Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՕECD) հայտնում է համաշխարհային տնտեսության անհավասարաչափ վերականգնման մասին՝ կորոնավիրուսային համավարակի շարունակական բռնկումների պատճառով:
«Մենք ուրախությամբ նշում ենք, որ տնտեսական հեռանկարները բարելավվում են: Սակայն դա տեղի է ունենում անհավասարաչափ»,- նշել են փաստաթղթի հեղինակները: Կազմակերպությունում ընդգծել են, որ համավարակի պարբերական բռնկումների ֆոնին, որոնք նախկինի պես հաճախակի չեն, «համաշխարհային տնտեսության աճը շարունակում է վերականգնվել»:
Ըստ զեկույցում բերված աղյուսակի՝ համաշխարհային ՀՆԱ-ի իրական աճը 2021-ին կանխատեսվում է 5,8%, 2022-ին՝ 4,4% մակարդակում:
Ինչպես ընդգծել են ՕECD-ում, չնայած այն հանգամանքին, որ աշխարհի շատ երկրներում ՀՆԱ-ի աճի մակարդակը 2022 թվականի վերջին կվերադառնա նախաճգնաժամային ցուցանիշին, «դա բավարար չի լինի»: «ՕECD-ի շատ երկրներում 2022թ. վերջին կենսամակարդակը չի վերադառնա համավարակից առաջ սպասվող մակարդակին»,- զգուշացնում է կազմակերպությունը:
Զեկույցում նշվում է, որ «արագ քաղաքական որոշումները նպաստել են առողջապահական համակարգերի բարելավմանը եւ տնտեսական աճի վերականգնմանը»:
«Համավարակի մեկնարկից 16 ամիս անց շատ երկրներ այսօր ավելի լավ են կարողանում հաղթահարել կորոնավիրուսի տարածման նոր բռնկումները»,- ավելացրել են ՕECD-ում: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ զարգացած երկրներում եւ զարգացող տնտեսությամբ որոշ երկրներում կառավարություններին «հաջողվել է պահպանել ընկերությունների եւ աշխատատեղերի կենսունակությունը»:
«Արդյունքում՝ արտադրական հատվածն արագորեն աճում է, սահմանների աստիճանաբար բացման հետ մեկտեղ վերականգնվում է առեւտուրը, զբաղվածության վերականգնման հետ մեկտեղ տեղի է ունենում սպառման կտրուկ աճ: Սա շատ հուսադրող է»,- ասված է զեկույցում:
Սակայն, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, խնդիրները դեռ պահպանվում են: Մասնավորապես, նրանց կարծիքով, դա պայմանավորված է նրանով, որ ցածր եկամուտ ունեցող երկրները «կորոնավիրուսի դեմ շատ քիչ պատվաստանյութեր են ստանում»: «Սա այդ երկրներին հիմնարար սպառնալիքի առաջ է կանգնեցնում, քանի որ վերջիններն ավելի քիչ քաղաքական կարողություն ունեն աջակցելու գործունեությանը, քան զարգացած տնտեսությունները»,- պարզաբանել են ՕECD-ում: Նշվում է, որ համավարակի հնարավոր նոր բռնկումները մեծ ազդեցություն կունենան նման պետությունների տնտեսական աճի վրա: «Դա կհանգեցնի սուր աղքատության հետագա աճի»,- հավելել են հեղինակները:
Ռիսկերից մեկն, ըստ զեկույցի հեղինակների, «հումքային ապրանքների գների արագ աճի պատճառով բարձր գնաճի հնարավոր հեռանկարն է»: Միաժամանակ, ինչպես նշել են կազմակերպությունում, ներկայումս «գնաճային սպասումները» լավատեսական են:
Բացի այդ, կազմակերպությունում կարծում են, որ անհրաժեշտ է, որպեսզի պետություններն ուշադրություն դարձնեն որոշ ոլորտներում մատակարարման շղթաներում խնդիրների արագ լուծմանը: «Անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը առեւտրի ոլորտում եւ միջոցներ ձեռնարկել մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար»,- նշել են ՕECD-ում:
Նյութի սկզբնաղբյուրը` banks.am: