Չնայած ԱՄՆ-ում եւ զարգացած տնտեսությամբ մյուս երկրներում համավարակային ճգնաժամից հետո տնտեսական վերականգնմանը, բնակչության ծերացման պատճառով ժողովրդագրական աննախադեպ անցումը հաջորդ տասնամյակում կհանգեցնի գլոբալ աճի էական նվազման:
Նման եզրահանգման են եկել Moody’s-ի վերլուծաբաններն իրենց նոր հետազոտության մեջ։
«Մեր գնահատականներով, 2020-2025թթ. ծերացումը, ամենայն հավանականությամբ, կնվազեցնի համաշխարհային տնտեսական աճը տարեկան 0,9 տոկոսային կետով»,- ասված է զեկույցում:
Ամբողջ աշխարհում բնակչության աճի դանդաղումը տեղի է ունենում արտադրողականության աճի մի քանի տարվա անկումից հետո, ինչպես նաեւ համավարակի պատճառով պարտքի մակարդակի բարձրացման ֆոնին: «Ծերացումն էլ ավելի կբարձրացնի հարկային բեռը՝ առողջապահական եւ սոցիալական ծախսերի ավելացման հետ մեկտեղ»,- նշում են վերլուծաբանները:
Նրանց գնահատականով՝ աշխատունակ տարիքի բնակչության համաշխարհային աճը կդանդաղի կեսից ավելինով հաջորդ երկու տասնամյակների ընթացքում: Եվրոպան կդառնա աշխարհի «ամենածեր» տարածաշրջանը, իսկ մի շարք առանձին երկրներ, ներառյալ՝ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան եւ Կորեան կբախվեն աշխատունակ տարիքի բնակչության նվազման հետ: ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում աշխատանքային տարիքի բնակչությունը կավելանա հաջորդ տասնամյակում, սակայն շատ ավելի դանդաղ տեմպերով, քան նախորդ տասնամյակում, նշում են փորձագետները:
Աշխատունակ տարիքի բնակչության ավելի դանդաղ աճը մարտահրավեր կհանդիսանա առողջապահական եւ սոցիալական ապահովման ծրագրերի երկարաժամկետ կայունության համար, կարծում են Moody’s-ի փորձագետները: Եթե նախկինում առաջադեմ երկրներում ներգաղթը աշխատուժի աճի հիմնական բաղադրիչն էր, ապա ներկայումս դրա տեմպերը չեն փոխհատուցում աշխատունակ տարիքի բնակչության ավելի դանդաղ աճը, հատկապես Եվրոպայում:
Ծերացող բնակչություն ունեցող երկրներում տնտեսական աճի կարեւոր աղբյուր կդառնա կանանց եւ տարեց աշխատողների ներգրավումն աշխատուժի շարքերում: Բացի այդ, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներդրումը կարող է մեղմել ծերացող բնակչության բացասական հետեւանքները, կարծում են Moody’s-ի վերլուծաբանները:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ: