Կորոնավիրուսային ճգնաժամն ամբողջ աշխարհում հնարավորություն է ընձեռել մարդկանց կուտակել 5,4 տրիլիոն դոլար (համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 6%-ը), որից մոտ 2 տրիլիոն դոլարը բաժին է հասնում ԱՄՆ-ի բնակչությանը:
Moody’s-ի փորձագետներն ակնկալում են, որ լրացուցիչ խնայողությունները հետաձգված պահանջարկի հետ միասին կհանգեցնեն սպառողական ծախսերի կտրուկ աճին ամբողջ աշխարհում:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առանձին երկրների բնակիչների մոտ ձեւավորվում է կոլեկտիվ իմունիտետ, եւ այդ երկրների իշխանությունները թուլացնում են կորոնավիրուսային սահմանափակումները»,- պարզաբանել է Moody’s Analytics-ի գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդին:
Եթե սպառողները ծախսեն իրենց խնայողությունների գոնե մեկ երրորդը, ապա դրանք կավելացնեն համաշխարհային արտադրության ծավալն ավելի քան 2 տոկոսային կետով՝ ինչպես 2021թ.-ին, այնպես էլ հաջորդ տարի, նշում են գործակալության տնտեսագետները:
Ծախսերի ավելացմանը կնպաստի նաեւ սպառողական վստահության աճը: Conference Board ինդեքսը, որն արտացոլում է սպառողների լավատեսության մակարդակը, 2021-ի առաջին եռամսյակում հասել է վերջին 16 տարիների ամենաբարձր մակարդակին:
«Համաշխարհային տնտեսության վերականգնումը եւ, որպես արդյունք, սպառողների տրամադրությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն նախկինի պես զգալիորեն տարբերվել տարածաշրջանից տարածաշրջան: Պատվաստանյութերին ավելի մեծ հասանելիություն ունեցող երկրները, ըստ երեւույթին, կհասնեն կոլեկտիվ իմունիտետի եւ կվերադառնան բնականոն կյանքի ավելի շուտ, քան մյուսները»,- նշել է Conference Board-ի գլխավոր տնտեսագետ Դանա Պետերսոնը:
Խնայողությունների ամենամեծ ծավալը, ըստ Moody’s-ի գնահատականների, բաժին է ընկնում զարգացած երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին եւ Արեւմտյան Եվրոպային, որտեղ իշխանություններն ավելի հաճախ արգելափակումներ էին դնում եւ բնակչությանն աջակցող միջոցներ տրամադրում:
Ծախսերի ամենամեծ աճը սպասվում է ամերիկացի, ամենաքիչը՝ բրիտանացի սպառողների կողմից:
Տնտեսության վերականգնման ֆինանսավորումը կդժվարանա համավարակի ընթացքում պետությունների կողմից կատարված լրացուցիչ 24 տրլն դոլար ծավալով փոխառությունների պատճառով: Արդյունքում, ընդհանուր պարտքը հասել է նոր առավելագույնի՝ 281 տրլն դոլար:
Նշենք, որ Moody’s-ի հաշվարկները կտրուկ տարբերվում են Bloomberg Economics-ի ցուցանիշներից, որոնց համաձայն կարանտինային սահմանափակումների ընթացքում ամբողջ աշխարհի սպառողները կուտակել են 2,9 տրլն դոլար: Սպառողական լրացուցիչ խնայողությունների կեսից ավելին բաժին է հասնում ԱՄՆ-ին՝ 1,5 տրլն դորար:
Նյութի սկզբնաղբյուրը` banks.am: