2020 թվականին Հայաստանում կատարվել է 598 մլրդ դրամի անկանխիկ գործարք, որը 2019 թվականի համեմատ աճել է 37%-ով:
2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից թողարկված և շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակը կազմել է 2 496 586: Մեկ տարվա ընթացքում (2019թ. դեկտեմբերի վերջի համեմատ) այն ավելացել է 106 210-ով կամ 4.4%-ով:
Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տարեկան հաշվետվության՝ շուկայում գերիշխում են Visa վճարային համակարգի քարտերը, որոնց 2020 թվականի վերջում բաժին է ընկել վճարային քարտերի ընդհանուր քանակի 42.3%-ը: Հաջորդում են ArCA-ն (30.5%) և MasterCard-ը (25.4%):
2019 թվականի վերջի համեմատ տոկոսային առումով քանակի առավել մեծ աճ է գրանցել MasterCard-ը: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:
Աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկ
2020 թվականին Հայաստանում կատարվել է 598 մլրդ դրամի անկանխիկ գործարք: Գործարքները կատարվել են ինչպես Հայաաստանի, այնպես էլ՝ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով:
Հատկանշական է, որ 2019 թվականի համեմատ անկանխիկ գործարքների ծավալն աճել է 37%-ով: Նոր կորոնավիրուսի (ՔՈՎԻԴ-19) տարածումից հետո բնակչության մի մասը նախընտրեց ավելի քիչ շփվել կանխիկ փողի հետ և նախապատվությունը տալ օնլայն, անկանխիկ գործարքներին: Սա նպաստել է անկանխիկ գործարքների ծավալների ավելացմանը: Բացի այդ, անկանխիկ գործարքների աճին նպաստել է նաև համավարակից և պատերազմից տուժած քաղաքացիներին հատկացված նպաստների վճարման գործընթացը, որև ևս կատարվել է բանկերի միջոցով՝ անկանխիկ:
2020 թվականի կատարված 598 մլրդ դրամի գործարքների 57%-ը վիզուալ միջավայրում իրականացված գործարքներ են, 42%-ը՝ POS տերմինալով իրականացված գործարքներ են և 1%-ն էլ՝ բանկոմատներով և բանկային ավտոմատ մեքենաներով գործարքներն են:
Աղբյուրը՝ ՀՀ կենտրոնական բանկ
Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ ընդգծվում է, որ 2020 թվականին, 2017 թվականից ի վեր առաջին անգամ, Հայաստանում վճարային քարտերով կատարված անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է քարտերից կանխիկացման և կանխիկի մուտքագրման գործարքներին: Այն կազմել է ընդհանուր քարտային գործարքների 58.7%-ը:
Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am: