Ներկայացնում ենք Futures Studio-ի հիմնադիր գործընկեր Դավիթ Թավադյանի անցակացրած հարցազրույցը։
Չի հրապարակվել այն մարդու անունը, որի հետ անցկացվել է այս սեղմ հարցազրույցը` նվիրված միջազգային իրավունքի, միջազգային կազմակերպությունների և աշխարհաքաղաքականության ներկայիս հարցերին: Նա աշխատել է ազգային և միջազգային կազմակերպություններում, նշյալ թեմաներով հրապարակել մի շարք հոդվածներ և գրքեր, այժմ էլ ղեկավար պաշտոն է զբաղեցնում առանցքային միջազգային կազմակերպություններից մեկում: Հարցազրույցը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 5-ին:
Դավիթ Թավադյան. Աշխարհաքաղաքականության մեջ մասնագիտացած քաղաքագետները պնդում են, որ Միացյալ ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ըստ էության անօգտակար և հեռանկար չունեցող կազմակերպություն է: Աշխարհի գերտերություններն ինչ ուզում, այն էլ անում են, և ՄԱԿ-ն առանձնապես լծակ չունի նրանց կանգնեցնելու համար: Համաձա՞յն եք այս տեսակետին:
Գաղտնի հյուր. ՄԱԿ-ին հաճախ մեղադրում են անարդյունավետ ու դանդաղ լինելու մեջ. ՄԱԿ-ի ձախողումները Ռուանդայում և Բոսնիայում, խաղաղապահների գործողություններով պայմանավորված Հայիթիում տարածված խոլերայի համավարակը, Մյանմարում ռոհինջա մուսուլման ժողովրդի ցեղասպանությունը, Սիրիայում, Լիբիայում և Եմենում հակամարտությունները, Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային նկրտումները կանխելու և զսպելու անկարողությունը, աշխարհում փախստականների խնդրի լուծումը, Իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելը, ՄԻԱՎ-ի ու մալարիայի, ծայրահեղ աղքատության և անհավասարությունների վերացումը, Անվտանգության խորհրդում պարբերաբար առաջացող հակասությունների հաղթահարումը և այլն:
Սակայն, այս ամբողջ քննադատությունը հիմնված է ՄԱԿ-ի էության և դրան վերապահված դերի խորքային թյուրըմբռնման վրա: ՄԱԿ-ը չի կարող պատասխանատու լինել ինքնիշխան պետությունների քաղաքական որոշումների համար: ՄԱԿ-ը նման է դատարկ ավտոբուսի, որի ճանապարհն ու վերջնահանգրվանը որոշում են իր ուղևորները կամ անդամ-պետությունները:
Քանի դեռ միջազգային իրավակարգն առաջնայնորեն հիմնված է պետությունների սուվերեն հավասարության սկզբունքի վրա՝ օրենքի գերակայության սկզբունքի փոխարեն, ՄԱԿ-ի հաջողությունը լիովին կախված է իր անդամ-պետությունների աջակցությունից:
ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված է, որ կազմակերպությունն ստեղծվել է չորս հիմնական նպատակներով՝ (1) «պահպանել միջազգային խաղաղություն և անվտանգություն», (2) «զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև», (3) «հասնել միջազգային համագործակցության գլոբալ խնդիրների լուծման հարցերում և խթանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները», (4) «դառնալ ազգերի գործողությունների համաձայնեցման կենտրոն այս ընդհանուր նպատակներն իրագործելու ճանապարհին»:
Այս չորս նպատակները պետք է ծառայեն ՄԱԿ-ի արդյունավետության ցուցիչներ: Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը ՄԱԿ-ի առաջնային պատասխանատվությունն է: Մնացյալ երեք նպատակները կապված են նախկին գաղութների ինքնորոշման, մարդու իրավունքների և զարգացման հետ: Սրանք ՄԱԿ-ի երկրորդական նպատակներն են:
Խաղաղության և անվտանգության պահպանում
ՄԱԿ-ի Կանոնադրությունն ասում է, որ կազմակերպությունը գերազանցապես ստեղծվել է «փրկելու գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը»:
Այլ կերպ ասած, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն էր կանխել երրորդ համաշխարհային պատերազմի ծավալումը: Ինչպես իր հանրահռչակված խոսքում նշել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Դագ Համարշոլդը, «Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծվել է ոչ թե մեզ դրախտ տանելու, այլ մեզ դժոխքից փրկելու համար»:
Թեև ճշմարտացի է, որ աշխարհի տարբեր կետերում շարունակում են ի հայտ գալ զինված հակամարտություններ, այդ մարդկային ողբերգությունները հակամարտությունների այն տեսակները չեն, որոնց կանխարգելման համար ստեղծվել է ՄԱԿ-ը:
1946 թվականից ի վեր զինված հակամարտություններով պայմանավորված մահերը շարունակականորեն նվազել են, և կռվի դաշտում մահերի գերակշիռ մեծամասնությունն արդյունք է ներպետական բախումների կամ քաղաքացիական պատերազմների, թեև որոշ դեպքերում մեկ այլ պետության դրվագային մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է խաղաղապահ գործողություններին, ՄԱԿ-ի հաջողությունը ոչ միանշանակ է: Դժվար է հստակ չափորոշիչներով համակարգված չափել ՄԱԿ-ի ընդհանուր արդյունավետությունը, քանի որ խաղաղապահության համատեքստում չկան հաջողության կամ ձախողման համընդհանուր ընդունելի սահմանումներ: 1945 և 2020 թվականների միջակայքում ՄԱԿ-ը մոտավորապես իրականացրել է յոթանասուն խաղաղապահ առաքելություն: Ներկայումս այն տասնչորս խաղաղապահ գործողություն է իրականացնում աշխարհում՝ հարյուր հազար խաղաղապահների ներգրավմամբ:
ՄԱԿ-ը նաև ներդրում է բերում միջազգային խաղաղության գործին իրավական վեճերի կարգավորման իր մարմնի՝ Արդարադատության միջազգային դատարանի միջոցով: Դատարանը մեծաքանակ գործերով որոշումներ է կայացրել, մասնավորապես՝ հարևան պետությունների միջև տարածքային և ծովային վեճերի մասով՝ այդպիսով մեղմելով լարվածությունը և զինված հակամարտությունների հավանականությունը:
Ապագաղութացում, մարդու իրավունքներ և զարգացում
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի երկրորդական դերին, ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող ապագաղութացման գործընթացի արդյունքում աշխարհի բնակչության գրեթե մեկ-երրորդն անկախություն է ձեռք բերել: Իհարկե, կարևոր էր նաև գաղութացված ժողովուրդների՝ սեփական անկախության համար պայքարելու մղումը, որը չի կարելի անտեսել: Այդուհանդերձ, առանց ՄԱԿ-ի ապագաղութացումն այդքան արագ տեղի չէր ունենա:
Գլխավոր ասամբլեան հրաշալի «ամոթի» հարթակ էր, որը ԽՍՀՄ-ն և իր դաշնակիցներն օգտագործեցին Եվրոպայի գաղութարար տերությունների վրա ճնշում գործադրելու և նրանց իրենց գաղութներից պոկելու նպատակով:
Միջազգային համագործակցության դարաշրջանում ՄԱԿ-ը և նրա մարմինների ցանցը համեմատաբար ավելի լավ են կարողանում իրականացնել իրենց առաքելությունները, թեև պահանջվածից փոքր-ինչ ավելի թանկ գնով: Մասնավորապես, ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է պատվաստանյութեր մատակարարել աշխարհի երեխաների 45 տոկոսին՝ ամեն տարի փրկելով երեք միլիոն կյանք: 1946 թվականին իր ստեղծումից ի վեր այն փրկել է շուրջ իննսուն միլիոն երեխաների կյանքեր:
ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը), որը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է, կարևորագույն դերակատարում է ունեցել ջրծաղիկի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում: Այն համակարգում է համավարակների դեմ մի շարք երկրների պայքարի ջանքերը: Ամեն տարի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) օգնում է քսանհինգ միլիոն կանանց ծննդաբերել առանց ծննդաբերական բարդությունների: Սրանք միայն մի քանի օրինակներ են:
Դավիթ Թավադյան. Հաճախ ասում են, որ փոքր երկրների կամ պետությունների համար աշխարհաքաղաքականության ամենակարևոր օրենքներից է չզայրացնել իրենց հարևանությամբ գտնվող գերտերությանը: Ես կասեի, որ այսօր աշխարհում կա երեք ռազմական գերտերություն՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը: Սա նշանակում է, որ փոքր պետությունները, որոնք գտնվում են այս գերտերությունների ազդեցության գոտիներում, պետք է մեծ ջանքեր գործադրեն նրանց հետ ամուր բարեկամական հարաբերություններ կառուցելու համար: Այլապես, այս գերտերությունները կարող են մեծ խնդիրներ ստեղծել նրանց համար: Համաձա՞յն եք այս պնդմանը:
Գաղտնի հյուր. Հարևանիդ հետ լավ հարաբերություններ ունենալը միշտ էլ իմաստուն է, հատկապես եթե հարևանդ հզոր է: Այդուհանդերձ, հզոր հարևանին հաճոյանալու ցանկությունը չպետք է թելադրի երկրի արտաքին քաղաքականությունը:
Շատ երկրներ կան, ներառյալ Շվեյցարիան, Ավստրիան, Ֆինլանդիան և Շվեդիան, որ չեն ապավինում հարևան գերտերությանը և չեն հանդիսանում հավաքական անվտանգության դաշինքների կամ համակարգերի անդամ, ինչպիսին օրինակ ՆԱՏՕ-ն է:
Միջազգային հարաբերություններում, ինչպես և մարդկային հարաբերություններում, հարգված լինելու համար նախ պետք է հարգես ինքդ քեզ և մյուսներին: Պետության դեպքում հարգել ինքդ քեզ նշանակում է ունենալ ներքին սահմանադրական կարգ՝ հիմնված օրենքի գերակայության և ժողովրդավարական արժեքների վրա: Հարգել մյուսներին նշանակում է բարեխղճորեն կատարել միջազգային պարտավորություններդ: Այս երկու հիմնարար ընկալումները պետք է առաջնորդեն ժողովրդի վարքը, որը ձգտում է միջազգային ասպարեզում հարգանք վայելել:
Եթե փոքր պետությունները չեն հարգում վերոնշյալ սկզբունքները, ունեն կոռումպացված կառավարություններ, առանձնապես չեն հարգում օրենքի գերակայությունը, նրանք վերջիվերջո սկսում են ապրել ջունգլիի օրենքներով: Այս դեպքերում ազդեցության գոտիները, ինչպես Դուք նշեցիք, դառնում են տեղին:
Դավիթ Թավադյան. Թուրքիան լարված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Ֆրանսիայի հետ, ինչը, հավատացած եմ, խաթարում է վստահությունը ՆԱՏՕ-ի ներսում: Այդ առումով ի՞նչ կարող է շահել Հայաստանի նման փոքր պետությունը ՆԱՏՕ-ին անդամակցելուց:
Գաղտնի հյուր. Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու դրդապատճառ չունի: Պետք է հիշենք, որ ՆԱՏՕ-ի հիմնական նպատակակետը Ռուսաստանն է՝ երկիր, որը Հայաստանի համար որևէ ռիսկ կամ սպառնալիք չի ներկայացնում: Հակառակը, Ռուսաստանը հաճախ եղել է Հայաստանի դաշնակիցը: Հայաստանի ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ-պետություն է:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար կազմակերպության կանոններին, ապա Հյուսիսատլանտյան պայմանագիրը կիրառելի չէ ՆԱՏՕ-ի երկու կամ ավելի դաշնակիցների միջև հակամարտությունների պարագայում: Փաստացիորեն, Թուրքիայի և Հունաստանի միջև տարածքային խնդիրը տասնամյակների պատմություն ունի, թեև երկու պետություններն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: Ուստի, ՆԱՏՕ-ին անդամակցությունը իրականում չէր չեզոքացնի Հայաստանի առաջ կանգնած հիմնական ռիսկն ու սպառնալիքը:
Ամեն դեպքում, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը չնչին է: Հյուսիսատլանտյան պայմանագրի տասներորդ հոդվածը պահանջում է դաշնակից պետությունների «միաձայն համաձայնություն», որպեսզի որևէ այլ եվրոպական պետություն կարողանա միանալ Պայմանագրին: Թուրքիան, ըստ ամենայն հավանականության, դեմ կլինի Հայաստանի անդամակցությանը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ներսում Թուրքիայի ստեղծած խնդիրներին, Հյուսիսատլանտյան պայմանագիրը չի նախատեսում դրույթներ, որոնցով կարելի է երկրին հեռացնել դաշինքից: ՆԱՏՕ-ի ցանկացած պետություն կարող է դադարեցնել իր մասնակցությունը Պայմանագրին, բայց չի կարող վտարվել դրանից: Ուստի, Թուրքիայի քաղաքական լարված հարաբերությունները Ֆրանսիայի կամ Հունաստանի հետ չեն կարող հանգեցնել ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարման:
Դավիթ Թավադյան. Ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի ներկայիս կառավարությանը միջազգային իրավունքի տեսանկյունից:
Գաղտնի հյուր. Իմ խորհուրդն է Հայաստանում շարունակել ամրապնդել օրենքի գերակայությունը: Հայաստանը պետք է իրականացնի սահմանադրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կսահմանափակեն կառավարության իշխանությունը: Դրա համար անհրաժեշտ է ունենալ կուռ, անկախ, անաչառ, լավ վարձատրվող և հասանելի դատական համակարգ: Վարչական և քաղաքացիական դատական ատյանները պետք է հեշտ հասանելի լինեն բոլորին, իսկ ընթացակարգային կանոնները պետք է պարզեցվեն, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողանա վիճարկել կողմնակալ կամ անհամաչափ որոշումները:
Օրենքները և բողոքարկելու մեխանիզմները պետք է հասանելի լինեն հանրությանը և լայնորեն հանրայնացվեն: Հայաստանը իր դատական իշխանության անկախությունն ու անկողմնակալությունը երաշխավորելու համար պետք է ստեղծի դատական խորհուրդ, որը վերահսկողություն կիրականացնի դատական համակարգի նկատմամբ և կապահովի դատավորների դիսցիպլինար հաշվետվողականության համակարգի աշխատանքը:
Բարեփոխումները պետք է նախատեսեն նաև օրենսդրություն, որի շրջանակներում օրենքի ուժով հնարավոր կլինի պետական ծառայողներին հաշվետվողականության դաշտ բերել: Դա ենթադրում է կառավարության իշխանության նկատմամբ ոչ պետական վերահսկողության մեխանիզմների կիրառում, որը կարող է բաղկացած լինել խոսքի ազատության սահմանադրական երաշխիքներից, ազատ մամուլից և տեղեկատվություն տարածողների պաշտպանությանն ուղղված քայլերից։
Կառավարության որոշումները պետք է իրականացվեն առանց կողմնակի միջամտությունների, ներառյալ՝ Հայաստանի վարչապետի կամ կառավարության կողմից: Վարչարարական վարույթները պետք է իրականացվեն առանց անտեղի ձգձգումների: Պաշտոնական տվյալներին հասանելիություն ապահովող օրենքները և տեղեկատվություն ստանալու իրավունքը նույնպես կարևոր են:
Հայաստանը պետք է բարելավի իր դիրքերը հիմնարար իրավունքների և ազատությունների առումով: Օրենքներն ու կանոնակարգերը պետք է երաշխավորեն հավասարություն և արգելեն խտրականությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, եթե խոսքը լիցենզիաների, թույլտվությունների և այլ արտոնությունների տրամադրման մասին է, որտեղ հնարավոր են իշխանական լիազորությունների չարաշահումներ:
Միջազգային ասպարեզում Հայաստանը պետք է բարեխղճորեն կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ որքան էլ դա ցավալի լինի: Ռազմական տեսանկյունից Հայաստանի նման թույլ պետությունները պետք է մեծ հետաքրքրվածություն ունենան օրենքի գերակայության առաջմղման հարցում, քանի որ դա նրանց պաշտպանում է իրենց «ոչ կիրթ» հարևաններից:
Հայաստանը պետք է աշխատի վերացնել ազգայնականությունն ու արմատական դիսկուրսը, ինչը կարող է սնել զինված բախումներ: Եվս մեկ ռազմական հակամարտությունը Հայաստանին մի քանի տասնամյակ հետ կշպրտի:
Ես շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց իմ իմացածից կարող եմ ասել, որ Հայաստանը կարող է ունենալ հրաշալի ապագա, եթե դրվեն ճիշտ հիմքեր և կիրառվեն ճիշտ մեխանիզմներ: