Հայաստանում գների աճի բարձր տեմպը պայմանավորված է դրամի թուլացմամբ և միջազգային շուկաներում սննդամթերքի գների աճով:
Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական զեկույցի հերթական թողարկման մեջ:
Ըստ ԵԱԶԲ գնահատականների՝ գների աճի դանդաղում սպասվում է այս տարվա երկրորդ եռամսյակից: Տարեվերջին գնաճի ճնշումները կթուլանան սննդամթերքի համաշխարհային գների և ազգային արժույթի փոխարժեքի կայունացման հետ մեկտեղ, նշված է զեկույցում:
«2021թ. մարտին ներքին շուկայում արտարժույթի զուտ պահանջարկը կազմել է 60.8 մլն դոլար, ինչը կարող է վկայել դևալվացիոն սպասումների պահպանման մասին»,- ասված է զեկույցում:
ԵԱԶԲ վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում սպառողական թույլ պահանջարկի պատճառներից մեկը տնային տնտեսությունների վարկավորման աճի դանդաղումն է՝ բանկերի կողմից բնակչությանը վարկեր տրամադրելու պայմանների խստացման ֆոնին: 2021-ի ընթացքում սպառողական պահանջարկը կխթանեն արտերկրից կատարվող դրամական փոխանցումները, ասված է զեկույցում։
ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 3.3%-ով՝ արտահանման, զբոսաշրջության և դրամական փոխանցումների եկամուտների վերականգնման հաշվին:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: