ՀՀ կենտրոնական բանկի համար 2021-ի ընթացիկ զարգացումները նախանշում են տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումները. այսպիսով` ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 15-ին հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է: 2021-ի համար կանխատեսում ենք 4.6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1.2-ից վերանայվել է 6.1 տոկոս, արդյունաբերության աճը 0.7 տոկոսից վերանայվել է 4.5 տոկոս»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր աճով, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելի մեծ լինելով: Ծառայությունների հետ կապված՝ զբոսաշրջության ակտիվացում է նկատվում:
«Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- ասաց ԿԲ նախագահը:
Մարտին ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ վերանայել և նվազեցրել են 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.4 տոկոս տնտեսական աճ: