Վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.0%։ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-1.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
Սպառողական գների փոփոխություններն ըստ սպառման հիմնական խմբերի
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե
Սննդամթերքի գներ
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ 0.9% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճերը: Մրգի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ`6.9% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 24.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.3% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 62.2%, իսկ 2020թ. փետրվարի համեմատ՝ 8.7%): Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 40.9%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16.5%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնաճ: Ձվի գինը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ աճել է 78.2%-ով, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 8.1%-ով:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.8% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնաճ: Ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է 9.0%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.9%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 9.6% և 1.9%:
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գրանցվել է 9.4%, 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.6% և 14.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.2% և 1.6%):
2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի կակաոյի 0.7% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 4.7% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գներ
2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.4%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.8%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 1.1%, դեղագործական ապրանքների, ոսկերչական զարդերի՝ 1.2%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.4%, վառելանյութերի և քսանյութերի՝ 1.5%, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.6%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.7%, հագուստի՝ 2.4%, մաքրող, լվացող միջոցների 2.9% գնաճ:
2021թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 8.2% և 11.2%-ով։ 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 4.9% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 4.9%-ով: 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 14.0% և 18.1% գնաճ:
Ծառայությունների սակագներ
Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է սակագների 2.2%, իսկ 2021թ. փետրվարի համեմատ՝ 0.5% հավելաճ: 2021թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գների 3.1% հավելաճ:
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե
Արտարժույթի շուկա
2021թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.0% և 0.8% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2021թ. մարտին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.8% և 1.7% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.7% և 2.3% հավելաճ: 2021թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 527.7 դրամ, ինչը 7.9%-ով բարձր է 2020թ. մարտի համապատասխան ցուցանիշից (489.0 դրամ):