Ներկայացնում ենք futures-studio-ի հիմնադիր գործընկեր Դավիթ Թավադյանի հոդվածը, որը հրապարակվել է 2020թ․ հոկտեմբերի 1-ին։
Վերջին չորս օրերի ընթացքում Հայաստանը լայնածավալ պատերազմի մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ռուսաստանը որդեգրել է չեզոք դիրքորոշում: Հարևան Վրաստանն էլ տարաբնույթ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Չնայած բոլոր դժվարություններին, հայերը շարունակում են գոյապայքար մղել և մինչ այս պահը հաղթում են պարտադրված պատերազմում:
Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի տնտեսությունները գտնվում են ծանր վիճակում, և այդ երկրների ղեկավարություններին ծայրահեղ անհրաժեշտ էր այս պատերազմը՝ սեփական ժողովուրդների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:
Թուրքիայի տնտեսությունը փլուզվում է: Վերջին երեք տարիների ընթացքում թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 300%-ով (ինչն արժույթի անկման մեծ արագություն է ցանկացած չափանիշով), Թուրքիայի կենտրոնական բանկը տոկոսադրույքները մինչ այժմ պահել է 10%-ից բարձր, գնաճը նույնպես գերազանցում է 10%-ը, իսկ կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները նվազել են՝ կազմելով ՀՆԱ-ի 5%-ից ցածր (ավելին՝ եղած գումարի կեսն էլ դենոմինացված է Կատարի ռիալի): Սա նշանակում է, որ Թուրքիան միանշանակ կանգնած է «Վճարային հաշվեկշռի» դասական ճգնաժամի առաջ: Այս ամենն ուղեկցվում է Թուրքիայի ներսում անկայուն քաղաքական իրադրությամբ:
Իսկ Ադրբեջանի տնտեսությունն անգամ վերլուծելու կարիք չկա մի պարզ պատճառով. Ադրբեջանի նախագահը, որը իշխանության գլխին է 2003թ.-ից, Ադրբեջանի նախկին նախագահի որդին է: Թեև Ադրբեջանը միապետություն չէ, «հայր և որդի» այն կառավարում են ավելի քան 40 տարի: Դա էլ բավական չէ, ներկայիս նախագահը (Ալիև կրտսերը) 2017թ. փոխեց Ադրբեջանի սահմանադրությունն այնպես, որ իր կինը իրավունք ստանար դառնալու Ադրբեջանի առաջին փոխնախագահը և լիազորություններով երկրորդը երկրում:
Դժբախտաբար, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը Հայաստանի հարևաններն են: Հայաստանի Հանրապետության գոյատևման և զարգացման միակ ճանապարհը շատ ուժեղ տնտեսություն ունենալն է, ինչը թույլ կտա ունենալ նաև ժամանակակից և հզոր զինված ուժեր: Ներկայիս պատերազմը ևս մեկ անգամ վկայեց, որ Հայաստանը հաճախ կարող է միայնակ լուծել իր առջև եղած խնդիրները:
Պատերազմից օրեր առաջ (անցյալ շաբաթ) Հայաստանի վարչապետը ներկայացրեց իր կառավարության երեսնամյա տեսլականը (Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թ. ռազմավարություն): Չնայած ընթացիկ պատերազմին ու չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի և ողջ հայության համար կարևոր է առաջնորդվել երկարաժամկետ տեսլականով: Հայաստանը պարտադրված այս պատերազմը պետք է պսակի հաղթանակով, որն, անկասկած, անելու է: Այս ակնարկում մենք կանդրադառնանք ՀՀ վարչապետի երկու դիտարկումներին և կշեշտադրենք չորս շատ կարևոր գործոններ, որոնք անհրաժեշտ է հավելել ներկայացված ռազմավարությանը:
1. Բնակչություն և տնտեսական աճ. ներկայացված ռազմավարության համաձայն՝ 2050թ. Հայաստանի բնակչությունը պետք է աճի մինչև հինգ միլիոն, իսկ ՀՆԱ-ն պետք է աճի մինչև 250 միլիարդ ԱՄՆ դոլար (ներկայիս 12 միլիարդի փոխարեն): Սա նշանակում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2050թ. ներկայիս 4 հազար ԱՄՆ դոլարից պետք է աճի մինչև 48 հազար ԱՄՆ դոլար: 2050թ. 4 հազար ԱՄՆ դոլարից 48 հազար ԱՄՆ դոլարի հասնելու համար ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով տարեկան միջին աճն առաջիկա 30 տարիներին պետք է կազմի 8%:
Հայաստանում սրընթաց արտադրողականության աճի ապահովումը համեմատաբար հեշտ է, քանի որ Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դեռևս փոքր է (շուրջ 4 հազար ԱՄՆ դոլար): Սակայն, մենք գիտենք նաև դրա համար անհրաժեշտ նախապայմանները: Դրանց ապահովման միջոցներից շատերն ուղղակիորեն գտնվում են Հայաստանի ներկայիս կառավարության վերահսկման ներքո: Դրանք են՝
» Կառավարություն. այն պետք է լինի խելացի, գործարարամետ, ճկուն և լավ համակարգված: Լավ համակարգված ասելով՝ մենք հասկանում ենք կառավարական բոլոր մարմինների և օղակների փոխգործակցություն՝ լիակատար համակարգման և փոխըմբռնման պայմաններում:
» Օրենքներ. օրենքի աներկիմաստությունն օրենքի գերակայության ապահովման կարևորագուն տարրն է: Օրենքները, կանոնակարգերը և կարգավորումները պետք է լինեն պարզ և մատչելի (ինչը նշանակում է պետք է չեղարկել անպիտան և միմյանց հակասող բազմաթիվ օրենքները, կանոնակարգերն ու կարգավորումները): Ոչ կոռումպացված և անկախ դատական համակարգի գոյությունը դեռևս բավարար չէ, եթե օրենքներն ու կանոնակարգերը միանշանակ չեն, խրթին են ու միմյանց հակասող:
» Հարկեր. հատուկ ուշադրություն պետք է դարձնել հարկերին և տուրքերին, ուսումնասիրել Սինգապուրի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Դուբայի փորձը: Հայաստանը պետք է ունենա հստակ հարկային ռազմավարություն (ժառանգության հարկեր, գույքահարկեր, անձնական և կորպորատիվ եկամտահարկեր, շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և այլն):
» Լեզվական քաղաքականություն. Հայաստանի կառավարությունը պետք է ունենա առնվազն երեք կամ չորս պաշտոնական լեզու, որպեսզի պայմաններ ապահովի Հայաստանում արտաքին ներդրումների և օտարերկրացիների աշխատանքի համար: Սա նշանակում է, որ բոլոր փաստաթղթերը և կայքերը պետք է հասանելի լինեն այդ լեզուներով (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն): Սրանք են այն վայրերը, որտեղ կենտրոնացած է սփյուռքահայության 80%-ը, և հենց այստեղից է, որ Հայաստան կարող են գալ ներդրումներ և զբոսաշրջիկներ:
» Ներել և մոռանալ (Forgive and forget). հին ամերիկյան ասացվածքը՝ «ներել և մոռանալ» Հայաստանի ներսում պետք է վերաբերի յուրաքանչյուրին: Թշնամին Հայաստանի ներսում չէ: Թշնամին Հայաստանի սահմաններից այն կողմ է:
2. Կրթություն. ՀՀ վարչապետը խոսեց ակադեմիական քաղաք ստեղծելու մասին՝ ունենալ աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում ներառված առնվազն երեք հայկական համալսարան, սեփական կրթության մեջ ներդրում կատարող հայեր և այլն:
Սրանք հրաշալի ծրագրեր են: Կրթությունը արտադրողականության սրընթաց աճի ամենակարևոր խթաններից մեկն է: Սակայն, ակադեմիական լավ կրթության համար անհրաժեշտ է հետազոտական մշակույթը խթանող միջավայր և բնատուր ինտելեկտուալ հետաքրքրասիրություն: Իսկ դա պահանջում է կարգապահության և համառության մշակույթ: Մերօրյա աշխարհում կազմակերպչական հմտություններն ու կարգապահությունը մշտապես հաղթում են տաղանդին:
Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ասպիրանտական գերազանց ծրագրեր, մասնավորապես՝ անգլերեն լեզվով, քանի որ ասպիրանտական ծրագրերը խթանում են հետազոտությունների մշակույթը և սնում դասավանդման ներուժը՝ ընդլայնելու համար կրթության ինդուստրիան: Որևէ համալսարան չի կարող իսկապես համալսարան համարվել՝ առանց լիարժեք ասպիրանտական ծրագրերի:
Ահավասիկ, կրթությունը Դուբայի ամենաթույլ կետերից մեկն է: Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) միլիարդավոր դոլարներ է ներդրել տարատեսակ կրթական ենթակառուցվածքների ձևավորման մեջ, ստորագրել համաձայնագրեր աշխարհի լավագույն համալսարանների հետ, այդուհանդերձ այդպես էլ չի հաջողվել հասնել հետազոտամետ մտածելակերպի մշակույթի ձևավորման և ինտելեկտուալ հետաքրքրասիրության արմատավորման:
Դինամիկ զարգացող կրթական մշակույթն է, որ Բոստոնը, Լոնդոնը կամ Մոնրեալը դարձնում է այդքան յուրօրինակ: Դրա համար միայն նոր շենքերն ու գեղեցիկ դասասենյակները բավարար չեն: Դուբայն ու Աբու Դաբին ունեն հրաշալի կրթական ենթակառուցվածքներ՝ համալրված նորագույն համակարգիչներով և հետազոտական կենտրոններով, բայց դա բավարար չէ, որպեսզի Աբու Դաբին համալսարանական կրթության ոլորտում մրցակցի Մոնրեալի կամ Բոստոնի հետ:
Չորս գործոն, որոնց ՀՀ վարչապետը չանդրադարձավ
1. Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական բարեկեցության ամենաանտեսանելի, այդուհանդերձ ամենահզոր շարժիչ ուժերից մեկն է: Հայաստանի կենտրոնական բանկը կարևոր դերակատարություն պետք է ունենա 2050 թ. ռազմավարության իրականացման գործում: Ինչպես ներկայացված է Գծապատկեր 1-ում, Հայաստանում եղած տոկոսադրույքները չափազանց սահմանափակող են և զսպում են տնտեսական աճը:
Գծապատկեր 1. Գնաճ, վերաֆինանսավորման տոկոսադրույք և վարկավորման տոկոսադրույք
2. Հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության գործիքակազմում առկա ևս մեկ հզոր գործիք է: Եթե մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 12 միլիարդ ԱՄՆ դոլարից պիտի աճի մինչև 240 միլիարդ, ապա Հայաստանի պետական պարտքը նույնպես կարող է մեծանալ՝ հասնելով առնվազն մինչև 100 միլիարդ դոլարի: Եթե վերջինս համադրենք ևս 100 միլիարդ դոլար մասնավոր կապիտալի հետ, շուրջ 200 միլիարդ դոլար կարելի է հատկացնել ենթակառուցվածքային ծրագրերին, որոնք կարող են խթանել այն սրընթաց տնտեսական զարգացումը, որի մասին խոսում է ՀՀ վարչապետը:
3. Միգրացիոն քաղաքականություն. յուրաքանչյուր զարգացած և ֆունկցիոնալ երկիր ունի իր միգրացիայի նախարարությունը՝ հստակ առաքելությամբ և տարեկան միգրանտների սահմանված թիրախներով: Օրինակ, եթե Հայաստանի բնակչությունը 30 տարվա կտրվածքում պետք է երեք միլիոնից դառնա հինգ միլիոն, դա նշանակում է տարեկան շուրջ երկու տոկոս բնակչության աճի տեմպ (այսօր այն հավասար է զրոյի): Ակնկալվող բնակչության աճի ո՞ր տոկոսն է լինելու ծնելիության բարձրացման, իսկ ո՞ր տոկոսը միգրացիայի հաշվին: Արդյո՞ք արտասահմանցիները, որոնք հայերեն չեն խոսում, կարողանալու են անարգել ներգաղթել Հայաստան: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը կարողանալու է պատշաճ պայմաններ ապահովել նրանց համար: Արդյո՞ք Հայաստանն ունենալու է «միավորների վրա հիմնված» միգրացիոն համակարգ, ինչպես Կանադան, Մեծ Բրիտանիան կամ Ավստրալիան:
4. Փափուկ ուժին (Soft Power) մենք կանդրադառնանք մեր հաջորդ զեկույցում: