Մայիսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը:
Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ.-ին և վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները:
2014-2019թթ․ առավել նշանակալի ձեռքբերումներն են.
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքում 685 հանրակրթական դպրոցների 4,951 վերապատրաստված ուսուցիչների կողմից դասավանդվում է ֆինանսական կրթություն՝ շուրջ 220,000 աշակերտների համար։
«Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում սեմինարներ են կազմակերպվել Հայաստանի 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2,518 անձ:
«Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը 5 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 15,000 մասնակից:
Համաձայն Ծրագրի՝ 2021-25 թթ․ ընթացքում շարունակվելու են ֆինանսական կրթման ծրագրերը դպրոցականների, ուսանողների, աշխատողների, գյուղաբնակների, կանանց և ընտանիքների, միգրանտների և լայն հանրության համար։
Հատկապես կարևորվելու է դպրոցներում ֆինանսական կրթման ներդրման ավարտը և ուսուցիչների համար Էլեկտրոնային ուսուցման հարթակի ներդրումը։ Արդյունքում՝ ՀՀ բոլոր մարզերի 1402 դպրոցների մոտ 10 000 ուսուցիչ վերազինված են լինելու և հնարավորություն են ունենալու անհատական մոտեցմամբ շարունակաբար վերապատրաստվելու, սովորելու իրենց գործընկերներից և մատուցելու ժամանակին համահունչ մեթոդներով։ Այս նախագծում սերտորեն համագործակցում են Կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
2021-2025թթ․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կանանց ֆինանսական ունակությունների ուժեղացմանը: Նպատակն է օգնել նրանց ավելի արդյունավետ կառավարել իրենց ընտանեկան ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով իրենց ընտանիքների բարեկեցությանը։ Մասնակիցներին կտրամադրվի բյուջեի պլանավորման գործիքներ, խնայողություններ կատարելու և ապագա պլանները իրագործելու խորհուրդներ, պարտքի կառավարման և այլ հնարներ, որոնք կկարողանան կիրառել առօրյա կյանքում։
Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների հետ համագործակցությամբ՝ նախարարություններ, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ և միջազգային դոնոր ընկերություններ։
Նշենք, որ այս տարի նույնպես շարունակվելու է բարի ավանդույթ դարձած «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը ազդարարվեց նիստին: Համավարակով պայմանավորված՝ «Իմ ֆինանսների ամիս»-ն իրականացվում է առցանց, ներառում է մրցույթներ, ֆինշաբթի՝ առցանց սեմինարների շարք, ֆինանսատնտեսական խաղ մրցույթ, փողի միջազգային շաբաթ (Global Money Week) և այլ միջոցառումներ, որոնց մասնակցելու վերաբերյալ մանրամասները հասանելի են «Ֆինանսներ բոլորի համար» Аbcfinance.am կայքում կամ Ֆեյսբուքի նույնանուն էջում:
Նյութի սկզբնաղբյուրը` ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն