2021 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել մոտ 118 մլն դոլար՝ 55 մլն դոլարով կամ 87.2%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն եռամսյակում:
2021 թվականի առաջին եռամսյակում բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 405.6 մլն դոլարին համարժեք գումար: Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այս տրանսֆերտներն աճել են 52 մլն դոլարով կամ 14.7%-ով:
Միայն մարտ ամսին փոխանցվել է 159.4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ասմվա 117.8 մլն դոլարի դիմաց: Եռամսյակային աճը հիմնականում պայմանավորված է մարտի ցուցանիշով: Իսկ ավելի կոնկրետ՝ աճին մեծապես նպաստել է ԱՄՆ-ից կատարվող դրամական փոխանցումների ավելացումը:
Հակառակ դրան՝ շարունակում են նվազել Ռուսաստանից ուղարկվող գումարները: Մասնավորապես, այս տարվա հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել մոտ 154 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 10.4 մլն դոլարով կամ 6.3%-ով: Չնայած այս նվազմանը՝ Ռուսաստանը Հայաստան ուղարկվող գումարների ամենամեծ աղբյուրն է: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին երեք ամսում Ռուսաստանին է բաժին ընկել դեպի Հայաստան դրամական փոխանցումների մոտ 38%-ը:
ԱՄՆ-ից ուղարկվող գումարների ծավալը կազմել է մոտ 118 մլն դոլար՝ ավելանալով մոտ 55 մլն դոլարով կամ 87.2%-ով:
Այլ երկրներից տրանսֆերտները կազմել են մոտ 134 մլն դոլար՝ աճելով 7.5 մլն դոլարով կամ 6%-ով:
Սովորաբար, Կենտրոնական բանկի մասնագետները հրաժարվում են մեկնաբանել դրամական փոխանցումների աճը կամ նվազումը, սակայն երկու օր առաջ (մայիսի 4-ին) լրագրողների հետ հանդիպմանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ այս թեմային: Գլխավոր դրամատան մասնագետները ենթադրում են, որ ԱՄՆ-ից ուղարկվող գումարների աճին նպաստել է այդ երկրում ապրող մեր հայրենակիցների ստացած պետական աջակցությունը:
«Երբ որոշակի օժանդակության ծրագրեր են իրականացնում քաղաքացիների համար, դրա արդյունքում գումարներ են ուղարկվում նաև այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Դա շատ ավելի ցայտուն է, օրինակ, Մեքսիկայի կամ Լատինական Ամերիկայի օրինակով, բայց մեր հայրենակիցները ևս, որոնք ապրում են ԱՄՆ-ում, որոշակի դրամական օգնություն են ուղարկում Հայաստանում ապրող իրենց հարազատներին՝ պայմանավորված իրենց երկրում իրենց կառավարության օժանդակության ծրագրերով»,- նշեց Մարտին Գալստյանը:
Չի բացառվում, որ առաջիկայում տրանսֆերտների հոսքը ոչ միայն ԱՄՆ-ից, այլև՝ Ռուսաստանից ու մյուս երկրներից ավելանա, քանի որ բազմաթիվ հայաստանցիներ, որոնք պարբերաբար արտագնա աշխատանքի են մեկնում, 2020 թվականին տարածված համավարակի պատճառով չեն կարողացել մեկնել: Նրանց մի մասն այս տարի արդեն մեկնում է: Հետևաբար, դա կարող է հանգեցնել դրսից Հայաստան ուղարկվող գումարների ավելացման:
Փողի արտահոսքը ևս ավելացել է
Որոշակիորեն աճել է նաև գումարների արտահոսքը Հայաստանից: 2021 թվականի առաջին եռամսյակում բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահման են փոխանցել 276.5 մլն դոլար: 2020-ի նույն եռամսյակի համեմատ այն աճել է 10.3 մլն դոլարով կամ 3.9%-ով:
Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարների ծավալը գրեթե նույն մակարդակում է մնացել՝ կազմելով մոտ 86 մլն դոլար 2020 թվականի առաջին եռամսյակի 86.6 մլն դոլարի դիմաց:
9 մլն դոլարով կամ 26.9%-ով ավելացել են Հայաստանից դեպի ԱՄՆ դրամական փոխանցումները՝ կազմելով մոտ 44 մլն դոլար:
Քանի որ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքն ավելի արագ է աճել այս տարվա առաջին եռամսյակում, քան արտահոսքը, արդյունքում էականորեն աճել է զուտ ներհոսքը: Հիշեցնենք, որ զուտ ներհոսքը հավասար է ներհոսքի և արտահոսքի տարբերությանը: Այն կազմել է 129.1 մլն դոլար՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճելով մոտ 42 մլն դոլարով կամ 47.7%-ով:
Հիշեցնենք, որ 2020 թվականին դեպի Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 842 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 6%-ով:
Միևնույն ժամանակ, 13%-ով կրճատվել են Հայաստանից դուրս եկող գումարներն ու կազմել 1 մլրդ 267 մլն դոլար:
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: