ՀՀ վիճակագրական կոմիտեի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2021 թվականի հունվար-մարտին 2020 թվականի հունվար-մարտի նկատմամբ կազմել է -2,0 տոկոս: Սակայն 2020թ․ մարտի նկատմամբ այս տարվա մարտին ՏԱՑ-ն աճել է 3,8%-ով։
2021 թվականի առաջին եռամսյակում ՏԱՑ-ի նվազմանը նպաստել են արդյունաբերությունը՝ -3,9 տոկոս, գյուղատնտեսությունը՝ -1,0 տոկոս, ծառայությունների ոլորտը (առանց առևտրի)՝ -8,1 տոկոս անկումներով։ Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում կրճատվել է 5,6 տոկոսով։
2021 թվականի հունվար-մարտին շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,7 տոկոսով։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2021թ․ առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 4,4 տոկոսով, ընդ որում՝ արտահանումն աճել է 3,4 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել՝ 8,7 տոկոսով:
Նշված ժամանակահատվածում դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 524,14 դրամ։