ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները, որի համաձայն 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն կրճատվել է 3,3 տոկոսով:
2021 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի կրճատմանը նպաստել են արդյունաբերությունը՝ -3,6 տոկոս և ծառայությունների ոլորտը՝ -3,4 տոկոս անկումներով։ ՀՆԱ-ի անկմանը արդյունաբերության և ծառայությունների ոլորտի նպաստումը կազմել է համապատասխանաբար 0,76 և 1,99 տոկոսային կետ։
Նույն ժամանակահատվածում գյուղատնտեսության և շինարարության ոլորտները աճել են՝ մեղմելով ՀՆԱ-ի կրճատումը։ 2021 թվականի առաջին եռամսյակում 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ գյուղատնտեսությունն աճել է 1,5 տոկոսով, իսկ շինարարությունը՝ 3,8 տոկոսով։
Վերջնական սպառումը 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվել է 1,1 տոկոսով, իսկ համախառն կուտակումը՝ 32,7 տոկոսով։ Արտահանման և ներմուծման կրճատումները կազմել են համապատասխանաբար 21,9 և 21,7 տոկոս։
2021 թվականի առաջին եռամսյակում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմել է 433 286 դրամ (827 ԱՄՆ դոլար կամ 686 եվրո)։