Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցը, որում այս պահի դրությամբ Հայաստանում 2021 թվականի համար կանխատեսում է 3,4% տնտեսական աճ։ Ընդ որում՝ հունվարյան զեկույցում արված կանխատեսման համեմատ հունիսյան զեկույցում 2021թ․ համար կանխատեսված տնտեսական աճի ցուցանիշը բարելավվել է 0,3 տոկոսային կետով։
Այդ զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2022 թվականին և 2023 թվականին կկազմի համապատասխանաբար 4.3% և 5.3%: Սակայն հունվարյան զեկույցում արված կանխատեսման համեմատ 2022թ․ համար կանխատեսված տնտեսական աճի ցուցանիշը նվազեցվել է 0,2 տոկոսային կետով։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, բացի Ղրղզստանից, 2021թ․ սպասվում է Հայաստանից մի փոքր ավելի ցածր տնտեսական աճ, իսկ Բելառուսի համար, ընդհանրապես, կանխատեսվել է 2,2% անկում։ Ըստ զեկույցի կանխատեսումների՝ 2021թ․ Ռուսաստանում և Ղազախստանում կգրանցվի համապատասխանաբար 3,2% տնտեսական աճ։
Հարևան երկրներից Հայաստանի համեմատ բարձր աճ է սպասվում Վրաստանում և Թուրքիայում՝ համապատասխանաբար 6,0 և 5,0 տոկոս։ Իրանում կանխատեսվում է 2,1%, իսկ Ադրբեջանում՝ 2,8% աճ։
Իսկ Համաշխարհային բանկի այս պահի կանխատեսումներով՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։