Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով ռազմական և արտակարգ դրության հետևանքների՝ մասնավորապես օգտագործվող արոտավայրերի կրճատման արդյունքում անասնակերի ապահովման խնդիրների մեղմումն ու պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը։
Ծրագիրը կիրականացվի 2021 թվականին ՀՀ բոլոր մարզերում։
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր մարզերում 1.0-20․0 հա մակերեսով հացահատիկային և կերային մշակաբույսերի, ինչպես նաև 0.5-20.0 հա հատիկաընդեղենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
Նույն տնտեսվարողի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 20․0 հա–ը։
Ծրագրի շրջանակում առաջարկվում է գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով՝ շուրջ 50-70%։
Գյուղատնտեսական գոտիներից կախված՝ Ծրագրի շրջանակում ձեռք բերված հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10–ը, իսկ հացահատիկային և կերային մշակաբույսերի դեպքում՝ մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը:
Մատակարարները կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով, իսկ տնտեսավարողները ներմուծված սերմերով ցանք կատարել ու ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
Ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսավարողներին կտրամադրվի հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի մշակության, ցանքաշրջանառության կիրառման և սերմերի ախտահանման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։
Հացահատիկային և կերային մշակաբույսերի սերմերի վաճառքը կիրականացվի մարտի 2-ից մինչև հունիսի 1-ը, իսկ հատիկաընդեղենի դեպքում՝ մինչև հունիսի 10–ը՝ Ծրագրով սահմանված գներով՝ բացառապես պայմանագրային հիմունքներով։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։