Այսօրվա նիստում Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար:
Որոշմամբ նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: Նախատեսվում է 2022 թ. հունվարի 1-ից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի մինչև 2025 թ․-ը կլինի աշխատավարձերի աստիճանական աճ:
Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ:
2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձների ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել: Եթե այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 հազար 400 դրամ է, փոփոխությունից հետո 2025թ.-ին վարձատրությունը կհասնի 276 հազար դրամի։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայիս 141 հազար 400 դրամից 2025 թ.-ին կկազմի 477 հազար 200 դրամ։