Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբ պարզեցվել է տնտեսվարողներին անցումային գերավճարների վերադարձման կարգը:
Որոշման արդյունքում 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին կփոխանցվի առանց հարկ վճարողի դիմումի ներկայացման, և հնարավորություն կընձեռնվի այդ գումարի հաշվին մարել նաև հարկ վճարողի սոցիալական վճարի գծով պարտավորությունները: Ընթացակարգի պարզեցումը հարկ վճարողներին հնարավորություն կտա հետ ստանալ միասնական հաշվին մուտքագրված գումարները, կամ դրանք ուղղել միասնական հաշվից մարվող հարկային պարտավորությունների կատարմանը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստին ներկայացրել է, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ անցումային գերավճարի գումարը կազմել է 125 միլիարդ դրամ, որից այս ժամանակի ընթացքում կա՛մ վերադարձվել, կա՛մ մարվել է հարկային պարտավորությունների հաշվին, և այս պահին մնացորդը գործող հարկ վճարողների մասով կազմում է 4 միլիարդ 549,3 միլիոն դրամ:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ այն վերաբերում է 35 935 հարկ վճարողների, որոնց մասով այս փոփոխությունից հետո արդեն այդ գումարները ավտոմատ կերպով կուղղվեն նշված հարկ վճարողների միասնական հաշվին: Դիմումների հիման վրա արդեն գումարները կվերադարձվեն կամ կմնան իրենց միասնական հաշվին, և նշված քանակով հարկ վճարողները ազատ կլինեն յուրաքանչյուր ժամանակ տնօրինել իրենց ունեցած գումարները: