Կազմակերպությունները գնում են բնական ռեսուրսներ, աշխատուժ, կապիտալ և ձեռներեցական տաղանդ: Այդ արտադրական ռեսուրսներն այնուհետև վերածվում են ապրանքների ու ծառայությունների, որոնք վաճառվում են սպառողներին: Շուկայական տնտեսությունում արտադրողները ստիպված են ռեսուրսները հետ պահել այլընտրանքային օգտագործումից, քանի որ ռեսուրսների սեփականատերերը դրանք մատակարարելու են միայն այնպիսի գներով, որ առնվազն հավասար են այն գումարին, որը նրանք կարող էին վաստակել այլուր: Արտադրողի՝ ապրանքը կամ ծառայությունը մատակարարելու այլընտրանքային ծախսը հավասար կլինի ռեսուրսները հավանական այլ կիրառությունից շեղելու համար պահանջվող ծախսին:
Էական տարբերություն կա արտադրության այլընտրանքային ծախսի և ծախսի ստանդարտ հաշվապահական հաշվարկների միջև: Հաշվապահները հիմնականում ուշադրություն են դարձնում կազմակերպության զուտ եկամտի հաշվարկին, որը մի փոքր տարբերվում է տնտեսական շահույթից։ Ջուտ եկամտի հաշվարկում կազմակերպության ակտիվների այլընտրանքային ծախսը հաշվի չի առնվում:
Հաշվապահներն անտեսում են այս այլընտրանքային ծախսը, իսկ տնտեսագետները՝ ոչ: Արդյունքում կազմակերպության զուտ եկամուտն ավելի մեծ է ստացվում տնտեսագետի հաշվարկած շահույթից: Տնտեսագետները հաշվի են առնում այն փաստը, որ կազմակերպության սեփականությունը հանդիսացող ակտիվները կարող էին այլ կերպ օգտագործվել: Եթե այս այլընտրանքային ծախսերը չեն ծածկվում, ռեսուրսներն ի վերջո օգտագործվում են այլ եղանակներով:
Կազմակերպության շահույթը որոշվում է հետևյալ բանաձևով.
Շահույթ = Ընդհանուր եկամուտ – Ընդհանուր ծախս
Կազմակերպության ընդհանուր եկամուտը պարզապես վաճառված ապրանքների (P) վաճառքի գինն է՝ բազմապատկած վաճառված բոլոր ապրանքների քանակով (Q): Շահույթ ստանալու համար կազմակերպությունն իր ապրանքի վաճառքից պետք է ստեղծի եկամուտ, որը կգերազանցի այդ ապրանքն արտադրելու համար պահանջվող ռեսուրսների այլընտրանքային ծախսը: Հետևաբար, կազմակերպությունը շահույթ կստանա միայն այն դեպքում, եթե կարողանա արտադրել այնպիսի ապրանք կամ ծառայություն, որը սպառողները դրանց արտադրության համար պահանջվող ռեսուրսների ծախսից ավելի բարձր կարժևորեն:
Սպառողներն ապրանքը չեն գնի, եթե այդ ապրանքն իր գնից ավելի բարձր արժեք չունենա նրանց համար: Եթե սպառողները պատրաստ են վճարել արտադրական ծախսերից ավելի բարձր գին, ապա արտադրողի՝ ռեսուրսներն այլընտրանքային ձևով օգտագործելուց հետ պահելու որոշումը կարելի է համարել շահութաբեր: Շահույթը ռեսուրսներն ավելի մեծ արժեք ունեցող մի բանի վերածելու դիմաց ստացված պարգևատրումն է:
Կազմակերպության ղեկավարները կձգտեն արտադրել այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք շահույթ են ապահովում: Սակայն ոչ միշտ են սպասելիքներն արդարանում: Երբեմն կազմակերպությունները չեն կարողանում վաճառել իրենց ապրանքներն այնպիսի գներով, որոնք կծածկեն իրենց ծախսերը: Երբ վաճառքից ստացված ընդհանուր եկամուտն ավելի փոքր է, քան ապրանքը կամ ծառայությունն արտադրելու համար օգտագործված ռեսուրսների այլընտրանքային ծախսը, առաջանում են վնասներ: Վնասները կորուստներ են, որոնք կազմակերպությունները կրում են՝ այնպիսի ապրանքներ ու ծառայություններ արտադրելով, որոնք սպառողները դրանց արտադրության համար պահանջվող ռեսուրսներից ավելի քիչ են արժևորում: Վնասները ցույց են տալիս, որ ավելի լավ կլիներ ռեսուրսներն օգտագործել այլ բաների արտադրության համար:
Ենթադրենք՝ Բուլղարիայում (որտեղ արժույթը բուլղարական լևն է՝ BGN) շապիկ արտադրող կազմակերպությունը ամսական հազար շապիկ արտադրելու և վաճառելու համար ամսական ծախսում է 20 000 լև՝ արտադրության համար տարածք և անհրաժեշտ սարքավորումներ վարձակալելու, աշխատուժ, կտոր, կոճակներ և այլ անհրաժեշտ նյութեր գնելու համար: Եթե արտադրողը հազար շապիկը վաճառի յուրաքանչյուրը 22 լևով, ապա կունենա 22 000 լև ամսական եկամուտ կամ 2000 լև շահույթ: Շապիկ արտադրող կազմակերպությունն իր և սպառողի համար հարստություն ստեղծեց: Կազմակերպության հաճախորդներն արտադրության ծախսերից ավելի բարձր գին վճարելու պատրաստակամությամբ ցույց են տալիս, որ իրենք այդ շապիկներն ավելի բարձր են արժևորում, քան դրանց արտադրության համար պահանջվող ռեսուրսները: Արտադրողի շահույթը հանդիսանում է պարգևատրում՝ ռեսուրսների արժեքը բարձրացնելու և դրանք շատ ավելի արժեքավոր ապրանքի վերածելու համար:
Մյուս կողմից, եթե շապիկների պահանջարկը նվազի, և դրանք հնարավոր լինի վաճառել յուրաքանչյուրն ընդամենը 17 լևով, ապա արտադրողը կվաստակի 17 000 լև՝ յուրաքանչյուր ամսում կորցնելով 3000 լև: Այս կորուստը տեղի է ունենում, քանի որ արտադրողի գործողությունները հանգեցրին օգտագործված ռեսուրսների արժեքի նվազման: Շապիկները՝ որպես վերջնական արտադրանք, սպառողների համար ավելի պակաս արժեքավոր էին, քան այլ ապրանքները, որոնք հնարավոր կլիներ արտադրել այդ ռեսուրսներով: Մենք չենք պնդում, թե սպառողները գիտակցում են, որ շապիկների արտադրության համար օգտագործված ռեսուրսներն ավելի արժեքավոր կլինեին, եթե վերածվեին մեկ ուրիշ արտադրանքի: Բայց նրանց համատեղ ընտրությունները արտադրողին տալիս են այս տեղեկությունը և միաժամանակ նաև կորուստները կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու խթան:
Շուկայական տնտեսությունում կորուստները և կազմակերպությունների սնանկացումները մշտապես հանգեցնում են նրան, որ ոչ արդյունավետ գործողությունները, օրինակ՝ ինքնարժեքից ցածր գնով վաճառվող շապիկներ արտադրելը, դադարեցվում են: Կորուստները և ձեռնարկությունների սնանկացումները ռեսուրսներն ուղղորդում են դեպի այլ՝ ավելի արժևորվող ապրանքների արտադրություն: Հետևաբար, չնայած նրան, որ կազմակերպությունների սնանկացումները ցավալի են սեփականատերերի, ներդրողների և ներգրավված աշխատողների համար, դրանք դրական կողմ ունեն, արդյունքում ազատվում են ռեսուրսներ, որոնք կարող են ներդրվել հարստություն ստեղծող նախագծերում:
Ցանկացած երկրի բնակչություն ավելի բարեկեցիկ կապրի, եթե դրա ռեսուրսները՝ հողը, շենքերը, աշխատուժը և ձեռներեցական տաղանդը, օգտագործվեն արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ արտադրելու համար: Ցանկացած ժամանակ հնարավոր է իրականացնել ըստ էության անսահմանափակ թվով պոտենցիալ ներդրումային նախագծեր: Որոշ այդպիսի ներդրումներ կմեծացնեն ռեսուրսների արժեքը՝ դրանք վերածելով սպառողների կողմից ծախսի համեմատ ավելի բարձր արժեքով ապրանքների ու ծառայությունների: Սրանք կխթանեն տնտեսական առաջընթացը: Այլ ներդրումները կնվազեցնեն ռեսուրսների արժեքը և կդանդաղեցնեն տնտեսական առաջընթացը: Եթե նախատեսում ենք առկա ռեսուրսներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, ապա նախապատվությունը պետք է տանք այն նախագծերին, որոնք մեծացնում են արժեքը, իսկ այն նախագծերը, որոնց դեպքում ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվում, պետք է դադարեցվեն: Հենց դրանում էլ կայանում է շահույթի ու վնասի գործառույթը:
Մենք ապրում ենք փոփոխվող նախընտրությունների ու տեխնոլոգիաների, ոչ կատարյալ գիտելիքի և անորոշության աշխարհում: Կազմակերպությունների սեփականատերերը չեն կարող հաստատ իմանալ, թե ապագայում ինչպես կփոխվեն շուկայական գները, կամ ինչ ծախսեր կպահանջվեն արտադրության համար: Նրանց որոշումները հիմնված են սպասումների վրա: Սակայն շուկայական տնտեսության պարգևատրման և տուգանքի սխեման հստակ է: Հաջողության են հասնում այն ձեռներեցները, որոնք արտադրությունը կազմակերպում են արդյունավետորեն և ընտրում են հենց այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք սպառողները կգնեն ինքնարժեքը գերազանցող գներով: Եվ հակառակը, կազմակերպությունների ղեկավարները, որոնք ռեսուրսները ոչ արդյունավետ կերպով բաշխում են այնտեղ, որտեղ պահանջարկը թույլ է, կտուժեն՝ կրելով կորուստներ և ֆինանսական դժվարություններ:
Թեև ոմանք քննադատում են շուկայական գործընթացին ուղեկցող սնանկացումները, շուկայի միջոցով ձեռք բերված բարգավաճման հիմքում ընկած է պարգևատրման և տույժի այս սխեման: Հետաքրքիրն այն է, որ շատ ձեռներեցներ, որոնք ի սկզբանե անհաջողություն են կրել, հետագայում մեծ հաջողության են հասել: Վառ օրինակ է Սթիվ Ջոբսը: 1985թ. Apple-ից հեռանալուց հետո Ջոբսը հիմնադրեց neXT կազմակերպությունը, որն, ինչպես նա պլանավորում էր, արտադրելու էր հաջորդ սերնդի անհատական համակարգիչներ: Ընկերությունը մեծ խնդիրների էր բախվում: Բայց Ջոբսը դրանից դասեր քաղեց: 1997թ.-ին նա վերադարձավ Apple և կարճ ժամանակ անց ներկայացրեց iPhone-ը, iPad-ը և այլ նորարարական ապրանքներ, որոնք ցնցող հաջողություն գրանցեցին շուկայում:
Եզրահանգումն ակնհայտ է. շահույթը բիզնեսին նպատակաուղղում է ներդրում կատարել արտադրողականություն ապահովող նախագծերում, որոնք տնտեսական առաջընթաց են խթանում, այնինչ վնասը նպաստում է, որպեսզի ռեսուրսները հեռացվեն այն նախագծերից, որոնք արդյունավետ չեն: Սա խիստ կարևոր գործառույթ է: Այն տնտեսությունները, որտեղ այս գործառույթն այդքան էլ լավ չի իրականացվում, գրեթե միշտ ենթակա են լճացման կամ ավելի վատ հետևանքներ են ունենում:
Արտատպված է Ջ. Գուարթնիի, Ռ. Սթրոուպի, Դ. Լիի, Թ. Ֆեռարինիի, Ջ. Կալհունի և Ռ. Ֆայլերի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքից