Տնտեսության վրա գնաճի ազդեցության խնդիրը շարունակում է մնալ ժամանակակից տնտեսագիտության առավել շատ քննարկվող հարցերից մեկը: Տեսությունը ենթադրում է, որ ցածր գնաճի պայմաններում ֆինանսական հատվածի զարգացումը որոշիչ և կարևոր դեր է խաղում կայուն տնտեսական աճ ձեռք բերելու համար: Հետևաբար, գնաճը այն կարևոր խոչընդոտներից է, որը բացասական ազդեցություն է թողնում ֆինանսական հատվածի և տնտեսական աճի վրա:
Վերջին տասնամյակներում, գնաճի, ֆինանսական զարգացման և տնտեսական աճի միջև կապը մեծ ուշադրության է արժանացել տեսական և փորձնական հետազոտություններում: Փորձնական հետազոտությունները, որոնք ուսումնասիրել են ֆինանսական հատվածի վրա գնաճի ազդեցությունը, ցույց են տալիս, որ գնաճի և ֆինանսական հատվածի միջև գոյություն ունի ուժեղ բացասական կապ:
Օրինակ, որոշ հետազոտություններից կարելի է եզրակացնել, որ գնաճի մակարդակի բարձրացումն ինքնաբերաբար նվազեցնում է խնայողների կողմից ստացվող տոկոսային եկամտի մակարդակը: Բարձր գնաճի դեպքում, անկախ իրական տոկոսադրույքի նվազման պատճառից, եկամտաբերության նվազումը կարող է հանգեցնել ֆինանսական հատվածից միջոցների արտահոսքի և, հետևապես, ներդրումային միջոցների հասանելիության նվազման: Վերջինս սահմանափակում է ֆինանսական հատվածի կողմից տրամադրվող վարկերի ծավալը, նվազեցնում է ֆինանսական շուկայի ակտիվությունը և այդպիսով իջեցնում ֆինանսական զարգացման մակարդակը: Նշված գործընթացների տրամաբանական շղթան կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․
Գծապատկեր 1․ Գնաճի և ֆինանսական զարգացման փոխկապվածությունը
Այլ հետազոտողների կարծիքով ֆինանսական հատվածի ներդրումային ներուժը, որն առաջացել է խնայողների կողմից ստացվող ցածր եկամտաբերության պատճառով, ամենայն հավանականությամբ, չի տուժում գնաճի բարձր տեմպերից: Նրանք նշում են, որ գնաճի բարձր մակարդակը նվազեցնում է ֆինանսական զարգացման մակարդակը կապիտալի և վարկի տեղաբաշխման ժամանակ առաջացող, անընդհատ ազդող գործոնների պատճառով:
Ավելի պարզ ձևով այս պնդումը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․ երբ գնաճի մակարդակն աճում է, ֆինանսական հաստատությունները կրում են ավելի շատ ծախսեր՝ վարկ ստանալու հայտ ներկայացրածներից «բարձր որակով փոխառուներին» ընտրելու համար (այլ կերպ՝ վարկի նորմավորում): Այն մեխանիզմը, որով բարձր գնաճը ազդում է ֆինանսական զարգացման մակարդակի վրա և այդպիսով նաև տնտեսական աճի վրա, արտացոլված է գծապատկեր 2-ում:
Գծապատկեր 2․ Գնաճի ազդեցությունը տնտեսական զարգացման վրա
Ամփոփելով տարբեր հետազոտողների կատարած տեսական և փորձնական վերլուծությունների արդյունքները՝ կարելի է ենթադրել, որ գնաճը կարող է տարատեսակ ազդեցություն ունենալ ֆինանսական զարգացման, հետևաբար նաև տնտեսական աճի վրա` կախված այն հանգամանքից՝ գնաճի սկզբնական մակարդակը ցածր է, թե՝ բարձր: Գնաճի նախապես ցածր մակարդակի բարձրացումը ֆինանսական ակտիվության վրա չի կարող ունենալ բացասական հետևանքներ, իսկ գնաճի նախապես արդեն բարձր մակարդակի բարձրացումը կարող է էապես թուլացնել ֆինանսական շուկաների ակտիվությունը և հանգեցնել ֆինանսական զարգացման աստիճանի նվազման։
Կիրառելով տնտեսագիտական մոդելներ՝ մեր կողմից բացահայտվել է, թե ինչպես է դրսևորվում այս ցուցանիշների միջև կապը ՀՀ-ում։ Մասնավորապես, բացահայտվել է, որ գնաճի և ֆինանսական զարգացման միջև երկարաժամկետ կապը բացակայում է, երբ որպես ֆինանսական զարգացման ցուցանիշ դիտարկվում է փողի առաջարկի հարաբերությունը ՀՆԱ-ին:
Իսկ երբ որպես ֆինանսական զարգացման ցուցանիշ կիրառվում է մասնավոր հատվածին տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի միջև հարաբերությունը, ապա գոյություն ունի երկարաժամկետ, նշանակալի կապ ֆինանսական զարգացման և գնաճի միջև ու այդ կապը բացասական է: Այսինքն՝ արդյունքներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի ծավալի մեծացումը, որը կուղղվի տնտեսական զարգացմանը, կնվազեցնի գնաճի տեմպը երկարաժամկետում: