Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը:
Նախատեսվում է սահմանել, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը:
Առաջարկվում է սահմանել նաև, որ մինչև 2021 թ. հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թ. հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով և հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը սահմանող օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը։