺՀ 21 տոկոս), որտեղ սպառման ծավալների վերականգնման պայմաններում ԱԱՀ-ի հավաքագրված գումարներն աճեցին 26 տոկոսով:
Բացի այդ, «Քովիդ»-ին արձագանքման միջոցառումների շրջանակում 2020թ.-ից հետաձգված շահութահարկի գծով պարտավորությունների կատարումը ապահովեց եկամուտների աճի կեսը: Ապրիլին ՆՏՆԺՀ ծախսերն աճեցին 5 տոկոսով հենվելով արդեն իսկ բարձր բազայի վրա (2020թ. ապրիլին ծախսերը ՆՏՆԺՀ աճել էին 40 տոկոսով), ընդ որում, աճի համանման տեմպեր են արձանագրվել կապիտալ և ընթացիկ ծախսերում:
Ապրիլին բանկային հատվածում միջնորդական ծառայությունների կատարողականը թույլ էր, իսկ շահութաբերությունը վատթարացավ: Վարկերն ու ավանդները (ճշգրտված փոխարժեքային փոփոխություններով) նախորդ ամսվա համեմատ ապրիլին մնացել են անփոփոխ, բայց ՆՏՆԺՀ համապատասխանաբար աճել են 5 և 4 տոկոսով:
Չաշխատող վարկերի ծավալը կրճատվեց երկրորդ ամիսը շարունակաբար, թեև դրանց ցուցանիշը (7.1 տոկոս) բավականին բարձր է: Կապիտալի համարժեքության ցուցանիշը պահպանեց իր հուսալի մակարդակը 16.8 տոկոս, որը նվազագույն 12 տոկոս շեմից բարձր է: Շահութաբերության ցուցանիշներն ընկան, քանի որ պորտֆելի թուլացման պայմաններում բանկերը մեծացրեցին պահուստավորման մակարդակը:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: