Բահամյան կղզիները, Կամբոջան եւ Չինաստանը դարձել են մանրածախ օգտագործման համար նախատեսված կենտրոնական բանկերի թվային արժույթների (Central bank digital currency – CBDC) մշակման առաջատարներ:
Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նման եզրահանգման են եկել PwC վերլուծաբաններն իրենց նոր հետազոտության մեջ:
PwC մասնագետները CBDC-ի շուկան բաժանել են երկու խմբի՝ մանրածախ օգտագործման համար թվային ակտիվներ եւ մեծածախ գործարքների համար նախատեսված ֆինանսական գործիքներ: Առաջին ուղղության առաջատար է դարձել Բահամյան կղզիները:
«Երկրի իշխանություններն իրենց CBDC-ն (բահամյան թվային դոլարը) գործարկել են 2020-ի հոկտեմբերի վերջին: Ֆինանսական գործիքի մշակողները կարծում են, որ թվային արժույթը միջազգային ներուժ ունի: Քիչ ժամանակ անց դրանով հետաքրքրվեց Mastercard-ի թիմը:
2021թ. փետրվարի սկզբին համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որ վճարային համակարգը պատրաստվում է Բահամյան կղզիների ազգային արժույթի համար քարտ թողարկել: Այսպիսով, բահամյան թվային դոլարը դարձավ խոշոր ֆինանսական կորպորացիայի սեփական բանկային պլաստիկով աշխարհի առաջին CBDC-ն»,- գրում է պարբերականը:
Լուսանկարը՝ https://www.pwc.com
PwC վերլուծաբանները մանրածախ լավագույն CBDC-ների վարկանիշում երկրորդ տեղում դասել են Կամբոջայի ֆինանսական գործիքը: Bloomchain.ru-ն հիշեցնում է, որ ազգային կրիպտոարժույթի թվային տարբերակ ստեղծելու երկրի իշխանությունների մտադրության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2018-ի գարնանը: 2020-ի վերջի դրությամբ տեղական կարգավորիչները փորձարկում էին ֆինանսական գործիքի հնարավորությունները:
Չինաստանն իր թվային յուանով հայտնվել է վարկանիշի միայն երրորդ հորիզոնականում: Պարբերականը նշում է, որ վերջերս համացանցում հայտնվեց տեղեկություն, որ 2022-ի ձմռանը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում օտարերկրացիները հնարավորություն կունենան օգտագործել այդ ֆինանսական գործիքը:
Մեծածախ օգտագործման համար լավագույն 10 CBDC վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Թաիլանդի իշխանությունների նախագիծը: Տեղական կարգավորիչները ֆինանսական գործիքի փորձարկում էին կազմակերպել 2020-ի ամռանը: Վարկանիշի երկրորդ տեղում Հոնկոնգի նախագիծն է, երրորդում` Սինգապուրը ներկայացնող CBDC-ն:
Լուսանկարը՝ https://www.pwc.com
Փորձագետները գնահատել են նախագծերը` ելնելով դրանց պատրաստվածության մակարդակից եւ տեխնիկական հնարավորությունների վերլուծությունից:
Վերլուծաբանները նշել են, որ 2021թ. ապրիլի վերջի դրությամբ ամբողջ աշխարհի ավելի քան 60 կենտրոնական բանկեր մասնակցում են CBDC-ի գործարկման մրցավազքին: PwC-ի ֆրանսիական ստորաբաժանման ներկայացուցիչ Բենուա Սյուրոն կարծում է, որ կենտրոնական բանկերի թվային արժույթները կթարմացնեն հաշվարների համակարգը ֆինանսական շուկաներում:
Նյութի սկզբնաղբյուրը` Banks.am: