Ապրանքները սակավաթիվ են, հետևաբար ﬔնք պետք է ընտրություններ կատարենք:
Իրականությունն այն է, որ մեր մոլորակում արտադրական ռեսուրսները սահմանափակ են, մինչդեռ ապրանքների ու ծառայությունների նկատմամբ մարդկանց պահանջները անսահմանափակ են: Ուզու՞մ եք ունենալ նոր հագուստ, շքեղ զբոսանավ կամ վայելել արձակուրդը շվեյցարական Ալպերում: Իսկ կուզեի՞ք ժամանցին, հանգստին ու ճամփորդելուն ավելի շատ ժամանակ հատկացնել: Երազու՞մ եք ձեր նոր Porsche մեքենայով մտնել օվկիանոսի մոտ գտնվող ձեր առանձնատան բակը: Մեզնից շատերը կուզենային ունենալ այս ամենը և էլի այլ բաներ: Բայց մենք սահմանափակված ենք ռեսուրսների, այդ թվում՝ ժամանակի սակավությամբ:
Քանի որ չենք կարող աﬔն ինչ մեր ուզած չափով ունենալ, ստիպված ենք ընտրել տարբերակներից: «Անվճար լանչ» չի լինում: Մի բան անելու համար մենք զոհաբերում ենք մեզ համար կարևոր մեկ այլ բան անելու հնարավորությունը: Սա է պատճառը, որ տնտեսագետները բոլոր ծախսերն անվանում են այլընտրանքային ծախսեր:
Շատ ծախսեր չափվում են փողով, բայց դրանք նույնպես այլընտրանքային ծախսեր են: Որևէ բան գնելու ժամանակ ծախսված փողը այլ բաների վրա չես ծախսի: Ձեր գնած որևէ բանի այլընտրանքային ծախսը ձեր գնահատմամբ այն ապրանքների գինն է, որոնցից այժմ պետք է հրաժարվեք, քանի որ փողն արդեն ծախսել եք սկզբնական գնման վրա: Բայց նույնիսկ եթե որևէ գործողության վրա գումար չեք ծախսում, չի նշանակում, որ գործողությունն արժեք չունի: Զբոսանքի գնալու և գեղեցիկ մայրամուտ վայելելու համար պարտադիր չէ գումար ծախսել, բայց զբոսանքի գնալը այլընտրանքային ծախս է ենթադրում: Զբոսնելու վրա ծախսված ժամանակը կարող էր օգտագործվել ձեզ համար արժեքավոր որևէ այլ բան անելու, օրինակ՝ ընկերներին այցելելու կամ գիրք կարդալու համար:
Հաճախ ասում են, որ որոշ բաներ այնքան կարևոր են, որ դրանք պետք է անել առանց ծախսը հաշվի առնելու: Նման հայտարարությունը կարող է ողջամիտ թվալ առաջին հայացքից և կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ ուզում ենք մարդկանց խրախուսել ավելի շատ փող ծախսել մեզ համար արժեքավոր բաների վրա, որոնց համար կուզեինք, որ վճարեն: Սակայն ծախսն անտեսելու անխոհեմությունը դառնում է ակնհայտ, հենց որ գիտակցում ենք, որ այդ ծախսերը հանդիսանում են բաց թողնված այլընտրանքների (այսինքն՝ այլընտրանքներ, որոնցից հրաժարվել ենք) արժեքը: Այն պնդումը, թե պետք է որևէ բան անել առանց ծախսերը հաշվի առնելու, իրականում նշանակում է, որ պետք է դա անել առանց այլընտրանքի արժեքը հաշվի առնելու: Երբ ընտրում ենք միմյանց բացառող (բայց հավասարապես գրավիչ) այլընտրանքների միջև, լավագույն ընտրանքն ամենացածր ծախսն ունեցող տարբերակն է:
Թե՛ սպառողների և թե՛ արտադրողների ընտրությունները ծախսեր են ենթադրում: Ապրանքի արժեքը, որն արտահայտվում է գնով, մեզ՝ որպես սպառողների, օգնում է համեմատել տվյալ ապրանքն ունենալու մեր ցանկությունը այն այլընտրանքային ապրանքն ունենալու ցանկության հետ, որը կարող էինք գնել դրա փոխարեն: Եթե հաշվի չառնենք ծախսերը, մեր ողջ եկամուտը հավանաբար ի վերջո կծախսենք «սխալ» բաներ, այսինքն այնպիսի ապրանքներ ու ծառայություններ գնելու վրա, որոնք այնքան արժեքավոր չեն, որքան նրանք, որ կարելի էր գնել:
Արտադրողները նույնպես ծախսեր են կրում․ դրանք ապրանքն արտադրելու կամ ծառայություն մատուցելու համար օգտագործվող ռեսուրսների ծախսերն են: Օրինակ՝ նոր շենքի կառուցման համար փայտի, պողպատի և գիպսակարտոնի օգտագործումը այդ ռեսուրսներն անհասանելի է դարձնում այլ շինություններ, օրինակ՝ հիվանդանոցներ և դպրոցներ կառուցելու համար: Ռեսուրսների համար պահանջվող մեծ ծախսերն ահազանգում են այն մասին, որ ռեսուրսներն ունեն այլ՝ ավելի արժեքավոր գործածություն, ինչպես գնահատել են գնորդներն ու վաճառողներն այլ շուկաներում: Շահույթ հետապնդող կազմակերպությունները ուշադրություն կդարձնեն այս ահազանգերին և կգործեն համապատասխանաբար, օրինակ՝ կփնտրեն ավելի ոչ ծախսատար փոխարինող ապրանքներ: Սակայն պետական կանոնակարգերը կարող են ճնշել այս ահազանգերը: Նրանք կարող են հարկեր կամ սուբսիդիաներ սահմանել, որպեսզի շահեն պոտենցիալ համախոհների բարեհաճությունը՝ ազատ և բաց շուկաներում գոյացող գներն իջեցնելու միջոցով: Սակայն նման կանոնակարգերը խանգարում են, որպեսզի շուկայական խթանները ռեսուրսներն ուղղորդեն այնտեղ, որտեղ սպառողներն ի վերջո դրանք ամենաբարձրն են գնահատում: Դասական օրինակ է Վրաստանում 1991-1994թթ. տեղի ունեցածը: Կառավարությունը հացի գինը պահեց շուկայականից ցածր մակարդակում, որի արդյունքում կիլոմետրից ավել ձգվող հերթեր գոյացան: Երբ գների վերահսկումը վերացվեց, խանութներում անսպասելիորեն մեծ քանակությամբ ապրանք հայտնվեց, և հերթերը վերացան: Վրաստանում նմանատիպ իրավիճակ եղավ նաև 2006 թվականին, երբ Ռուսաստանից գազ մատակարարող խողովակի պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով կերոսինի պահանջարկը խիստ մեծացավ: Գների ուռճացումը կանխելու համար կիրառվեցին կերոսինի գների վերահսկման մեխանիզմներ, որի արդյունքում կրկին երկար հերթեր գոյացան այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չվերացրեց գների բարձրացման սահմանափակումը և թույլ չտվեց, որ դրանք բարձրանան և հասնեն շուկայի հավասարակշռման մակարդակին:
Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները և լոբբիստները հաճախ խոսում են «անվճար կրթության», «անվճար բուժօգնության» կամ «անվճար կացարաններով ապահովելու» մասին: Այս եզրերը խաբուսիկ են: Դրանք անվճար չեն: Դրանցից յուրաքանչյուրը ստեղծելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք ունեն այլընտրանքային կիրառություններ: Օրինակ՝ դպրոցական կրթություն կազմակերպելու համար օգտագործվող շենքերը, աշխատուժը և այլ ռեսուրսները փոխարենը կարող էին օգտագործվել ավելի մեծ քանակությամբ սնունդ արտադրելու, ավելի շատ հանգստի ծառայություններ, ավելի արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանություն կամ բուժօգնություն ապահովելու համար: Դպրոցական կրթության արժեքը այն ապրանքների արժեքն է, որոնցից պետք է հրաժարվել: Կառավարությունը կարող է վերաբաշխել ծախսերը, բայց չի կարող վերացնել դրանք: Երբ կառավարությունը ցանկանում է խրախուսել մարդկանց կենսաթոշակային խնայողություններ անել, խոշորամասշտաբ գովազդային արշավը սովորաբար արդյունավետ չէ, մինչդեռ հարկման տարկետումով խնայողական հաշիվը հաճախ արդյունք է տալիս:
Այլընտրանքային ծախսը կարևոր դրույթ է: Կյանքում ամեն ինչ իրենից այլընտրանքային ծախս է ներկայացնում: Յուրաքանչյուր մարդ ապրում է սահմանափակ ռեսուրսներով աշխարհում և հետևաբար պետք է ընտրություններ կատարի: Ուսումնասիրելով այլընտրանքային ծախսերը՝ ավելի լավ պատկերացում կարող ենք կազմել այն աշխարհի մասին, որում ապրում ենք: Դիտարկեք այլընտրանքային ծախսի ազդեցությունը աշխատուժի մասնակցության, ծնելիության ցուցանիշի և բնակչության աճի վրա՝ թեմաներ, որոնք շատերը այլընտրանքային ծախսի կիրառության շրջանակից դուրս կհամարեին:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է ավելի լավ կրթություն ստացած կանանց շրջանում տնից դուրս աշխատելն ավելի հավանական, քան ավելի ցածր կրթություն ստացած կանանց շրջանում: Այլընտրանքային ծախսի մեջ է պատասխանը: Ավելի լավ կրթություն ստացած կանայք ավելի բարձր եկամուտ վաստակելու հնարավորություն կունենան, և հետևաբար տնից դուրս չգալը նրանց վրա ավելի թանկ կնստի: Ներքևում բերված տվյալները հաստատում են այս տեսակետը: 2014թ. Ուկրաինայում երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն ունեցող 15-64 տարեկան աշխատունակի կանանց շրջանում զբաղվածության ցուցանիշը կազմել է ավելի քան 70%, այնինչ միայն թերի բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում՝ համապատասխանաբար 62% և 40%: Ինչպես և կանխատեսում է տնտեսագիտության տեսությունը, եթե կնոջ համար աշխատանքի չգնալն ավելի թանկ է նստում, քչերը կընտրեն այդ տարբերակը:
Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում ծնելիության ցուցանիշի հետ, երբ տնտեսությունն աճում է, իսկ եկամուտները բարձրանում են: Կենցաղային պարտականությունների վրա ծախսված ժամանակը կրճատում է վճարվող աշխատանքի համար առկա ժամանակը: Եկամուտների աճին զուգահեռ մեծանում է երեխաներ և մեծ ընտանիք ունենալու այլընտրանքային ծախսը: Հետևաբար, կանխատեսվում է, որ ծնելիության ցուցանիշը կնվազի, իսկ բնակչության աճը կդանդաղի: Գործնականում այս տեսությունը հաստատվում է: Վերջին երկու հարյուրամյակի ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտն աճեց, և դրան հետևեց ծնելիության ցուցանիշի նվազումն ու բնակչության աճի դանդաղումը: Ավելին, այս օրինաչափությունը նկատվեց բոլոր երկրներում: Չնայած երկրների միջև առկա մշակութային, կրոնական, էթնիկ և քաղաքական տարբերություններին՝ երեխաներ ունենալու ավելի բարձր այլընտրանքային ծախսն աﬔնուր նույն ազդեցությունն ունեցավ ծնելիության ցուցանիշի վրա:
Արտատպված է Ջ. Գուարթնիի, Ռ. Սթրոուպի, Դ. Լիի, Թ. Ֆեռարինիի, Ջ. Կալհունի և Ռ. Ֆայլերի «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքից