Խորհրդի նիստը սկսվեց մայիսի 4-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի և տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշության ազդեցությունների գնահատման համատեքստում:
Արձանագրվեց, որ 2021 թվականի մարտին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և ամսվա վերջին կազմել 5.8%: Ընդհանուր գնաճին համընթաց ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը մարտի վերջին կազմել է 6.6%։ Ըստ խոշոր ապրանքախմբերի, ամսվա ընթացքում 1.0%-ով աճել են «Սննդամթերք, խմիչք և ծխախոտ» ապրանքախմբի գները, 1.6%-ով՝ ոչ պարենային ապրանքների գները և 0.5%-ով՝ ծառայությունների սակագները: Արձանագրվեց նաև, որ առանց պարենի և էներգակիրների սպառողական զամբյուղի արժեքը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 4.3%-ով:
Ներկայացվեցին արտաքին հատվածում 2021թ. առաջին կիսամյակի զարգացումները, որոնց համաձայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները՝ պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով: Ընդ որում, ակնկալվում է, որ ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ համապատասխանաբար «Բայդենի փաթեթի» և նավթի գների աճի պայմաններում վերականգնման տեմպերը կլինեն Դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսվածից ավելի արագ:
Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և դիտված մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, որոնք արտահայտվում են նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոգոտում արձանագրված բարձր գնաճը գնահատվում է անցումային և ժամանակավոր երևույթ` պայմանավորված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էական ցածր գնաճի բազային ազդեցությամբ, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն: Մինչդեռ Ռուսաստանի ԿԲ-ն, գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, տարվա ընթացքում կշարունակի աստիճանաբար խստացնել պայմանները և անցում կատարել չեզոք դրամավարկային քաղաքականությանը:
ՀՀ տնտեսական իրավիճակի մասով ամփոփվեցին առաջին եռամսյակի զարգացումները և արձանագրվեց, որ թե՛ տնտեսական ակտիվության և թե՛ ներքին պահանջարկի մասով նախանշվում են ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ: Այսպես, առաջին եռամսյակի համար ԴՎՔ ծրագրում նախանշված 6.8% անկման դիմաց տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.0%-ով: Դրական շեղմանը հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների՝ սպասվածից փոքր նվազումները: Այստեղ հատկանշական է մեծածախ առևտրում արձանագրված էական բարելավումը, այն դեպքում, երբ մանրածախ առևտրի ոլորտում անկումը շարունակվում է` փաստելով դեռևս պահպանվող թույլ պահանաջարկի մասին: Այնուամենայնիվ, ներքին պահանջարկի սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները, մինչդեռ Կառավարությունը, սպասվածից ավելի արագ տեմպերով, աստիճանաբար կրճատում է հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման չափը:
Խորհուրդը քննարկեց անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրեց, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի նախկին փոփոխություններին՝ ձևավորվելով հիմնականում դրա շուրջ: Պետական պարտատոմսերի շուկայում ևս նշված ժամանակահատվածում դիտվել է եկամտաբերության աճ՝ առավելապես կորի երկարաժամկետ հատվածում: Արձանագրվեց, որ առաջին եռամսյակում քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը որոշակի ժամանակային լագով արտահայտվել է նաև բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքների վարքագծում: Դրան զուգահեռ փաստվեց նաև, որ փետրվար-մարտ ժամանակահատվածում դիտվել է բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման որոշակի աշխուժացում, ինչը, ըստ ԿԲ գնահատականների, պայմանավորվել է վարկավորման թե՛ առաջարկի պայմանների թուլացմամբ և թե՛ պահանաջարկի աստիճանական վերականգնմամբ: Միաժամանակ, արժութային շուկայում ձևավորված իրավիճակային խնդիրները և աղճատումները չեզոքացնելու նպատակով ԿԲ-ը արժութային շուկայում ունեցել է իրավիճակային միջամտություն՝ նպաստելով ֆինանսական շուկայի նորմալ գործունեությանը։
Անդրադառնալով ֆինանսական շուկայում ԿԲ դրամավարկային քաղաքականությանն արձագանքման խնդիրներին` Խորհուրդն արձանագրեց, որ պարտադիր պահուստավորման մեխանիզմում իրականացված փոփոխությունները, ուղղված երկրում նախկինում նախաձեռնված դրամայնացման գործընթացի շարունակականության ապահովմանը, դրականորեն կնպաստեն դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, քննարկվեց ԿԲ գործիքակազմում որոշակի փոփոխություն կատարելու անհրաժեշտության հարցը՝ նպատակաուղղված ֆինանսական շուկայի տարբեր հատվածների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Խորհուրդն այս նիստում շեշտադրեց ապրիլին ևս պահպանվող բարձր գնաճային միջավայրի և դրանից ածանցվող գնաճային սպասումների ավելացման խնդիրը: Արձանագրվեց, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն 12-ամսյա գնաճների շեղումը կանխատեսված մակարդակներից հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով՝ ներմուծվող մի շարք պարենային ապրանքների ներքին գների սպասվածից բարձր աճով: Նշվեց նաև, որ, չնայած գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Դրան զուգահեռ արձանագրվեց նաև, որ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագա ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների հետագա արագացման ռիսկեր առաջացնել:
Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով վերոնշյալ մակրոտնտեսական իրավիճակը և դրա համապատկերում արտաքին և ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ Խորհրդի քննարկմանն էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու առաջարկ: Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունելի էին համարում քաղաքականության տոկոսադրույքի առաջարկվող բարձրացման հիմնավորումը և գտնում էին, որ առաջին եռամսյակում համաշխարհային ու ՀՀ տնտեսությունների և համախառն պահանջարկի վերականգնման՝ սպասվածի համեմատ դրական զարգացումների, ինչպես նաև գնաճային ազդեցությունների ավելացման պայմաններում անհրաժեշտ է հաղորդակցել դրամավարկային խթանող դիրքը աստիճանաբար չեզոքացնելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, Խորհուրդը համակարծիք էր, որ ԿԲ գործողությունները և ազդակները կարևոր են ԿԲ կողմից գնաճի նպատակի իրագործման ուղղությամբ հասարակության մոտ ձևավորված անորոշությունների նվազեցման և չեզոքացման համար: Այդուհանդերձ, քննարկման ընթացքում խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին նաև առաջարկված տարբերակից մի դեպքում ավելի փոքր և մյուս դեպքում ավելի մեծ քայլով բարձրացման առաջարկներ: Առաջին դեպքում հիմնավորումն առաջիկայում դեռևս պահպանվող թույլ ներքին պահանջարկն էր և բարձր գնաճի ժամանակավոր բնույթը, իսկ երկրորդ դեպքում՝ ավելի արագ նորմալ իրավիճակին հասնելը և գնաճային սպասումները կայունացնելը:
Քննարկման և բերված դատողությունների ամփոփման արդյունքում ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու որոշում՝ միաժամանակ մնալով այն կարծիքին, որ առաջիկայում ևս հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Նյութի սկզբնաղբյուրը` ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն