Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում անդրադարձավ 2020 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքին:
Նա նշեց, որ համավարակի բացասական ազդեցությամբ պայմանավորված՝ նշված ժամանակահատվածի համար վարչարարության բարելավման եւ բիզնեսի աջակցության համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարվեցին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է շահութահարկի կանխավճարի հաշվարկման մեխանիզմի, ժամկետանց հարկային պարտավորությունների չափի, տույժերի, տոկոսադրույքի դրույքաչափերի փոփոխությանը:
ՊԵԿ-ը Կառավարության ծրագրով նախատեսված աջակցության ծրագրերի շրջանակում շուրջ 9 մլրդ դրամ է բաշխել տնտեսվարողներին:
Կառավարության կողմից հարկային եկամուտների շրջանակի վերանայում է եղել. նախատեսված 1 տրիլիոն 160.1 մլրդ դրամի շեմը նվազեցվել է, սահմանվել է 1 տրիլիոն 10.8 մլրդ դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է շուրջ 1 տրիլիոն 17 մլրդ դրամ:
Հովհաննիսյանը նշեց, որ գրեթե բոլոր հարկատեսակներին ու պարտադիր վճարներին վերաբերող բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2020-ի ընթացքում, որոնք ազդել են հավաքագրվող հարկային եկամուտների չափի վրա:
Ինն ամիսների հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 23.73 տոկոս, ինչը 0.12 տոկոսով ավելի է 2019-ի ցուցանիշից: