Մեզ պետք է հետաքրքրեն ոչ թե պահային կարճաժամկետ ցուցանիշները, այլ թե ավելի երկարաժամկետ հեռանկարում ինչ ենք ունենալու։ Իսկ կարճ ժամանակահատված ներկայացնող ցուցանիշներն ուղղակի մեզ հուշում են, թե ինչ զարգացումներ են ընթանում, և ինչ կարելի է ակնկալել։ Այս պարագայում, ամենայն հավանականությամբ, մենք տարին կամփոփենք 1-2 տոկոս տնտեսական աճի շրջանակներում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով 2021-ի առաջին եռամսյակի վերաբերյալ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տնտեսական ակտիվության ցուցանիշներին, որոնցում որոշակի բարելավում է նկատվում երկամսյա ցուցանիշների համեմատ։
Նա ընդգծեց, որ կարևոր հարցադրումն այն է, թե արդյո՞ք 1-2 տոկոս վերականգնումը, կամ, նույնիսկ, 3 տոկոս վերականգնումը բավարար է մեր տնտեսական կյանքի ներկայիս պայմաններում, թե ոչ։
«Մեզ համար առաջնային խնդիրը պետք է լինի հարկաբյուջետային կայունության վերականգնումը, որովհետև ճգնաժամերի ժամանակ բոլոր երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն, պարտադրված են լինում վերցնել պարտք, որ դիմակայեն արտաքին հատվածից եկող բացասական ճնշումներին։ Դիմակայելը նշանակում է, որ այդ ընթացքում ճիշտ գործիքակազմով, քայլերի հաջորդականությամբ և ժամանակին պետք էր ջանալ և երկու խնդիր արագ լուծել։ Առաջինը՝ օգնել տնտեսվարողներին, որ տնտեսական պոտենցիալը չկոտրվի, և երկրորդ՝ մեղմել սոցիալական խնդիրները։ Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև, երբ նայում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, կան երկրներ, որոնք մեզ նման համադրելի անկումներ են գրանցել 2020-ին, բայց Արժույթի միջազգային հիմնադրամը նրանց համար ակնկալում է ավելի արագ վերականգնում 2021-ին և դրանից հետո, իսկ ՀՀ-ի համար այդ ակնկալիքն ավելի համեստ է»,-ասաց նա, ապա պարզաբանեց, թե ինչով են պայմանավորված ՀՀ-ի վերաբերյալ համեստ կանխատեսումները․
«Դա բացատրվում է նրանով, որ մենք 2020 մուտք գործեցինք ավելի թուլացած տնտեսական պոտենցիալով, որովհետև մեզ մոտ 2 տարվա տնտեսական աճը հիմնականում հիմնված էր սպառման վրա, իսկ սպառումն այդքան արագ աճում էր, որովհետև հանրության մոտ առկա էին ոչ ադեկվատ սպասումներ. ակադեմիական աշխարհում կան բազմաթիվ վերլուծություններ, որ, սովորաբար, 2018-ի նման իշխանափոխություններից հետո հանրության մի մեծ զանգվածի մոտ ի հայտ են գալիս ասիմետրիկ ինֆորմացիաների վրա հիմնված, շեղված սպասումներ։ Հասարակությունը մտածում է, որ երբ իշխանափոխություն լինի, կյանքը դառնալու է հոյակապ, բարձր եկամուտներ են լինելու, բայց մոռանում է, որ լավ ապրելու համար յուրաքանչյուր ոք պետք է ունենա ավելի լավ գիտելիք, ավելի շատ ջանքեր գործադրի, ավելի լավ մասնագետ դառնա կամ, այլ կերպ ասած, արտադրողականությունն աճի»,-ասաց նա։
Ըստ Արամյանի՝ երբ հասարակությունում առկա նման տրամադրություններն էլ սնվում են ամբոխահաճո խոստումներով՝ «Ձեր վարկերը կչեղարկենք, տույժ-տուգանքները կչեղարկենք, նախկիններին կունեզրկենք, ձեզ կտանք», հետևանքներն ավելի բացասական են դառնում։
Ֆինանսների նախկին նախարարի խոսքով՝ կարևոր է, թե ինչ տնտեսական կառուցվածքով ու դիմադրողականությամբ ես մտել ճգնաժամային փուլ։
«Ժողովուրդն իշխանության 2018-ի ամբոխահաճո հայտարարություններն ընկալել է որպես խոստում, նետվել է սպառում անելու և քանի որ նրանց եկամուտները չէին աճում և չէին էլ կարող աճել, քանի որ հասարակության մոտ արտադրողականության աճ չկար, նրանք իրենց սպառումը ֆինանսավորեցին վարկեր վերցնելու միջոցով. 2018-ից այս կողմ սպառողական վարկերը կրկնապատկվել են։ Երբ տնտեսությունն այդպիսի գործոնների հաշվին է հիմնականում աճում, այսինքն՝ սպառումն է առաջնորդող տնտեսական աճում և ոչ թե ներդրումները կամ, արտադրողականության աճը, ակնհայտ էր, որ ճգնաժամի ժամանակ սպառման աճի վրա հիմնված տնտեսությունն ավելի խոցելի է, և թուլացած դիմադրողականությամբ տնտեսությունն ավելի ցավոտ անկում էր ունենալու։ Ընդ որում, ճգնաժամին նախորդող տարում էլ ներդրումներ չէին լինում, քանի որ Կառավարությունն էլ թափթփված քաղաքականություն էր վարում՝ այսօր մի բան ասում էր, հաջորդ օրը քնից վեր էր կենում, այլ բան ասում»,- ասաց Արամյանը։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կայունության չորս հիմնասյուներից առնվազն երեքը բացակայում են։ «Հարկաբյուջետային կայունություն, դրամավարկային և ֆինանսական կայունություն, քաղաքական կայունություն և անվտանգություն․ պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքականապես անկայուն երկրում որևէ ներդրող ինչ-որ մեծ ծրագիր սկսի։ Դա բացառվում է, կարճաժամկետ, փոքր պրոյեկտներ հնարավոր են, բայց երկարաժամկետ պրոյեկտները բացառվում են։ Նույնը կարելի է ասել անվտանգության խնդրի հետ կապված, օրինակ՝ Սիրիայում ո՞վ խոշոր ներդրում կկատարի։ Մենք ամեն օր խոսում ենք անվտանգային խնդիրների մասին, կամ հարկաբյուջետային կայունության վերականգման համար կտրուկ գործողությունների անհրաժեշտության մասին, իսկ ինչ է ասում Կառավարությունը»,- ասաց նա՝ նշելով, թե ամիսներ շարունակ հստակություն չի երևում։
«Պատերազմից անցել են ամիսներ, բայց Կառավարությունը չկարողացավ ասել, թե բացակայող հիմնասյուների կարգաբերման համար ինքն ինչ գործողություններ է կատարում: Ի դեպ, հարկաբյուջետային կայունության վերականգնումն էլ բացառապես Ֆինանսների նախարարության գործառույթ չէ, դա Կառավարության գործառույթն է, եթե վերջինս թափթփված է, Ֆիննախը չի կարող հարկաբյուջետային կայունությունն ապահովել»,-ասաց Վարդան Արամյանը՝ ընդգծելով, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը չունի հստակ ուրվագծված կուրս, ուղղություն, ինչը ևս լուրջ խնդիր է ներդրումների համար։